Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա ընթացքում կրքոտ քննարկումների մթնոլորտում անցած թեմաներից մեկը Ազգային ժողովում վարչապետի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու հանրային նախաձեռնության շուրջ էր: Խորհրդարանական «Հայաստան» դաշինք եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, իմպիչմենթի նախաձեռնության հեղինակներն ու այդ ակցիային աջակցող շրջանակները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Տպավորություն է, թե նույն գործով շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը հակված է վարչապետի հանդեպ անվստահության գործընթացի ենթադրյալ ձախողման համար մեղադրել մյուսին: Պակասում է ոչ միայն ինքնավստահությունը, այլեւ փոխադարձ վստահությունը:
«Հայաստան» դաշինքը գտնում է, որ այս պահին իմպիչմենթ մեկնարկելու հիմքերը թույլ են՝ մինչեւ վերջ պատշաճ կերպով չուսումնասիրված ու չհաշվարկված: Բացի դրանից, ըստ ԱԺ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի, առանց փողոցում ձեւավորված հզոր համաժողովրդական ճնշման, անհնար է իմպիչմենթի հաջողության համար անհրաժեշտ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Այդուհանդերձ՝ մայիսի 2-ին տարածած հայտարարության մեջ ընդդիմադիր դաշինքը վերահաստատում է, որ պատրաստ է տրամադրելու իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները, «եթե գործընթացի նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը»:
Միաժամանակ «Հայաստանը» ուզում է հասկանալ, թե ինչ իրական նպատակներ ունի նախաձեռնությունը, քանի որ հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում եւ, ըստ էության, քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենթի հավանական ձախողման եւ դրա հետեւանքների համար։ Այստեղ հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանը վարչապետի նկատմամբ ողջամիտ ժամկետում իմպիչմենթ նախաձեռնելու առաջարկով դեռ ապրիլի 28-ին ԱԺ նամակների բաժին էին հանձնել 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ:
Իր հերթին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին պատրաստ է միանալ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ինչի մասին մայիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով՝ այս պահին միակ խնդիրը, որն իրենց ետ է պահում համապատասխան փաստաթուղթը ստորագրելու եւ մուտքագրելու գործընթացից, վարչապետի թեկնածու չունենալն է։ Մամիջանյանը շեշտում է՝ իրենց նպատակն «իշխանափոխությունն է, այլ ոչ թե իշխանության հասնելը»: Բնականաբար՝ վարչապետի նոր թեկնածուի առկայությունը օրենսդրորեն իմպիչմենթի պարտադիր պայմանն է:
Տիտղոսակիր ընդդիմության զգուշավորությունը, որը տարբեր մեկնաբանությունների, շշուկների տեղիք է տալիս, կարելի է հասկանալ: Սրանում պետք չէ դավադրություն փնտրել, թե ընդդիմությունն իշխանության հետ համագործակցում է եւ այլն: Ակնհայտ է, որ իմպիչմենթի նախապատրաստության կազմակերպչական մասը պարզապես կաղում է: Սա գործընթաց է, որի ճանապարհային քարտեզը պետք է մանրազնին քննարկումների «միջով» անցնի, որպեսզի իրատեսական համոզմունք ձեւավորվի գործընթացի հաջող ելքի առումով: Պատահական չէ, որ իմպիչմենթը հաճախ համեմատում են զենքի պահունակում առկա մեկ փամփուշտի հետ, որով պետք է խոցել թիրախը: Հենց վրիպեցիր՝ պարտվում ես:
Մինչ Երեւանում խորհրդարանական ընդդիմությունը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էր մեկնարկել՝ փորձելով իշխանությունից զրկել Փաշինյանին, ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ՔՊ թիմի կարկառուն ներկայացուցիչները ջանում էին խորամանկորեն իշխանազավթում իրականացնել: Ըստ երեւույթին, իշխող քաղաքական ուժը չի կարողանում հաշտվել ավագանու՝ մարտի 30-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններում կրած իր պարտության հետ եւ ուզում է կեղտոտ տեխնոլոգիաների գործադրմամբ՝ Գյումրիում յուրացնել ժողովրդի քվեն, ինչի փորձն ունի: Շատ հակիրճ անդրադառնանք բազմաթիվ օրինակներից մեկին:
Ամենատիպականը, թերեւս, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ կապված չորս տարվա վաղեմության դիպվածն է: Ասլանյանին կալանավորել էին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա գլխավորած դաշինքը 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում ստացել է ամենամեծ թվով քվեն՝ հետեւում թողնելով ՔՊ-ի թեկնածուին: Դեկտեմբերի 17-ին նշանակված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ Ասլանյանը պիտի վերընտրվեր քաղաքապետի պաշտոնում: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ. նիստից մեկ օր առաջ նա կալանավորվեց, ապա շինծու մեղադրանքով դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի 4 ամիս ժամկետով:
Գյումրիում, կարծես թե, բովանդակությամբ նույն ռազմավարական նպատակն է, բայց ձեւով՝ ավելի «փափուկ»: Կտրուկ քայլերի, փառք Աստծո, առայժմ չեն գնում՝ ՔՊ-ի ցածր վարկանիշն այդպիսի շռայլություն հիմա չի կարող թույլ տալ: Երբ ասվում է «փափուկ»՝ պետք է նկատի ունենալ, օրինակ, «մանդատագողությունը», որը ՔՊ-ն կիրառել է տաբեր համայնքներում: Հիմնավոր կասկած կար, որ ուզում է մանդատ գողանալ նաեւ ավագանու «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքից, որի մանդատների թիվը 19-ն է՝ իշխանական խմբակցության 14-ի դիմաց: Մտածում է՝ նախ «կգողանա» 1 մանդատ, հետո՝ եւս 2-ը, ու իր մանդատների թիվը կդարձնի 17, ընդդիմադիր դաշինքինն էլ կպակասի 3-ով ու կդառնա 16: Դա ՔՊ-ին թույլ կտա քաղաքապետ դարձնել սեփական թեկնածուին:
Հիմա՝ ի՞նչ ասել է «մանդատագողություն»: Գյումրիում մայիսի 6-ին նման մի փորձ կատարվեց եւ, բարեբախտաբար, ձախողվեց: ՔՊ-ին հաջողվել էր ավագանու ընդդիմադիր անդամներից մեկին՝ Կարեն Բադալյանին համոզել որեւէ պատճառաբանությամբ ինքնաբացարկի դիմում գրել: Վերջինս մի փոքր չեմուչեմ անելուց հետո համաձայնվեց՝ պայմանով, որ դիմումը կդնի արարողակարգային շրջանառության մեջ եւ 7-օրյա ժամկետը չլրացած՝ նոր դիմումով հետ կկանգնի ինքնաբացարկի մտքից եւ ցանկություն կհայտնի ավագանիում գործել որպես անկախ անդամ: Բայց «գործարքը» խափանվում է:
…Բարձրացած աղմուկից հետո «Մեր քաղաքը» դաշինքը Բադալյանի ինքնաբացարկի դիմումն առանց հետաձգելու գործի մեջ է դնում, ու Գյումրու թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը հաջորդ օրը հրավիրված նիստում ընդունում է նրա ինքնաբացարկի դիմումը: Այսինքն՝ հանձնաժողովը, ընդունված կարգի համաձայն, ավագանու նոր անդամի մանդատը «Մեր քաղաքը» դաշինքի ընտրացուցակի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին փոխանցելու որոշում է կայացնում: Բադալյանը դուրս է մնում ավագանու կազմից եւ գլխիկոր հեռանում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրեւոստը ՝ ընդունելով Լեւոն (Լեո) 14-րդ անունը։ Քիչ առաջ նա ողջունեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ դառնալով 1.4 մլրդ կաթոլիկների առաջին ամերիկացի Պապը։ Չիկագոյում ծնված 69-ամյա Պրեւոստը միսիոներական կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում եւ կարդինալ է դարձել միայն 2023թ.ին։ Նա հազվադեպ է հանդես գալիս հանրության առջեւ, մինչ օրս եզակի հարցազրույցներ է տվել ԶԼՄ-ներին։ Այժմ նոր Պապը դեռ պետք է հայտարարի՝ շարունակո՞ւմ է Ֆրանցիսկոսի բարեփոխական ճանապարհը, թե՞ առավել հակված է պահպանել ու ամրապնդել Կաթոլիկ եկեղեցու հին ավանդույթները:
Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է եւ պատրաստ կլինի 10 ամսից. այս մասին մայիսի 7-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Կառավարության անդամից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք խորհրդի անդամները քննարկել են Մայր օրենքից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու հարցը: Գալյանը կարճ արձագանքել է. «Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռեւս տեքստը մշակման փուլում է»։ Ավելի վաղ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Նիկոլ Փաշինյանը հստակ շեշտել էր՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է:
Վաղարշապատի ոստիկանության բաժնում Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 7-ին հատուկ միջոցառում է իրականացրել, կան ձերբակալվածներ: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը «Ազատությանը» հայտնել է, որ իրավապահները գործողություններն իրականացրել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ «Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ դեռեւս չենք հայտնում»,- ասել է կոմիտեի մամլո խոսնակը: Թե ինչ գործ են կոծկել Վաղարշապատի ոստիկանները, իրավապահ կառույցից չեն հայտնում:
ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Դենդիասը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման եւ այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը:
«Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու կասկածի հիմքով կա մեկ ձերբակալված. նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,- հայտնել է ՆԳՆ խոսնակը: Դեպի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Գեւորգ Ստեփանյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ մեքենան կրակի են տվել բենզինով: Նա այստեղ քաղաքական դրդապատճառ է տեսնում: