Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին: Ինչի՞ համար: Ակնհայտորեն կան ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական շարժառիթներ: Ներքաղաքականը պարզ է՝ իշխանությունն ուզում է վերարտադրվել գալիք ընտրությունների ժամանակ: Եվ ձեռագիրը նույնն է՝ ինչ 2018-ին, երբ հայտարարում էին, թե երկրում անօրինականություն է տիրում, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիա է, եւ իրենք գալիս են վերականգնելու արդարությունը: Հիմա նորից պետք է հանրությունը բաժանեն մասերի եւ, համապատասխանաբար, գեներացնեն նոր գաղափարներ: Իսկ նոր գաղափարները, իրենց կարծիքով, փոխարկվելու են նոր քվեների: Համենայն դեպս՝ սա է նպատակը:
Իսկ ո՞րն է արտաքին քաղաքական նախադրյալը: Դա լիարժեք հասկանալու համար պետք է դիմել Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակներին: Ընդհանրապես՝ գոյություն ունի կրոնական աշխարհաքաղաքականություն հասկացությունը, որը գերտերություններին հնարավորություն է ընձեռում կրոնների միջոցով վերահսկողություն սահմանել հնարավորինս ավելի ընդարձակ տարածքների նկատմամբ: Պետք է ընդունել, որ կրոնների միջոցով ձեւավորվում է ոչ միայն ազգային գիտակցություն: Կրոնների միջոցով կարող են պետություններ կազմավորվել եւ կարող են պետություններ փլուզվել:
Այն երկրներում, որտեղ որակ են կազմում տարբեր կրոնական խմբավորումները, հեշտ է դրանց միջեւ երկպառակություն մտցնելով՝ այդ երկրներն առնել իրենց վերահսկողության տակ կամ, նույնիսկ, քաղաքացիական պատերազմներ հրահրել այդ երկրներում: Դրա վառ օրինակները մենք ունենք՝ ի դեմս Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի եւ այլ երկրների, թվարկումները կարելի է շարունակել: Հայաստանում նման խնդիրներ չկան, սակայն մենք տեսնում ենք, որ հանրությունն արդեն կրոնական առումով պառակտվում է, եւ դրանում մեծ է ՀՀ-ում վարչապետ աշխատող գործչի անձնական «ավանդը»:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակներին՝ շատ ավելի իմաստալից կլիներ դրանք դիտարկել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի եւ ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի համատեքստում՝ նկատի ունենալով երկու դեպքում էլ ռազմական հակամարտության հետեւանքով այդ երկրների միջեւ վատացած հարաբերությունները: Առաջին դեպքում՝ չնայած Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ցայսօր բացակայող դիվանագիտական հարաբերություններին, վրացական եւ ռուսական եկեղեցիները պահպանեցին իրենց հարաբերությունները: Եվ հակառակ նրան, որ ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիան եւ Աբխազիան՝ որպես ինքնավար կազմավորումներ, ռուս ուղղափառ եկեղեցին չճանաչեց աբխազական եւ օսեթական թեմերը՝ հայտարարելով, որ դրանք վրացական եկեղեցու տիրույթներ են:
Չպետք է մոռանալ նաեւ, որ վրացական եկեղեցին կարեւոր դեր խաղաց Օսիայում եւ Աբխազիայում տեղի ունեցած իշխանափոխությունների հարցում: Վրացական եկեղեցու դիրքորոշմանը համահունչ ընտրություններում իշխանությունը փոխվեց նաեւ բուն Վրաստանում եւ, զուգահեռաբար, փոխվեց Վրաստանի արտաքին քաղաքականությունը: Երկիրը հրաժարվեց ներքաշվել աշխարհաքաղաքական հակամարտություններում եւ այլոց պատերազմների մեջ: Իշխանությունները վրացական եկեղեցու հետ ձայնակցած՝ հայտարարեցին, որ իրենց պարտադրվող ազատական գաղափարախոսությունները հարիր չեն իրենց ազգային նկարագրին ու քրիստոնեական արժեհամակարգին:
Վրաստանն այսօր կարողանում է հավասարակշռված քաղաքականություն վարել, ինչը չես ասի Ուկրաինայի մասին, որի հետագա գոյությունը գրեթե հարցականի տակ է: Այս երկրում 2014թ. հեղափոխությունից կամ, ավելի ճիշտ, հեղաշրջումից հետո շեշտը դրվել էր ուկրաինական եկեղեցու վրա: Աշխարհաքաղաքական խնդիրների բերումով եկեղեցին պետք է տարանջատվեր ռուս ուղղափառ եկեղեցուց: Եվ դրա համար օգտագործվեց Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը, ճանաչվեց Ուկրաինայի եկեղեցու ինքնավարությունը, որի պատճառով ռուսական եկեղեցու եւ Կոստանդնուպոլսի պատրիարքության միջեւ կապերը խզվեցին: Շատ ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում՝ վրացականը, չճանաչեցին Ուկրաինայի եկեղեցու ինքնուրույնությունը:
Սրանք օրինակներ են՝ ցույց տալու համար, թե ինչպես են եկեղեցիների միջոցով փորձում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել: Հիմա գանք Հայ եկեղեցուն՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Հայ եկեղեցին ունի դարավոր դիվանագիտություն, որի շնորհիվ հայերը՝ որպես ազգ, կարողացել են պահպանվել մինչեւ հիմա: Տարբեր կայսրություններում ՀԱԵ-ն կարողացել է համակեցության կանոններ ձեւավորել. նրան երբեք բնորոշ չէր կրոնական մոլեռանդությունը, իսկ հավատի հարցն ավելի խորն էր միշտ դրվում: Այնպես որ, դեռ 5-րդ դարից, երբ կռիվ էր գնում հռոմեական կայսրության ու Պարսկաստանի միջեւ, եւ հայերը հայտնվել էին ռազմական գործողությունների թատերաբեմում, եկեղեցին ի վիճակի եղավ ձեւավորել իր ինքնուրույն դավանաբանությունն ու գոյատեւել այդ տարածքում:
Հետագայում՝ արաբների, մոնղոլ-թաթարների արշավանքների ժամանակ, ինչպես նաեւ օսմանյան կայսրության շրջանում ՀԱԵ-ի քաղաքականությունն ու դավանաբանությունը թույլ տվեցին ոչ միայն գոյատեւել, այլեւ պահպանել մեր ազգային ինքնությունը: Դարձյալ դիմելով Վրաստանի օրինակին, զուգահեռենք ուշագրավ մի նրբերանգ. օսմանյան Թուրքիայում Հայ Առաքելական եկեղեցին առանձին «միլյեթ» էր, իսկ վրացական եկեղեցու պարագայում «միլյեթ» գոյություն չուներ, որովհետեւ վրացիներն ուղղափառ ժողովուրդ էին եւ պետք է ենթարկվեին, ըստ երեւույթին, հույն տիեզերական պատրիարքին: Արդյունքը եղավ այն, որ օսմանյան Թուրքիայում վրացիները մեծ մասամբ ձուլվեցին:
Նույն գործընթացը տեղի ունեցավ նաեւ ռուսական կայսրությունում, որտեղ 1811թ.-ին վրացական եկեղեցին վերացվեց՝ դառնալով ռուսական եկեղեցու առանձին ճյուղ: Եվ նույնիսկ դրա գլխավորները երբեմն ռուսներ էին ընտրվում: Սակայն հայկական եկեղեցին Ռուսաստանում պահպանեց իր ինքնուրույնությունը եւ ինքնավարությունը: Դարձյալ նույն պատճառով՝ պատմական, դիվանագիտական կանոնների ձեւավորման շնորհիվ ու նաեւ նրա համար, որ Հայ եկեղեցին առանձին դավանաբանություն ունի եւ առանձին եկեղեցի է՝ ինքնուրույն ու ինքնատիպ:
Այժմ՝ հասնելով 21-րդ դար, մենք ունենք մի իշխանություն, որը փորձում է հանրության մեջ արհեստականորեն սերմանել կրոնական մելեռանդություն՝ աշխարհաքաղաքական առկա պահանջները բավարարելու համար, ինչը միաժամանակ նրա համար վերարտադրվելու ռեսուրս է: Հարց է առաջանում. եթե 2018-ին՝ գալով իշխանության, ՔՊ-ն հայտարարում էր, թե իրենք պայքարելու են ՀՀ-ում իրո՛ք գոյություն ունեցող անօրինականությունների դեմ, ի՞նչ ստացանք վերջնարդյունքում. այդ անօրինականությունները շարունակում են մնալ ու ավելի խորանալ ե՛ւ կոռուպցիան, ե՛ւ անարդարությունը… Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպիսի «անկախ» դատական համակարգ ունենք:
ՀՀ-ում, ըստ էության, բռնատիրություն է հաստատվել, իսկ ընտրակեղծիքները, որոնց դեմ պայքարում էինք նաեւ նախկինում, այժմ ընտրությունները դեռ չեղած՝ արդեն սկսել են: Ավելին՝ մենք ունեցանք անդառնալի կորուստներ: Դա Արցախն էր, Հայաստանի տարածքի տարբեր հատվածները, էլ չասած մարդկայի եւ հոգեւոր-մշակութային անվերականգնելի կորուստները: Այսօր հարցականի տակ է դրված Սյունիքը եւ, առհասարակ, Հայաստանի գոյությունը: Եթե այն բացթողումները, որ կային մինչեւ 2018-ը, մեկ-երկու կամ երեք սերունդների ընթացքում կարելի էր շտկել, վերոնշյալ կորուստների դեպքում դրա հնարավորությունը բացառվում է:
Հիմա էլ՝ գործող իշխանությունների այս հակաեկեղեցական սնամեջ պայքարը, որը նոր չարիքներ է բերելու՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի Հանրապետության պետականության կորուստը: Դարերի փորձություններով անցած հավատավոր հայ ժողովուրդը, որը վտանգի պահին համախմբվել գիտի, պետք է արագ ու անսխալ հետեւություններ անի, եւ անպայման կհաղթահարի վերահաս մարտահրավերները:
Դանիել Փանյան
Գեւորգ Բրուտենց

