Այս օրերին ամենից շատ խոսվում է Հորմուզի նեղուցի ու նավթի մասին: Կարծես՝ Իրանի պատերազմի գլխավոր պատճառը նավթն ու Հորմուզն են: Ըստ պաշտոնական տվյալների, անցած 30 տարում նավթի համաշխարհային սպառումը աճել է ընդամենը 45%-ով եւ դրա հիմնական պատճառը Չինաստանն ու Հնդկաստանն են: 45 տոկոսը իրականում մեծ թիվ չէ:
Այժմ տեսնենք, թե ինչպես է տատանվել նավթի գինը: 1998-ին նավթն արժեր 12 դոլար, 2008-ին ամերիկյան Lehman Brothers-ի սնանկացումից հետո սկսված տնտեսական ճգնաժամի օրերին նավթի գինը սեպեկուլյատիվ ռեկորդ սահմանեց եւ հասավ 145 դոլարի: 2014–2016 թվականներին տատանվեց $110 → $30-ի սահմաններում: Կորոնավիրուսի պատճառով իջավ 20$-ի, Ուկրաինական պատերազմից հետո դարձավ 120$, հետո կրկին իջավ: Այժմ Իրանի դեմ սանձազերծված պատերազմի պարագայում, երբ հարվածի տակ են Ծոցի բոլոր նավթային երկրները, նավթն արժե ընդամենը 100$-ից քիչ բարձր, Թրամփի այսօրվա դադարից հետո կսկսվի նավթի գնի կտրուկ վայրէջք:
Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար պետք է եւս մեկ ցուցանիշ՝ դա դոլարի արժեքն է՝ նույն անցած 30 տարվա կտրվածքով: Պաշտոնական թվերից ելնելով՝ անցած 30 տարում դոլարի գնողունակությունն իջել է կրկնակի՝ 100 տոկոսով: Բայց դոլարային ինֆլյացիան ավելի մեծ է. անցած 30 տարիներին աշխարհում կյանքը թանկացել է մի քանի անգամ: Արժեզրկվել է դոլարը, իր հետ արժեզրկվել են մյուս արժույթները: ԱՄՆ-ում ապրողները նույնպես կհաստատեն այս պնդումը:
Այսինքն՝ հաշվի առնելով դոլարի արժեզրկումը, կտեսնենք, որ նավթի գինը անցած 30 տարիներին քիչ է փոխվել: Նավթ կա, շատ նավթ կա, պահանջարկից մի քանի անգամ շատ նավթ ու գազ կան, սակայն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող մեծ կորպորացիաները թույլ չեն տալիս, որ նավթի գինը չափից շատ իջնի, դրանից հիմնականում շահում են զարգացող երկրները: Դա ԱՄՆ-ի համար սպառնալիք է: Եվ, ուրեմն, նավթի դերը Իրանի պատերազմում երկրորդական է: Հակառակ դեպքում նավթի գինը պետք է հատեր 200 դոլարը:
Նոր ժամանակներ են, տեխնոլոգիական հեղափոխությունը մտել է զարգացման նոր փուլ, այլընտրանքային էներգետիկան արագ տարածվում է ողջ աշխարհում, արհեստական բանականությունն ու փոխկապակցված ոլորտները ժամ առ ժամ փոխում են համաշխարհային տնտեսության բնույթը, փոխվում է ամեն ինչ՝ ռազմական արդյունաբերությունից մինչեւ կենցաղ, գիտություն, կրթություն, առողջապահություն: Ձեւավորվում է նոր մարդ, նոր սպառող: Այս իրավիճակում, նախկին, ավանդական գաղութատիրական համակարգը դառնում է անպիտան եւ թանկ: Իմաստ չունի աշխարհի տարբեր կետերում ունենալ ֆիզիկական ներկայություն:
Օրեր առաջ այս գործընթացը շատ լավ նկարագրել էր Manvel Sargsyan-ը: ԱՄՆ-ը հեռանում է՝ քանդելով իր իսկ կառուցած համակարգն ու ենթակառուցվածքները, գրեթե բոլոր կետերից: Լինի Միջին Արեւելք, թե Եվրոպա: Իրանին հարվածելով՝ ամերիկացիներն Իրանի ձեռքով հարվածեցին Ծոցի երկրներին: Թրամփի շանտաժը ուղղված էր հենց Ծոցի նավթային երկրներին՝ կամ պետք է վճարեն, կամ Իրանը նրանց կոչնչացնի: Բայց Ծոցի հարուստ շեյխերը նույնպես չեն մնացել 1996 թվականում, նրանք նոր դաշնակիցներ ու Չինաստանի պես երաշխավոր ունեն: Ամերիկացիները դա լավ են հասկանում, պոկում են՝ ինչ կարող են: Սա թալան է՝ գնալուց առաջ, ինչ կպնի՝ օգուտ է:
Իրանի դեմ սկսված այս պատերազմում ամերիկացիները նաեւ այլ կարեւոր հարց են լուծում: Միտումնավոր բոլոր պատճառների սլաքներն ուղղվում են Իսրայելի ուղղությամբ: ԱՄՆ ում հասարակության զգալի մասը դեմ է այս պատերազմին, հրեաներն ամենից հարմար քավության նոխազն են: Վաշինգտոնում հակահրեական տրամադրությունները հասել են գագաթնակետին: Ամերիկյան քաղաքական համակարգին ընձեռնվել է իսրայելական լոբիզմից ազատվելու հիանալի հնարավորություն: Նավթը նախկին նշանակությունը չունի, Իսրայելի ծառայությունները արաբական երկրներին վերահսկելու ուղղությամբ չունեն նախկին արժեքը: Ինչպես ասում են՝ ամեն մարդ իր բախտին:
Իսրայելի քայլերը նույնպես ապացուցում են, որ ԱՄՆ-ը հեռանում է: Իսրայելը հասկանում է, որ ժամանակը սուղ է, մինչեւ ԱՄՆ-ի հեռանալը պետք է անվտանգային բուֆերային գոտիներ ստեղծել, արաբական երկրների հետ «Աբրահամի համաձայնագիր» ստորագրել, ապագան մշուշոտ է նաեւ արաբական երկրների համար. Թրամփն արեց իր գործը, Թրամփը կարող է հեռանալ, թող Նաթանյահուն իր հարցերն ինքնուրույն լուծի: Առջեւում Կոնգրեսի ընտրություններ են, Չինաստանն առաջ է անցնում բոլոր ոլորտներում: Ինչպես ցույց տվեց Իրանի դադար առած պատերազմը, մեծ հարցականի տակ են նաեւ ամերիկյան զենքի մասին ուռճացված գնահատականները:
Թե ինչ նորագույն զենքեր ունի Չինաստանը՝ մնում է ենթադրել: ԱՄՆ-ը մեկ ամսում կորցրեց մեծ թվով արդիական օդուժ, ՀՕՊ համակարգեր, ռազմահենակետեր, թանկարժեք հրթիռների պաշարներն էլ սպառման եզրին են: Ընդամենը մեկ ամսում՝ առանց ցամաքային գործողությունների: Եթե աշխարհի «թիվ մեկ գերտերությունը» չի կարողանում Իրանին ծնկի բերել, ինչպե՞ս է զսպելու Չինաստանին: Չնայած գերտերությանն, ընդհանրապես, հարիր չէ իրենից ցածր կարգավիճակ ունեցող երկրի հետ անմիջական պատերազմելը: Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը թիվ մեկ գերտերությունը չէ:
ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը միմյանց դեմ առճակատման մեջ էին աշխարհի տարբեր կետերում, բայց դա արվում է բացառապես «պրոքսի» ուժերի միջոցով: Այժմ ՍՍՀՄ-ը չկա, իսկ ԱՄՆ-ը Իսրայելի հետ, ՆԱՏՕ ի դաշնակիցների արհամարհանքի ներքո պատերազմում է Իրանի պես երկրի հետ, որում Իրանն է թելադրում խաղի կանոնները՝ պատասխնելով բոլոր հարվածներին, զինանոցում ունենալով դեռ գործի չդրված բազմաթիվ «խաղաքարտեր»: Բայց, ինչպես միշտ, վերադառնանք Հայաստան:
Այն, որ ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից ու Եվրոպայից, թույլ է տալիս պնդել, որ հեգեմոնը (թե՞ հավաքական Արեւմուտքը) որեւէ երկրի անվտանգության երաշխիք լինել չի կարող: Ընդհանրապես՝ ժամանակակից աշխարհում նման երաշխիքներ մեկ այլ երկրի չի կարող տալ ոչ մի գերտերություն կամ միություն: Երաշխիքը միջազգային իրավունքն ու օրենքն են, որ վաղ թե ուշ, գուցե նոր խմբագրությամբ սկսելու է գործել: Ելնելով ներկա իրավիճակից՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի անցած 30 տարիների վարած քաղաքականությունը սխալ էր, բայց մինչեւ 2018 թվականը Հայաստանը ուներ որոշակի սուվերենության ներուժ, Հայաստանը գործոն էր, ընդամենը պետք էր կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա, զարգացնել տնտեսությունը, կառուցել իրավական պետություն:
Ղարաբաղը հանձնելով՝ մեր անվտանգության մակարդակը չբարձրացավ, այն ավելի ռիսկային դարձավ: Իրանի պատերազմի ցանկացած ելքի պարագայում ԹՐԻՓ կոչված արկածախնդրությունը Հայաստանին ներքաշելու է լրացուցիչ առճակատումների մեջ, առայժմ սա սառեցված հարց է: Պարսիկներն իրենց դեմ գործած յուրաքանչյուր հարեւանի հասանելիք ապտակը հասցնում են: Իսկ դեռեւս մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը պարծանքով հայտարարում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին առնվազն 100 տարվա գոյության երաշխիք է տվել: Նման անհեռատեսություն, իրավիճակից կտրվածություն կարող է ցուցաբերել երկրի շարքային քաղաքացին: Երկրի ղեկավարից նման անհեթեթություններ լսելը խոսում է այն մասին, որ երկիրն անտերության է մատնված:
Այս ընթացքը պետք է կասեցվի. Հայաստանն անցած ութ տարիներին վերածվել է անհասկանալի միավորի: Եթե ութ տարի առաջ կռվախնձոր ու սակարկման նյութ էին մեր տիրապետության տակ գտնվող Ադրբեջանի յոթ շրջանները, դրանք կորցնելուց հետո խաղասեղանին դրվեց Ղարաբաղը, որի կորստից հետո մեր ապիկար խաբեբաները ԹՐԻՓ անվան տակ խաղասեղանին դրեցին Սյունիքը, այսինքն՝ Հայաստանը: Այժմ բոլոր խաղերը տանուլ տված, էժան շանտաժ է արվում Եվրամիության նկատմամբ, թե տեսեք-տեսեք, եթե մեզ չօգնեք՝ ռուսները մեզ կուլ կտան: Բայց լավ են հասկանում, որ իրենց ղեկավարած Հայաստանը բոլոր առումներով ԵՄ մտնելու որեւէ չափորոշիչի չի համապատասխանում: Նույնիսկ խոստացված վիզաների ազատականացման հարցը չլուծվեց, դրանց տրամադրման հարցը նույն ամոթալի վիճակում է:
Մայիսին Երեւանում կայանալիք ԵՄ համաժողովը Հայաստանին ոչինչ չի տալու: Եվրոպացիները հիմար չեն, ամեն ինչ տեսնում ու հասկանում են: Եվրամիությունը սրտատրոփ սպասում է, որ ԱՄՆ-ը ձախողվի ու վերջնական դուրս գա ուկրաինական բանակցություններից: Ինչից հետո Եվրամիությունը ՌԴ-ի հետ բանակցությունները կշարունակի առանց կողմնակի անձանց: Այսինքն՝ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ դուրս չի գալու: ԵՄ-ը եւ Ռուսաստանը առանց միմյանց դատապարտված են, ԵՄ-ը Ռուսաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է, ԱՄՆ-ը՝ ոչ:
Հայաստանի Հանրապետությունը ոչ մի երկրի վրա հույս դնել չի կարող, հատկապես՝ այնպիսի երկրների, որոնք գտնվում են մեր սահմաններից շատ հեռու: Հայաստանի անվտանգային միակ երաշխիքը, երկրի հզոր տնտեսությունն ու բանակն են, համազգային Հայաստան-Սփյուռք միասնությունն է, մնացածը հեքիաթներ եւ տգիտություն են:
Արա Արայան

