Tuesday, 25 September 2018

W Weekly Update

Հոկտեմբերի 7-14

ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 7-ին ավարտվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը: Եզրափակիչ՝ կրակային փուլին հետեւել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների եւ ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի բարձրաստիճան զինվորականներ:

«Որոնում-2017» մարտավարա-մասնագիտական զորավարժությանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավված էր ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության եւ ՌԴ զինված ուժերի ռադիոէլեկտրոնային եւ ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային եւ հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

Հոկտեմբերի 8-ին Արցախ էին այցելել ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի մի խումբ անդամներ, որոնց ընդունել էր ԼՂՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Մասիս Մայիլյանը: Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի եւ Սենատի համատեղ բանաձեւի ընդունման կարեւորությունը եւ համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը մեծ ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնեւում, հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2016 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում: Դա եռակողմ հանդիպում էր՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի եւ էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիի հետ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հոկտեմբերի 10-ին Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից եւ վստահությամբ նշել, որ երկու հարեւան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ:

Այցի առաջին օրը Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

Հոկտեմբերի 11-ին Սոչիում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցեց աշխատանքային այցով այսօր  ՌԴ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվեցին քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում եւ ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Ավելի ուշ կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 12-ին հաստատեց Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը։ Ըստ համաձայնագրի, վարկն օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն եւ զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Համաձայնագրում նշվում է, որ 100 միլիոն դոլար վարկով զենք ձեռք բերելու համար Հայաստանի պաշտպանության նախարարության եւ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ի միջեւ կստորագրվեն առանձին պայմանագրեր։

Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Փաստաթղթերում նշվում է, որ երկու պետությունների կառավարության միջեւ նմանատիպ վարկային համաձայնագիր ստորագրվել է նաեւ 2015 թվականի հունիսի 26-ին, որն այժմ գործում է․խոսքը 200 միլիոն դոլար վարկի մասին է։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստերին, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության (ՄՄ) 137-րդ վեհաժողովին: ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում էին խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Խոսրով Հարությունյանը, Շաքե Իսայանը եւ Լենա Նազարյանը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով կապահովվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը եւ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:

20 September 2018
14 September 2018
07 September 2018
01 September 2018
24 August 2018
18 August 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am