Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունը ոչ միայն երկու դաշնակիցների տարաձայնությունների արտահայտություն է, այլև տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության ազդանշան։ Հայաստանի համար այս զարգացումները կարող են ստեղծել նոր դիվանագիտական հնարավորություններ, սակայն միայն այն դեպքում, եթե Երևանը կարողանա ճիշտ գնահատել հակասությունների իրական խորությունը և չշփոթել ժամանակավոր լարվածությունը ռազմավարական դաշինքի փլուզման հետ, ինչի համար պետք է իրավիճակի սթափ ու հավասարակշռված գնահատում։
Դաշինք, որի ներսում հակասություններն այլևս հնարավոր չէ թաքցնել
Ցանկացած դաշնակիցներ չեն կարող ունենալ նույնական շահեր, որոնք պայմանավորված են աշխարհագրական դիրքով, տնտեսության կառուցվածքով, մշակութային, էթնիկ, կրոնական առանձնահատկություններով, ինչպես նաև՝ անվտանգային մարտահրավերներով։ Այս ամենից բխում է գլխավոր հարցը՝ իշխանության սուվերենությունը․ ով ում է պարտադրում իր կամքը և որոնք են այդ պարտադրանքի սահմանները։
Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ներկայացվել են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Թվում էր՝ 2020 թվականի պատերազմը և տարածաշրջանային զարգացումները ավելի ամրապնդեցին այդ դաշինքը։ Թուրքիան ստացավ Հարավային Կովկասում ռազմական և քաղաքական ներկայությունն ընդլայնելու հնարավորություն, իսկ Ադրբեջանը՝ տարածաշրջանում իր նպատակներն իրականացնելու համար հզոր դաշնակցի աջակցություն։ Սակայն 2026 թվականին ակնհայտ դարձավ, որ քաղաքական և ռազմական համագործակցության խորացումը չի վերացրել երկու պետությունների ազգային շահերի տարբերությունները։ Ավելին՝ Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը աստիճանաբար փոխում է հենց դաշինքի ներքին տրամաբանությունը։
Այս փոփոխությունն անխուսափելիորեն բախվում է Թուրքիայի հավակնություններին, որը Հարավային Կովկասը դիտարկում է ոչ միայն որպես տնտեսական և ռազմավարական նշանակության տարածաշրջան, այլ՝ դեպի Կենտրոնական Ասիա և թյուրքական աշխարհ իր ազդեցության ընդլայնման կարևոր ուղղություն։
Այստեղ է ձևավորվում առաջին հիմնարար հակասությունը. Թուրքիան ցանկանում է ունենալ ոչ այնպիսի ինքնուրույն Ադրբեջան, որի արտաքին քաղաքական որոշումները կարող են հակասել Անկարայի ռազմավարական առաջնահերթություններին։ Իսկ Ադրբեջանը ցանկանում է օգտվել թուրքական ռազմական և քաղաքական աջակցությունից, սակայն չի ցանկանում այդ աջակցությունը փոխակերպել արտաքին, հատկապես ներքին քաղաքական ենթակայության։
Իսրայելի գործոնը
Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը վաղուց դուրս է եկել սովորական երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ Իսրայելը Ադրբեջանի սպառազինության կարևոր մատակարարներից է, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելի էներգետիկ անվտանգության նշանակալի գործընկերներից մեկը։ Նրանք համագործակցում են ռազմական տեխնոլոգիաների, հետախուզության, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում։ Արցախում պատերազմն արդեն ակնհայտ էր ու անխուսափելի․ միայն 2018-2020 թվականներին Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունների 70%-ից ավելին Իսրայելից է մատակարարվել, և այդ մատակարարումները շարունակվում են մինչ օրս։ Առաջանում է հարց՝ ո՞ւմ դեմ է Իսրայելը հզորացնում Ադրբեջանը։ Որոշ իսրայելական աղբյուրներ նշել են, որ ռազմական գործողություններին մասնակցել են իսրայելական ռազմական փորձագետները՝ հատկապես ԱԹՍ-ների կառավարման և հետախուզական ոլորտներում։
Գաղտնիք չէր նաև, որ Թուրքիայի և Իսրայելի ստրատեգիական հարաբերությունները մի օր Ադրբեջանի համար խնդիր են դառնալու։ Այն հատկապես սուր ընթացք կստանա, երբ այդ երկուսի հարաբերությունները սրվեն, իսկ Ադրբեջանն ընտրություն կատարելու հարցի առջև հայտնվի։
Թուրքիան և Իսրայելը Մերձավոր Արևելքում ունեն տարբեր, իսկ որոշ ուղղություններով՝ մրցակցող ռազմավարական շահեր։ Անկարան մտահոգված է, որ Ադրբեջանի միջոցով Իսրայելի ազդեցության ընդլայնումը Հարավային Կովկասում կարող է սահմանափակել իր քաղաքական հնարավորությունները։ Այսպիսով, ձևավորվում է բավականին ուշագրավ իրավիճակ. Ադրբեջանը միաժամանակ փորձում է պահպանել Թուրքիայի հետ ռազմական դաշինքը և զարգացնել հարաբերություններ մի պետության հետ, որի քաղաքականությունը Թուրքիան ընկալում է որպես տարածաշրջանային իր շահերի սպառնալիք։
Իրանի հարցը. Բաքվի և Անկարայի՝ ռազմավարական տարբեր հաշվարկները
Հակասությունների երկրորդ կարևոր ուղղությունն Իրանն է։ Թեև Թուրքիան և Իրանը պատմականորեն մրցակցում են տարածաշրջանային ազդեցության համար, Անկարան միաժամանակ շահագրգռված է Իրանի պետական կայունության պահպանմամբ։ Իրանի խոշորամասշտաբ ապակայունացումը Թուրքիայի համար կարող է առաջացնել լուրջ վտանգներ՝ փախստականների նոր հոսքեր, քրդական զինված շարժումների ակտիվացում, սահմանային անկայունություն և տարածաշրջանային տնտեսական կապերի խաթարում։
Ադրբեջանի դիրքորոշումն այլ է։ Բաքվի հարաբերությունները Թեհրանի հետ ունեն ավելի անմիջական անվտանգային և աշխարհաքաղաքական հակասություններ։ Դրանք կապված են Իսրայելի հետ համագործակցության, Իրանի տարածքում ադրբեջանախոս բնակչության հարցի, ինչպես նաև Հարավային Կովկասի հաղորդակցությունների վերահսկման հետ։ Կան տեղեկություններ, որ Իսրայելը խոստացել է ստեղծել Մեծ Ադրբեջան, այսինքն՝ իրանական Ադրբեջանը միավորել հյուսիսայինի հետ, ինչը կհանգեցնի Իրանի քրդերի ինքնավարությանը, որը կակտիվացնի Թուրքիայի քրդերի ինքնորոշման ձգտումները։ Դա Թուրքիայի համար լրջագույն սպառնալիք է, իսկ Իսրայելի համար՝ տարածաշրջանում մրցակից մեծ երկրների մասնատման հնարավորություն։
2026 թվականի մարտին Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցած անօդաչուի հարվածի շուրջ վեճը և դրան հաջորդած դիվանագիտական արձագանքները նորից ընդգծեցին Բաքվի ու Անկարայի մոտեցումների տարբերությունը։ Ադրբեջանի իշխանությունները կոշտ արձագանքեցին, մինչդեռ Թուրքիան ավելի շահագրգռված էր Իրանի շուրջ լայնամասշտաբ հակամարտությունը կանխել։ Հարվածի պատասխանատվության վերաբերյալ կողմերի հայտարարությունները հակասական էին։
Հատկանշական է, որ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը Իրանի հարցում չեն բաժանվում հստակ հակադիր ճամբարների։ Երկուսն էլ շահագրգռված են տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմամբ և Իրանի ազդեցության որոշակի սահմանափակմամբ։ Տարբերությունը վերաբերում է այդ նպատակներին հասնելու միջոցներին և ընդունելի ռիսկերի չափին։
Սա կարևոր հանգամանք է Հայաստանի համար, որովհետև հայ-իրանական սահմանը և հաղորդակցությունները դառնում են ավելի լայն տարածաշրջանային մրցակցության մաս։
Գաղափարական հակասություն
Թուրք-ադրբեջանական վերջին լարվածության անմիջական պատճառներից մեկը, առաջին հայացքից, աշխարհաքաղաքական բնույթ չուներ։ 2026 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի դպրոցներում իսլամական գլխաշորի կիրառման սահմանափակումները քննադատության արժանացան Թուրքիայի քաղաքական և հասարակական շրջանակներում։ Բաքուն այդ արձագանքներից մի քանիսը ընկալեց որպես միջամտություն իր ներքին գործերին։ Հոկտեմբերի 30-ին Իլհամ Ալիևը չմասնակցեց Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների գագաթնաժողովին՝ չնայած Էրդողանի անձնական հրավերին։ Այս քայլն ընկալվեց որպես քաղաքական դժգոհության արտահայտություն։
Էրդողանի խորհրդականներից մեկը Ադրբեջանի դեմ հայտարարություններ էր արել։ Նրա պաշտոնանկությունն ու նոյեմբերի 8-ին Շուշիում երկու նախագահների հանդիպումը ցույց տվեցին, որ կողմերը փորձում են վերահսկել լարվածությունը և պահպանել դաշինքի քաղաքական միասնականությունը։ Այդուհանդերձ, գլխաշորի շուրջ վեճը բացահայտեց ավելի խորքային խնդիր։
Ադրբեջանի պետական կառավարման մոդելի հիմքում աշխարհիկ պետության գաղափարն է, թեև երկրի քաղաքական համակարգն ունի խիստ կենտրոնացված և ավտորիտար բնույթ։ Թուրքիայի գործող իշխանության գաղափարախոսության մեջ, հակառակը, իսլամական պահպանողականությունը կարևոր քաղաքական դեր ունի։
Թուրքիան երկու հակադիր գաղափարներ է որդեգրել՝ իսլամիզմ և ազգայնականություն՝ թուրանականություն։ Իսլամն ազգեր չի ճանաչում, իսկ թուրանականությունն աշխարհիկ ազգայնականություն է։ Մերձավոր Արևելքում և Բալկաններում Թուրքիան իսլամի միջոցով է փորձում մեծացնել իր ազդեցությունը, իսկ արևելքում՝ թուրանականության։ Ազգայնականությունը Թուրքիայի համար վտանգավոր է նաև երկրի ներսում, որը կարող է հանգեցնել նաև քրդական ազգայնականության։ Այդ երկու՝ իրարամերժ գաղափարախոսությունները պետք է հանգեցնեին հակասության, և դա Ադրբեջանում արդեն տեսնում ենք։
Նախկինում այս տարբերությունը առանձնապես չէր խոչընդոտում համագործակցությանը, քանի որ աշխարհաքաղաքական համատեղ նպատակներն ավելի գերակշռող էին։ Սակայն երբ դաշինքի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխվում է, գաղափարական տարաձայնությունները կարող են վերածվել քաղաքական ճնշման միջոցների։ Կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, որտեղ ընդդիմությունը ոչնչացված է։ Իսլամը, որն ունի սոցիալական արդարության ուժեղ հայեցակարգ, կարող է մեծացնել իր ազդեցությունը Ադրբեջանում։ Իսլամն ունի սոցիալական մոբիլիզացիայի մեծ ներուժ, որի գաղափարախոսական կենտրոնները Թուրքիայում և Իրանում են, դրանով այդ երկրները կարող են միջամտել ներքաղաքական հարցերին։
Ադրբեջանի իշխանությունների համար ներքին քաղաքականության վերաբերյալ Թուրքիայի հրապարակային միջամտությունը նաև հեղինակության հարց է։ Ալիևը չի ցանկանում երկրի ներսում ձևավորել այնպիսի տպավորություն, թե Բաքվի քաղաքական որոշումները ենթակա են Անկարայի հավանությանը։
Հետևաբար, այս վեճի առանցքում ոչ այնքան կրոնական ազատություններն են, որքան Ադրբեջանի ինքնիշխան որոշումների նկատմամբ Թուրքիայի ազդեցության սահմանները։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Ադրբեջանը սկսել է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես Թուրքիայի ազդեցության հակակշիռ։
Հյուսիսային Կիպրոսի հարցը
Թուրք-ադրբեջանական հարաբերություններում թաքնված հակասություններից մեկը Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման հարցն է։ Անկարան տարիներ շարունակ փորձում է հասնել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև Թյուրքական պետությունների կազմակերպությունը։ Սակայն Բաքվի համար խնդիրը հակասական է։ Մի կողմից Ադրբեջանը քաղաքական աջակցություն է հայտնում Անկարային և Հյուսիսային Կիպրոսի իշխանություններին, մյուս կողմից պաշտոնական ճանաչումը կարող է հակասել տարածքային ամբողջականության այն սկզբունքին, որի վրա Բաքուն տասնամյակներ շարունակ կառուցել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Բացի այդ, նման որոշումը կարող է լրջորեն վնասել Ադրբեջանի հարաբերություններին Եվրամիության, մասնավորապես՝ Կիպրոսի և Հունաստանի հետ։ 2025 թվականին Կենտրոնական Ասիայի երկրների կողմից Կիպրոսի տարածքային ամբողջականության վերահաստատումն ավելի բարդացրեց Անկարայի նախաձեռնությունը։ Այսպիսով, թեև Ադրբեջանը շարունակում է աջակցել Թուրքիայի քաղաքականությանը, Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական ճանաչման հարցում նրա զգուշավորությունը ցույց է տալիս, որ թուրքական աշխարհաքաղաքական հավակնությունները միշտ չէ, որ համապատասխանում են Բաքվի ազգային շահերին։
Հետաքրքիր է, որ ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ, ի տարբերություն Թուրքիայի պատվիրականության, Ադրբեջանի ներկայացուցիչները չլքեցին դահլիճը։ Ավելին, պարզվել է, որ ՄԱԿ-ի միջոցառումների ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են Կիպրոսի պատվիրակության հետ և քննարկել հունական Կիպրոսում դեսպանություն բացելու հարցը, ինչն Անկարայում ընկալել են որպես իրենց ուղղված ապտակ։
Ֆինանսական սկանդալ Թուրքիայում
Թուրք-ադրբեջանական վերջին լարվածության հնարավոր, բայց դեռևս չհաստատված պատճառներից մեկը Թուրքիայի ֆինանսական շուկայում 2026 թվականի սեպտեմբերին բռնկված խոշոր սկանդալն է, որը հայտնի դարձավ «Fonzi» անվանումով։ Ըստ Financial Times-ի՝ շուրջ 20 միլիարդ դոլարի ծավալով ճգնաժամը վտանգել է ավելի քան 455 հազար ներդրողների միջոցները։ Ադրբեջանի նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Արիֆ Շահմարլին առաջ է քաշել վարկած, ըստ որի՝ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամները թուրքական ներդրումային հիմնադրամներում կորցրել են հարյուրավոր, միլիոնավոր, հնարավոր է՝ միլիարդավոր դոլարներ։ Նա նաև ենթադրել է, որ այդ ներդրումներում կարող էին ներգրավված լինել Ադրբեջանի պետական SOCAR ընկերության միջոցները։ Բաքուն այլևս չի ցանկանում, որ «եղբայրական հարաբերությունները» վերածվեն Անկարայի տնտեսական խնդիրները ֆինանսավորելու պարտավորության։
Մյուս կողմից հակասություններ կան ադրբեջանական գազի արտահանման շուրջ։ Թուրքիան ցանկանում է սահմանին գնել ադրբեջանական գազը և ինքնուրույն վաճառել երրորդ երկրներին՝ լրացուցիչ եկամուտներ ստանալուց զատ ուժեղացնելով իր նշանակությունը՝ որպես գազային հաբ, ինչին դեմ է Ադրբեջանը։
Ի՞նչ է փոխվում Հարավային Կովկասում
Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները կարող են հանգեցնել Հարավային Կովկասում ավելի բարդ, բազմակենտրոն քաղաքական միջավայրի ձևավորմանը։ Առաջին հերթին թուլանում է այն պատկերացումը, թե Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային բոլոր հարցերում գործում են որպես մեկ միասնական քաղաքական կենտրոն։ Սա կարող է ընդլայնել տարածաշրջանի մյուս դերակատարների դիվանագիտական հնարավորությունները։
Միևնույն ժամանակ արտաքին ազդեցությունների բաշխման հարցում առաջանում են նոր մրցակցություններ։
Ռուսաստանի համար թուրք-ադրբեջանական հնարավոր տարաձայնությունները կարող են ստեղծել կորցրած ազդեցության մի մասը վերականգնելու հնարավորություն։ Մոսկվան կարող է փորձել օգտագործել Բաքվի ինքնուրույնության ձգտումը, Անկարայի տարածաշրջանային հավակնությունները և նրանց միջև առաջացող անվստահությունը։ Սակայն Ռուսաստանն ինքն ունի լուրջ հակասություններ Ադրբեջանի հետ, իսկ Ուկրաինական պատերազմի հետևանքները սահմանափակում են տարածաշրջանում նրա գործողությունների ազատությունը։ Ուստի թուրք-ադրբեջանական տարաձայնություններից Ռուսաստանի ավտոմատ շահելը բնավ կանխորոշված չէ։
Իրանի համար այդ հակասությունները կարող են թուլացնել միասնական թուրք-ադրբեջանական ճնշումը, հատկապես հաղորդակցությունների և տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Միևնույն ժամանակ Թեհրանը մտահոգված է ոչ միայն Թուրքիայի, այլև Իսրայելի և Միացյալ Նահանգների հնարավոր ազդեցության ընդլայնմամբ։ Հետևաբար Իրանի դիրքորոշումը պայմանավորված կլինի ոչ միայն Անկարա–Բաքու հարաբերություններով, այլև տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածության բնույթով։
Միացյալ Նահանգների և Եվրոպական միության համար ավելի բազմակենտրոն տարածաշրջանը կարող է բացել նոր հնարավորություններ՝ էներգետիկ, տրանսպորտային և քաղաքական նախագծերում ուղղակի մասնակցության համար։
Նման զարգացումը կարող է փոխել տարածաշրջանային ուժային հարաբերակցությունը, եթե Հայաստանը կարողանա պահպանել իր ինքնիշխան վերահսկողությունը և ապահովել տնտեսական փոխադարձ շահավետություն։ Հարավային Կովկասը, հետևաբար, կարող է աստիճանաբար անցնել ոչ թե մեկ գերիշխող դաշինքի, այլ փոխադարձ մրցակցության և համագործակցության բազմակենտրոն համակարգի։
Արա Սմբատյան

