Tuesday, 25 September 2018

I Interview

Ժաննա Ալեքսանյան. Ռեժիմը խստացնում է իր սպառնալիքները

Մեր զրուցակիցն է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

 

- Վերջին օրերի ամենաքննարկվող թեման Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ խայտառակ դատավարությունն ու դատավճիռն է: Ի՞նչ պատճառներ ունեին իշխանությունները նման դատավճիռ կայացնելու համար: Ի՞նչ էին արել Սեֆիլյանը, Սաֆարյանը եւ մյուսները:

-  Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության կողմից, ընդհանուր առմամբ, միշտ կար այդ բացասական վերաբերմունքը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Բայց հիմա կոնկրետ հայտնի է, որ ապրիլյան պատերազմից հետո հանձնված տարածքների մասին հայտարարությունն առաջինը հնչեցրեց Ժիրայր Սեֆիլյանը, եւ դա հանրությանը հայտնի դարձավ հենց վերջինիս շնորհիվ, ինչը եւ չներվեց նրան: Կարծում եմ՝ հիմնական պատճառ քաղաքական որոշումն էր, որ Սեֆիլյանին պետք է «փակել»: Կարող եմ միանշանակ ասել, որ սա հաշվեհարդար էր՝ հատկապես, որ իշխանությունները նրան քաղաքական հայացքների համար էլի էին մեկուսացրել: Բայց այս անգամ հանրությունը տեսավ, որ 10,5 տարին բավական խիստ պատիժ էր: 

- Ի՞նչ տեսական հնարավորություններ եք տեսնում դատավճիռը բեկանելու... Վերաքննիչ դատարան, ՄԻԵԴ: Թե՞ իշխանափոխությունն է հարցի միակ լուծումը:

- Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում երբեք Հայաստանի անկախության պատմության մեջ չի հաջողվել որեւէ դատավճիռ բեկանել, եթե քաղաքական որոշման արդյունքում է դա կայացվել: Ես հույս չունեմ, որ այս ատյանները մեզանում դատավճիռ կբեկանեն՝ մանավանդ տվյալ գործի վերաբերյալ կայացվածը: Փաստաբանները պատրաստվում են մեր պետական ատյաններն անցնելուց հետո գործը Եվրոպական դատարան հանձնել, եւ կա տեսակետ, որ շատ հնարավոր է՝ Եվրոպական դատարանը արագացված ընթացակարգով քննի գործը: Չէ՞ որ Սեֆիլյանն արդեն մեկ անգամ քաղաքական դրդապատճառներով հետապնդվել ու դատապարտվել էր՝ երեքուկես տարի անցկացնելով քրեակատարողական հիմնարկում: Ու Եվրոպական դատարանում արդարացվել էր՝ այդ վճռով, այսպես ասած, հաղթելով Հայաստանին։ Չեմ կարող պնդել, բայց հնարավոր է, որ այս նկատառումներով գործն ընդունեն արագացված ռեժիմով։ Ինչ-որ ընթացակարգեր են փոխվել նաեւ Եվրոպական դատարանում, եւ այդ հույսն առկա է։ Մյուս տարբերակն, անշուշտ, իշխանափոխությունն է, որից հետո կարող է այս վճիռը չեղարկվել, բայց ես քիչ հավանական եմ համարում այդ տարբերակը։ Ամեն դեպքում՝ առաջիկա հինգ, նույնիսկ տասը տարիները, կարծում եմ, Հանրապետական կուսակցությունն իշխանությունը բռնազավթված է պահելու, ու հիմա ես չեմ տեսնում այն ուժերին, որոնք կարող են հեռացնել նրան իշխանափոխությունից: Այնպես որ, այդ հույսն անձամբ ինձ աղոտ է պատկերանում։ 

- Համարո՞ւմ եք սա Սերժ Սարգսյանի կողմից զգուշացում-սպառնալիք է ընդդիմադիր գործիչներին, ովքեր կփորձեն խոչընդոտել վարչապետության փոխանցմանն ապրիլին եւ, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր վարչախմբին հակառակ քայլերի կգնան:

- Ես այսպես եմ հասկանում. ռեժիմը խստացվում է: Հիմա Ժիրայր Սեֆիլյանի թիմը միակ արմատական ուժն է Հայաստանում, եւ նրան պետք է վնասազերծել: Բացի դրանից, արցախյան խնդրի հետ կապված տարաձայնությունները կան։ Կարծում եմ՝ այո, այդ սպառնալիքը, երբ ոստիկանական ուժերը բռնաճնշումների են դիմում հանրային ակցիաների ժամանակ, այդ բռնություննները, մարդկանց ահաբեկումները նշանակություն ունենում են: Ցավոք, Հայաստանում չեն մնացել բնակչության այն ակտիվ շերտերը,  որոնք ի վիճակի են լուրջ պայքարի։ Այդ սպառնալիքն այսօր էլ շարունակվում է, նույնիսկ վերջին նստացույցից մի տղայի տարան ոստիկանները եւ մեքենայում ծեծի ենթարկեցին: Այսինքն՝ բռնության մեթոդը, կարծես թե, դեռ աշխատում է, այն տակավին կենսունակ է։ Իշխանությունը դրանից այդպես հեշտությամբ չի հրաժարվի:

 

Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am