Tuesday, 18 September 2018

I Interview

Թաթուլ Մանասերյան. Կառավարությունը, որպես այդպիսին, թիմ չձեւավորեց

«Հայացքի» հյուրն է Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը:

 

Պարոն Մանասերյան, որոնք են այն հիմանական պատճառները, որոնք Հայաստանում կարող են հանգեցնել սոցիալական ընդվզման: Հնարավո՞ր են մոտ ապագայում սոցիալական բունտի նոր, ավելի սուր դրսեւորումներ:

 Մենք գիտենք, որ վերջին տարիներին գրանցվել է աղքատության ցուցանիշների վերելք եւ, իրականում, եկամուտները մի քանի տարի է ինչ չեն բարձրանում ազգաբնակչության, ու աղքատությունը գնալով ավելի խորանում է: Այս պայմաններում անգամ եթե բունտ չլինի, այս իրավիճակը չի կարող բարենպաստ լինել ոչ տնտեսության զարգացման համար, ոչ ընդհանրապես երկրի առաջընթացի համար: Այսինքն ամեն ինչ չէ, որ ընդվզմամբ պետք է պայմանավորել: Ես կարծում եմ, որ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը Հայաստանում ներկա վիճակով կարելի է համարել անբավարար:

 Ինչի՞ արդյունք էր օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ էին ընդդիմադիր ավագանու անդամները դիմել նման քայլի, այլ ելք չէ՞ր մնացել:

 Ես կարծում եմ, որ միշտ կարող են տարբեր մոտեցումներ լինել, բայց չեմ բացառում նաև այնպիսի իրավիճակներ, երբ մարդիկ կարող են ըմբոստանալ, եթե ձայնը տեղ չի հասնում, եթե բարձրացված հարցերը համարժեք լուծումներ չեն ստանում, չեն բացառվում, որ նման դրսեւորումներ կարող են կրկնվել եւ դա ոչ միայն Հայսատանում է, այլ նաեւ բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում:

 Եթե գնահատենք Կարեն Կարապետյանի կառավարության վերջին մեկ տարվա գործունեությունը, ի՞նչ ընդհանրական նկարագիր կարելի է տալ, ի՞նչ արդյունքներ կարելի է արձանագրել օրինակ ստվերի վերացման խնդրում, կոռուպցիայի դեմ պայքարում:

 Դժվար է միանշանակ գնահատական տալ, որովհետեւ իրականում Կարեն Կարապետյանը որպես վարչապետ բավական հույս է ներշնչել ի սկզբանե, երբ ստանձնեց կառավարության ղեկը ու դրանով պայմանավորված որոշակի դրական սպասումներ առաջացան, որը նաեւ իր հետ կարող էր բերել լուրջ բեկումների՝ եւ տնտեսության բնագավառում, եւ սոցիալական ասպարեզում, սակայն այն քայլերը, որոնք արվեցին կառավարության կողմից, չի կարելի չգնահատել: Բայց դրանք, իմ դիտարկմամբ, կետային քայլեր են, եւ այս համակարգը սոցիալ-տնտեսական քաղաքականության դրսեւորում դժվար է անվանել, մասնավորապես դրա պատճառներից կարելի է համարել այն, որ կառավարությունը որպես այդպիսին, թիմ չձեւավորեց:

 Կան այնպիսի կառույցներ, որոնք, իհարկե, եւ կարգապահությամբ, եւ պրոֆեսիոնալիզմով, եւ հետեւողականությամբ աչքի են ընկնում. դրանցից կարելի է հատկապես մատնանշել ֆինանսների նախարարությունը, որը, կարծես թե, փորձում է մարդուն ուղղված քայլեր ձեռնարկել եւ ֆինանսական համակարգում բացառել բոլոր այն ավելորդ ծախսերը, որոնք չեն նպաստում մարդուն, քաղաքացուն եւ չեն ծառայում նրան: Բնապահպանության նախարարությունը կարծում եմ նույնպես  լավ օրինակ է, այստեղ նույնպես կարելի է հաշվի առնել նույն հանգամանքը: Էլի կարելի է մատնանշել մեկ-երկու կառույցներ, բայց, ընդհանուր առմամբ նախարարությունների մասով բավական լուրջ բացթողումներ կարելի է տեսնել: Ցավոք սրտի մտայնությունը խորհրդային մտածելակերպից շատ հեռու չի գնացել, եւ չնայած նախարարների մի զգալի մասը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, բայց իրենց մտայնությամբ հետ են մնացել ժամանակակից մարտահրավերներից եւ ավել շատ իրենց գործունեությունը պայմանավորում են կաբինետային աշխատանքով, ոչ թե մարդկանց հետ շփումներով, կամ ոլորտի հետ առնչվելով: այս իմաստով իսկապես վատ վիճակում է գտնվում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որի գործունեությունն ուղղակի զրոյից ցածր պետք է  գնահատել, եւ ուղղակի ամոթալի է, որ նախարարը հրաժարական է տալիս, բայց դրանից հետո ստիպված մնում է ու մի կերպ փորձում է «յոլա» տանել աշխատանքները: Բնական պաշարների մասով չեմ կարծում, որ որեւէ լրջմիտ քայլ են իրականացրել այս ընթացքում: Այսպես կարելի է շարունակել: Մի շարք նախարարություններ իրենց անվանման  բաղկացուցիչները լավ չեն գիտակցում, օրինակ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մարդկանց մեջ ավելի շատ տպավորված է, որպես սոցապ նախարարություն, կամ նպաստներ ու կենսաթոշակներ բաժանող ինչ-որ կառույց... աշխատանքի մասով բաղադրիչը կարծես թե բացակայում է, որովհետեւ աշխատանքը խթանող, քաջալերող քայլեր ու նպաստավոր քաղաքականություն այդպես էլ չենք տեսնում:

Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախարարությունների ուղիղ կեսը միավորելով, կամ գործառույթները չկրկնելու համար մի մասն էլ լուծարելով կարելի է ավելի արդյունավետ համակարգ ունենալ, բայց այս իմաստով կարծես, համակարգված ու հետեւողական քայլեր չկան: Շատ ցավալի է, որ կան կառույցներ կառավարության ներսում, կամ նրան առընթեր, որոնք ուղղակի հեռու են ոչ միայն պրոֆեսիոնալիզմից, այլ նաեւ Հայաստանի ճանաչողական մակարդակը զրոյական է. խոսքը վերաբերվում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին, որի ղեկավարը պարզապես անտեղյակ է Հայսատանից ու չի պատկերացնում իր դերակատարությունը: Նույնը վերաբերվում է զարգացման հիմնադրամին,  համահայկական բանկին, որը զարգացման բանկ է, բայց այդպես էլ չկայացավ որպես կառույց: Այսինքն որպես թիմային միջավայր, իմ կարծիքով, այդպես էլ չի ձեւավորվել:

Ինչ վերաբերվում է ստվերի վերացման եւ կոռուպցիայի դեմ պայքարին, սա ինձ համար տեսանելի չի, չեմ բացառում, որ Կարեն Կարապետյանը ցանկություն ունի դա անելու, բայց թե ինչ արդյունքներ են գրանցվել, դրանք ինձ հայտնի չեն:

 Ի՞նչ ակնկալիքներ կան ապրիլից հետո ձեւավորվող նոր կառավարությունից, կփոխվի՞ արդյոք ներկայիս կառավարության վարքագիծը, վարվող տնտեսական քաղաքականությունը, հաշվի առնելով նաև նիստերը փակ անցկացնելու վերջին որոշումը:

 Ես իհարկե չգիտեմ, թե նիստերը փակ անցկացնելու որոշումն ինչով է պայմանավորված, բայց եթե դրա փոխարեն իրական համագործակցություն լինի քաղաքացիական հասարակության հետ եւ պահանջարկված լինի քաղհասարակության մասնագիտական, փորձագիտական հանրության ներուժը, ես կարծում եմ, որ դա նույնպես կարող է առաջընթաց դիտվել, բայց մեր հասարակությունը պետք է մի քիչ ավելի պահանջկոտ լինի ու կառավարությանը կարողանա լավ իմաստով աշխատեցնել, ոչ թե թողնել այնպես ինչպես այս իրավիճակում է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am