Wednesday, 04 December 2024

I Interview

Արմինե Ղազարյան. «Եթե առաջներում կայծակով են վախեցրել, ապա հիմա՝ մի մարդու կամ «մենք»-ի անփոխարինելիությամբ»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

– Տիկին Ղազարյան, ՔՊ ավագանու ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ասել էր, թե իրենց դեմ խաղ չկա: Հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ է նա զուտ էմոցիաների ազդեցության տակ նման տեսակետ արտահայտել:

– Այս միջադեպի մասին բավականին շատ խոսվեց և բազմակողմանի, ինչպես և սպասելի էր։ Հետաքրքիր է, կարելի է ասել՝ հեղափոխությունը դեռ շարունակական վիճակում է, և մի օտար խոսք կամ «մարմին», կամ «արարք» (կարևոր չէ՝ ում կողմից) մարդկանց վրա տարիներով նստած վերքի վրա է սեղմում, և ընդվզում են։

Թեկնածուն ցանկացել է խոսքն էմոցիոնալ ներկայացնել, ըստ երևույթին, որ «դրայվ» մտցնի։ Այդքան բացասական արձագանք չէր լինի, եթե մենք նմանատիպ ասացվածքների հետ կապված վատ ասոցիացիաներ և օրինակներ չունենայինք։

Այդ «մենք-ն ու «նրանք»-ը հասարակությունը, մարդիկ ապրել են որպես մշտապես գոյություն ունեցող բացասական կարծրատիպ և հիմա հազիվ ձեռք են բերել իբրև հնարավորինս միասնականություն։ Այս կարծրատիպի ծանրությունը զգացել ենք թե՛ այն ժամանակ, երբ մենաշնորհ էր՝ մեզ կարելի էր, ձեզ՝ ոչ, թե՛ քաղաքական ու քաղաքացիական պայքարի ժամանակ, երբ ոստիկանին ու ժողովրդին բաժանում էին «մենք»-ի ու «նրանք»-ի, ինչպես Մարտի 1-ին. մենք՝ լավերս, ընտրյալներս, ու դուք կամ նրանք՝ Ազատության հրապարակում՝ թմրամոլ, իրավախախտ զանգված, նույնիսկ հոգեբանի շուրթերով էին արտաբերում։ Շատ պարզ թվացող այդ բաժանման տակ իրականում ավելի վատ խորքային մեխանիզմներ են։ Բաժանումն անելով ու «մենք»-ը պայծառացնելով, «նրանք»-ը նվաստացնելով՝ թույլ ենք տալիս այդ «նրանք»-ի վրա բռնանալ։ Այնքան շատ են այդ շերտավորման հետևանքներն այս տարիների ընթացքում, տրավմատիկ ու բարդույթավորված։ Իրականում սա է։

Ինչո՞ւ է աղմուկը, քանի որ բոլորը դա ապրել են որոշակիորեն և դրանից են ազատվում։

Թե որքանով է թեկնածուն էմոցիոնալ կամ մտածված, կարծում եմ՝ էմոցիայի հարց չկա, էմոցիան կառավարելու խնդիր չի, գիտակցության կառավարման հարց է, զգուշության ու դաշտերի սիմվոլիկայի հարց։ Այն, ինչ թեկնածուի մասնագիտական հմտությամբ ու լեզվամտածողությամբ աշխատող է, նույնը քաղաքական լեզվում վուլգար է և վտանգավոր, այսքանն է. առնվազն Հայկ Մարությանի համար մի անհաջող փորձ էր, և գուցե ավելի լավ, որպեսզի ավելի շուտ ուսումնասիրի ոլորտը, դաշտը, ուր մտնում է։

– «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»,- հայտարարել է Հայկ Մարությանը: Սա արդյոք մտնո՞ւմ է հեղափոխության տրամաբանությաւն մեջ, մի՞թե սա բնորոշ չէր հենց նախկին իշխանություններին՝ սևսպիտակի բաժանումը:

– Մասնակիորեն այս հարցին վերը պատասխանեցի, եթե ավելի մասնավորեցնեմ՝ սա քաղաքական տեխնոլոգիա է, առասպել, որը բոլոր ժամանակներում գործածում են, և որին այսօր շատ ուշադիր հետևողներ կան, որ չլինի։ Ասեմ՝ ինչու։

Նախ՝ ուզենք թե ոչ, գոյություն ունի ներտեսակային ագրեսիա, ու պատմության մեջ ունեցած, մեղմ ասած՝ ներհայկական անհամաձայնությունները բարդույթի պես գոյություն ունեն հավաքական անգիտակցականում, և ներկայում «սեղմելով» համապատասխան առասպելի վրա և այն ակտիվացնելով՝ անուղղակի և ուղղակի թուլանում է հասարակության միօրգանիզմությունը, միասնականությունը:

Երկրորդ՝ հասկանալի է, որ քաղաքական սցենարում առասպելականության առանձնահատկություններից կարևորագույնը պայքարն է Բարու և Չարի կամ Սևի ու Սպիտակի միջև, առանց որի ցանկացած տեսություն կորցնում է իր հմայքը։ Երբ սյուժետային տարբերություններն անհետանում են, առասպելը կորցնում է իր ազդեցությունը գիտակցականի վրա։ Դրանից բխում է այն, որ արդիական մնալու համար պետք է «լավ սնել» առասպելը, որի դեպքում էլ այս կամ այն դաշտից քաղաքական գործիչներն ամենաագրեսիվ և անհանդուրժողական կեցվածքով են ներկայանում. ով ամենաուժեղն է հայհոյում՝ նա ամենաընդդիմադիրն է կամ ամենաիշխանականը։

Երրորդ՝ ցանկացած նման «միֆի», առասպելի գործածման փորձ տանում է հետ, այսինքն՝ քաղաքական որևէ ուժի ձեռնտու կարծրատիպի խարսխում ժողովրդավարական արժեքային համակարգի խոչընդոտ է։ Ինչո՞ւ, քանի որ քաղաքական որոշ հարցերին իշխանությանը հարմար ձևակերպում է տրված եղել՝ որպես միակ ու բացարձակ ճշմարտություն, դարձրած անձեռնմխելի ու էդպես տարածած, որ նույնիսկ մարդկանց մտքով չի անցել, որ դա կարող է մեկ վայրկյանում փոշիանալ։

Ընդհանրապես, բոլոր ժամանակներում էլ նույն սխեման է գործում, թեման էլ նույնն է՝ պահպանել իշխանությունը։ Կրկին, եթե առաջներում կայծակով են վախեցրել, հիմա էլ մի մարդու կամ «մենք»-ի անփոխարինելիությամբ ինչ-որ հարցում կամ ոլորտում։

Սա եղել է, հրաժարվել ենք սրանից, դրա համար մեզ նոր արժեքներով սնել է պետք։ Մարդիկ հասկանում են՝ հին ձևերը վատն են, թոթափում են, նորերը դեռ տձև են, չգիտեն՝ տեղավորվեն հին մշակույթի մե՞ջ, թե՞ նոր ձևով վարվեն, իսկ եթե նորը չհաջողեն՞, իսկ եթե նորը հանկարծ ծիծաղաշարժ թվա՞։ Իսկ միգուցե կան այնպիսիք, որ չընդունելով էլ հին արժեքայինը՝ իներցիայով դրա կրողն են, այլ վարքի ու մտքի չափանիշ չունեն իրենց ենթագիտակցական փորձում. օրինակ՝ կրկին աղմուկ հանած միջադեպերը կրթության ու գիտության նախարարի հետ կապված։ Խորհրդային ժառանգությամբ՝ իներցիայով շարք կանգնած, իրենց հարգանքն այդպես դրսևորելով դպրոցի ուսուցիչների կողքով նույն համապատասխան արժեքային համակարգի իներցիա էլ դրսևորեց նախարարը։

Զգուշորեն ու գիտակցելով պիտի վերանայենք՝ հին առասպելներից հրաժարումը որպես զարգացման պայման, և առավել ևս չստեղծենք կեղծ միավորող, միասնականություն ապահովող բառաֆոնդ ու կարծրատիպ։

Ընդհանրապես, ըստ Ձեզ, որքանո՞վ է գիտակցվում, որ Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է, որքանո՞վ է գիտակցվում ծրագրերի անհրաժեշտությունը, թե՞ դեռ հանրությունը պատրաստ չէ ծրագրերի միջև ընտրություն անելու։

– Գիտեք, եթե մի շարք հարցերում բավականին զգայուն և առաջ են հասարակությունը, մարդիկ, ապա մի շարք լրջագույն հարցեր կան, որոնց նկատմամբ ապշեցնում են իրենց հարմարվողականությամբ։

Նախորդները ուղղակի վերացրին քաղաքական բանավեճերի, քննարկումների մշակույթը, որը, կարծում եմ, կարևորագույններից մեկն է ուժերի իրենց ներկայացման մեջ։ Կեղծ պատկերացումներից դուրս գանք՝ մշտապես մեզ համար ստեղծած այն առասպելից, որ մարդիկ կարդում են նախընտրական ծրագիր, ու իրականությունը դիտարկելով արձանագրենք՝ մարդիկ ծրագիր չեն կարդում։ Ապրում ենք մեծ տեղեկատվության հոսքերի դարաշրջանում՝ տեղեկատվության արագ ստանալուն միտված, որը կարելի է բնութագրել «վերնագրեր կարդալու ժամանակաշրջան»։ Օրինակ՝ հարցում արեք բոլոր ուժերի ավագանիների 100-ավոր անդամների. արդյոք մյուսների ծրագիրը գոնե թերթե՞լ են, կարծում եմ՝ ոչ, նույնիսկ կլինեն այնպիսիք, որ սեփական ներկայացվող դաշինքինը կամ կուսակցությանը չեն կարդացել։ Դրա համար կա հանրային հարթակ, որով և կարելի է շահագրգռել մարդկանց՝ թե՛ ծանոթանալու սեփական ուժի ծրագրին և թե՛ մրցակիցների ծրագրերին՝ մասնակցելով բանավեճերի։ Բանավեճերից շատ հետաքրքիր կողմեր են բացվում, հետաքրքիր «թաքնված» խարիզմատիկ մարդիկ են առաջ գալիս, կամ կոտրվում է եղած հեղինակության միֆը։ Այդ հարթակը իրական քաղաքական պայքարի պայման է, քանի որ հասարակությունն էլ, հանրությունը ուշիուշով կհետևի բանավեճերին, կառանձնացնի իր վստահությունը գրավածին։

Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այն մոտեցումը, որ մրցակցությունից դուրս ընտրություններ են, որ առաջին տեղն արդեն կանխորոշված է և այլն։

– Պետք է հասկանալ՝ ինչու է այդպես. խնդիրը նախ՝ հեղափոխություն գլխավորած ուժի ներկայացնելն է, այսինքն՝ թեկնածուն երկրորդական դեր է կատարում (թերևս այնքան՝ մինչև իրապես նման կիքսեր չանի, քանի որ որոշակի ընտրազանգվածի վրա, միևնույն է, բացասաբար է ազդել միջադեպը)։

Ի դեպ, լավ կլիներ, որ մեր քաղաքական դաշտում մի մշակույթ էլ ձևավորվեր, դրանից հաստատ չէին տուժի սխալներ թույլ տված քաղաքական գործիչները։ Դա ներողություն խնդրելու ու սխալը ընդունելու նուրբ արվեստն է, քաջությունն ու պատասխանատվությունը, որը 20 և ավելի տարիներով չունեցանք, ընդհակառակը՝ խուսափելն են ժառանգում։ Նորից զուգահեռ անցկացնեմ 2008-ի հետ. երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ, շատ մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանին չէին ընտրելու, միևնույն է, չմիացան ԼՏՊ-ին՝ սպասում էին նրա «ապաշխարմանը»։ Դե, շատերն էլ հուսալով, հուսախաբվելով՝ միացան, բայց չներեցին։ Ասածս ինչ է՝ ավելի վատ է, երբ մի բան ծածկելու համար մի քանի անհեթեթ պատճառաբանություն ես բերում, նստվածք է մնում, քանի որ արդարանալու անհաջող փորձերով ենթագիտակցաբար նսեմացնում ու թերագնահատում ես դիմացինների ինտելեկտը և ընկալման մակարդակը։

Հաջորդ ընտրության կանխորոշվածության մասին խնդիրը հակահեղափոխության կեղծ օրակարգից է նաև բխում։ Ըստ այդ օրակարգի՝ կան նախկիններից ուժեր, և դեռ վտանգի տակ է հեղափոխությունը, և դրա համար պետք է հավաքվել վարչապետի թիմի թեկնածուի շուրջը։

Իսկ ընդհանրապես, հակահեղափոխականները իշխանության մեջ կարող են ծնվել ակամա՝ իրենց թափթփված աշխատանքով կամ ոչ կոռեկտ պահվածքով: Քանզի այս հեղափոխության փայլն ու պայծառությունը անմիջականությունն է, հավասար հեղինակությունը, որի բարձր շեմը ապահովում է ինքը՝ վարչապետը, ուրեմն արժեքային այդ կարևոր գործոնը, ձևն ու բովանդակությունը պիտի վերցնեն կառավարության ու թիմի անդամները։

 

Հարցազրույցը վարեց Սիրանույշ Պապյանը

https://www.1in.am/2420795.html

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.