Tuesday, 18 September 2018

I Interview

Թագուհի Ղազարյան. Այսուհետ՝ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրեն ազատ և պատասխանատու զգա

Հայացքի հյուրն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, գրականագետ Թագուհի Ղազարյանը:

 

Այս օրերին հասարակության լայն զանգվածները աննախադեպ բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ հանրապետությունում: Ինչո ՞ւ են գերակշռում հենց երիտասարդները այս շարժմանը:

Ես այդ հարցի պատասխանը չունեմ, միայն կարող եմ ասել, որ ուրախ եմ դրա համար: Անկեղծ ասած, ոչ մի նախադրյալ չեմ տեսել դրա համար, և ընդամենը երեք շաբաթ առաջ ընկերոջս հետ քննարկում էի, որ ուսանողությունը կարծես թմբիրի մեջ լինի ու նույնիսկ 5-6 տարի առաջ ավելի լավ էր իրավիճակը, քան հիմա է: Բայց այս շարժումը բոլոր տեսությունների ու վերլուծությունների հերն անիծեց: Ուսանողության ակտիվության համար օբյեկտիվ պատճառներ էլ կան, իհարկե, նախ՝ ԵՊՀ-Ռեստարտի մի քանի ամիս ծավալած գործունեությունը և տարկետման շարժումը, և հետո՝ Նիկոլ Փաշինյանի երթերով մուտքը համալսարաններ, որ իր ազդեցությունն անշուշտ ունեցավ:

Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք ազդեցին այսպիսի համատարած համախմբմանը, այդ ի ՞նչ չէր տեսել եւ զգացել ժողովուրդը 2008-ից այս կողմ:

Ինքս շարժման մեջ ներգրավվել եմ՝ չճանաչելով նախաձեռնող մի քանի մեծ ու փոքր խմբերից և ոչ մեկի անդամներին, որովհետև ինքս ինձ համար եզրակացրել էի, որ սա վերջին շանսն է՝ կամ հիմա, կամ երբեք: Միգուցե, ենթագիտակցորեն բոլորն այդ զգացումը ունեցել են, որ եթե հիմա որևէ բան չփոխվի, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը ցմահ մնա վարչապետ, իսկ նրա միանձնյա իշխանության հավերժացումը իմ կարծիքով ազգային անվտանգության հարց էր արդեն:

Անկախ շարժման վերջնական արդյունքից, ի՞նչ գնահատականներ կտաք շարժման մասին, որո ՞նք էին այս ժամանակահատվածի կարեւորագույն ձեռքբերումները:

Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ թելադրողը մե՛նք ենք և ոչ թե մեզ են թելադրում, ինչպես եղել է իմ գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում: Մե՛նք ենք որոշում իրերի ու իրադարձությունների ընթացքն ու հերթականությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանկարծ զգացել է, որ ինքն ունի իրավունքներ, որ ինքը կարող է լինել ազատ, կայացնել որոշումներ, չվախենալ բերման ենթարկվելուց, համալսարանից, դպրոցից դուրս մնալուց, աշխատանքից ազատվելուց, իսկ դա բացառիկ սոլիդարության հետևանք է: Մեր հասարակությունը ամբողջ ստեղծագործական ներուժը դրել է շարժման մեջ, այդ մասին են վկայում թե՛ պաստառները, թե՛ իրականացվող ինքնաբուխ ակցիաները՝ փողոցում դաշնամուր նվագելուց մինչև տիկնիկային թատրոնի տեղափոխումը փողոց, գրողների սեփական ստեղծագործությունները փողոցում ընթերցելուց մինչև մինյոններով փողոց փակելը, հեծանվաերթ, մանկասայլակներով երթ, իսկ վաղը, իմ տեղեկություններով պիտի լինի շներով երթը: Շարժման նշանակալի կողմերից է նաև այն, որ քաղաքացին սկսել է գիտակցել խաղաղ անհնազանդության իր իրավունքներն ու այդ շրջանակում իր պարտականությունները: Բաց ձեռքերի պայքարը, որ ինչ-որ ժամանակ նույնիսկ խիստ ծաղրի ու քննադատության է ենթարկվել, համառորեն նստել է մարդկանց գիտակցության մեջ: Քաղաքացին սկսել է շատ արագ ռեֆլեքսիա անել ու արձագանքել տեղի ունեցող երևույթներին, այդ բանի բացահայտ վկայությունն էր մարդկանց արձագանքը Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած սադրանքին: Որևէ մեկը շարժման հիմնական դեմքերից չէր խոսել այդ մասին: Մինչև Նիկոլ Փաշինյանը կհասցներ ուղիղ եթերով արձագանքել, հազարավոր մարդիկ գրառումներ ու մեկնաբանություններ էին թողնում սադրանքի մասին: Եկավ մի պահ, որ այլևս Նիկոլ Փաշինյանը կարիք չուներ ասելու՝ ինչ անել ու ինչպես անել: Քաղաքացիների մոտ ինքնակազմակերպումը այնպիսի բարձր մակարդակի է հասել, որ քաղաքում շրջող բազմաթիվ երթերից մի քանիսն անգամ տեղյակ չեն, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը ու ինչով է զբաղվում: Ու ինքնակազմակերպվածության այդ բացառիկ աստիճանը շատ լավ երևաց Փաշինյանին ձերբակալելուց հետո, երբ մարդիկ արագ վերադասավորվեցին և Հանրապետության հրապարակում նախորդ օրվանից կրկնակի ավել մարդ հավաքվեց:

Կընդգծեի նաև այն կարևոր հանգամանքը, որ մենք բազմահազարանոց երթեր ենք ունեցել՝ առանց գեթ մի ոստիկանի ուղեկցության ու այդ երթերի ընթացքում որևէ հասարակական կարգ չի խախտվել: Հանրապետության հրապարակում հավաքված է եղել ըստ որոշ տվյալների մինչև 300.000 քաղաքացի, իսկ այդ ընթացքում մեզ մշտապես ուղեկցող ոստիկաններ չեն եղել (գուցե եղել են որոշ կառույցների շուրջ կենտրոնացած)՝ չհաշված քաղաքացիական հագուստով մի որոշ ոստիկանների և մարդիկ բացառիկ օրինակ են ցույց տվել քաղաքակիրթ աշխարհին հանրահավաք անցկացնելու: Ես պիտի ընդգծեմ նաև ոստիկան-ցուցարար փոխհարաբերությունների փոփոխումը, համենայն դեպս մեր՝ ցուցարարներիս կողմից երբեք նման համերաշխ վերաբերմունք չի եղել նրանց նկատմամբ: Ինձ համար բացառիկ էր նաև երևույթը, երբ ՀՀ նախագահ նշանակված Արմեն Սարգսյանը ժամանեց Հանրապետության հրապարակ և չնայած իշխանության նկատմամբ հակակրանքին՝ շուրջ 100 000 հավաքվածներից որևէ մեկը չփորձեց որևէ կերպ վնասել, վիրավորել, հայհոյել այդ մարդուն: Այսօր Հանրապետության հրապարակում կողք-կողքի պայքարում են տարբեր գաղափարների ու սուբկուլտուրաների այնպիսի ներկայացուցիչներ, որ միգուցե մի ուրիշ օր, մի ուրիշ տեղում իրար պարզապես հոշոտեին, իրար կողքի են կանգնած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչն ու քյառթուն, ձախ հայացքների տեր անձինք ու ազգայնականը, կապույտ մազերով աղջիկն ու ոստիկանը: Մարդիկ փակում են փողոցները, իսկ վարորդները զայրանալու փոխարեն դուրս են գալիս մեքենաներից ու ծափահարում: Իսկ օդում կախված է բացառիկ սիրո ու խաղաղության մթնոլորտը: Իսկ ՆիկոլՓաշինյան-Սերժ Սարգսյան բանակցությունը՝ որպես հերթական կրեատիվ ակցիա, կարծում եմ՝ կարող է գրանցվել համաշխարհային պատմության մեջ: Սա խաղաղ անհնազանդության բացառիկ օրինակ է՝ ողջ քաղաքակիրթ աշխարհին իբրև ցուցանմուշ ցույց տալու համար:

Այս շարժման տրամաբանությանը նայելով, ինչպիսի՞ Հայաստան մենք պետք է ակնկալենք վաղը, այսինքն, ի՞նչը պետք է վերանա հայկական իրականության մեջ եւ ինչպիսի՞ երեւույթներ գերակշռեն:

Եթե փորձեմ թվել այն երևույթները, որոնք պետք է վերանան և որոնք պետք է ակնկալենք Նոր Հայաստանում, շատ երկար կստացվի:

Կարճ ձևակերպումով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրեն ազատ և պատասխանատու զգա իր գործողություններում՝ անկախ ոլորտից։ Ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի այս օրերին ազատ էր ընտրել, թե ո՛ր խաչմերուկը ու ինչպե՛ս փակի, բայց միևնույն ժամանակ իրեն պատասխանատու էր զգում այդ գործողություններն իրականացնելիս պահել հանրային պայմանավորվածությունը (չկոտրել, չվառել, չփչացնել, կռիվ չհրահրել), ճիշտ այդպես էլ իր ոլորտում պիտի լինի ազատ, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն զգալով իր գործունեության համար՝ արդեն ոչ թե պարզապես ըստ հանրային պայմանավորվածության, այլ ըստ օրենքի և ՀՀ սահմանադրության:

Իսկ իրականում այս սկզբունքի ներքո պետք է գործի ամեն ինչ: Օրինակ՝ յուրաքանչյուր գործարար ազատ է ներկրել ապրանքատեսակ՝ առանց սահմանափակումների, բայց օրենքի տառը պահելով, յուրաքանչյուր մշակութային գործիչ ազատ է ստեղծագործելու՝ առանց գրաքննության, բայց պատասխանատու լինելով իր ստեղծագործության համար, ու ես երբ ասում եմ՝ ՀՀ քաղաքացի, նկատի ունեմ նաև վարչապետին, նախագահին ու կառավարության բոլոր անդամներին, ովքեր պետք է ազատ լինեն իրենց գործունեության մեջ (ի տարբերություն, օրինակ, նախորդ կառավարության), բայց միևնույն ժամանակ հաշվետու լինելով բացառապես բոլոր քայլերի ու գործողությունների համար։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am