Tuesday, 03 December 2024

A Analysis

Վեթինգ՝ փաշինյանական ձեւով

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նախորդ վերլուծականում «Հայացքն» անդրադարձել էր ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների խոսքի ու գործի հակասություններին եւ, մասնավորապես, տարիներ առաջ «մարված» որոշ աղմկոտ գործերի ապօրինի վերաորակման միջոցով քրեադատավարական նոր գործընթացներ բացելու եւ դրանք սեփական շահերին ծառայեցնելու արատավոր գործելաոճին: Թեման ամբողջացնելու նպատակով կփորձենք ներկայացնել ոլորտում բարեփոխումների անվան տակ վերջին վեցուկես տարվա ընթացքում տեղի ունեցած փոխակերպումներն ու բացասական միտումները:

Ընդհանրապես՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո դատաիրավական համակարգը մշտապես Փաշինյանի թիրախում է: Նրա հաշվարկը պարզ էր. գործադիր իշխանությունն իր «գրպանում» է, օրենսդիրն՝ առավել եւս, լիակատար երջանիկ լինելու համար մնում է սանձել դատական իշխանությանը, որպեսզի գլխից դուրս բաներ չանի: Այդ օրերին էր, որ նա՝ նախ մատ էր թափ տալիս դատավորների վրա՝ նրանց անվանելով «պատերի տակ վնգստացողներ», ապաեւ սպառնում, որ իրեն չենթարկվելու համար նրանց ոչ միայն կհեռացնի պաշտոնից, այլեւ «պատերով կտա», «կպառկեցնի գետնին» եւ այլն:

Բայց խայտառակության գագաթնակետը 2019թ. մայիսի 20-ին տեղի ունեցած արտառոց միջադեպն էր, երբ մի քանի հարյուր քաղաքացիներ Փաշինյանի կոչով կաթվածահար արեցին դատական հիմնարկների աշխատանքները՝ վաղ առավոտյան արգելափակելով բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Դրանից երկու օր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վճռով ՀՀ երկրորդ նախագահն ազատ էր արձակվել. Քոչարյանի խափանման միջոց կալանքը դատավորը փոխարինել էր անձնական երաշխավորությամբ, ինչը քաղաքական նկատառումներից ելնելով՝ դուր չէր եկել Նիկոլ Փաշինյանին, եւ նա դիմել էր աշխարհում նախադեպը չունեցած միջոցի:

Ավելի վաղ՝ 2018-ի օգոստոսի 17-ին,- դա նոր կառավարության գործունեության 100-րդ օրն էր,- Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց. «Հայաստանում կգտնվի՞ մի դատավոր, որ վարչապետի ասածը չանի»: Այս արտահայտության վտանգավորությանը ոմանք ուշադրություն չդարձրին կամ բանի տեղ չդրեցին, ոմանց գիտակցությանն էլ ուշ հասավ, մինչդեռ ասվածի մեջ հստակ ուրվագծվում էր ապագա ոխակալ բռնապետի կերպարը, որը հետո երկիրը պիտի բռնապետության վերածեր, ժողովրդի կյանքը՝ դժոխքի: Բարեբախտաբար՝ պարզվեց, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան դատավորներ, որոնց համար օրենքը շատ ավելի բարձր է, քան եկող-գնացող իշխանավորի կամքը: Դրանցից մեկը հենց վերոնշյալ Դավիթ Գրիգորյանն է: Ու էլի՝ ուրիշներ:

Դատաիրավական համակարգում խոստացված բարեփոխումները տեղում դոփում էին, ավելին՝ տեղի էր ունենում ճիշտ հակառակը՝ իշխող ՔՊ-ական խմբակի առաջնորդը կոպտորեն միջամտում էր դատական իշխանության գործունեությանը՝ փորձելով նրան իր բռի մեջ պահել: 2019-ից ի վեր շրջանառության մեջ էր դրվել լայն հանրությանն անծանոթ մի  եզրույթ՝ «վեթինգ», որի կիրառմամբ Փաշինյանը խոստացել էր ունենալ լավագույնս բարեփոխված դատական համակարգ: «Վեթինգը» իշխանության շուրթերին դարձել էր հրաշքին կամ հրաշագործությանը համազոր մի արտահայտություն:

Եվ բառեզրը, որքան էլ օտարոտի, հաճելիորեն շոյում էր ժողովրդի՝ արդարության ծարավ, մի փոքր էլ միամիտ հատվածի պատվախնդրությունը, արթնացնում որոշակի դրական ազդակներ: Այն ոմանց վստահություն էր ներշնչում, ընկալվում իբրեւ արդարադատության նախաշավիղ, որի հետ մարդիկ հույսեր էին փայփայում: Նրանց համոզել էին, որ վեթինգի շնորհիվ ՀՀ դատական համակարգը կմաքրվի պարկեշտությամբ ու անաչառությամբ աչքի չընկած, կոռումպացված դատավորներից եւ երկրում կհաստատվի արդարությունը։ Բայց ավաղ… ավելի քան 5 տարի անց մեր դատական համակարգում ո՛չ վեթինգ ասվածն արմատավորվեց, ո՛չ էլ դրական փոփոխություն տեսանք:

Իրականում վեթինգն անցումային արդարադատության գործիք է, որը նպատակ ունի ստուգելու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքությունը, տարբեր շրջանակների հետ նրանց փոխառնչությունները եւ այդ ստուգման արդյունքով որոշելու պաշտոնատար անձի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Վեթինգի այս գործառույթն էր, ըստ երեւույթին, հրապուրել իշխանությանը, որը համակարգի նկատմամբ վերահսկողության լրացուցիչ լծակներ բանեցնելու հնարավորություն էր ստանում: Իշխանությանը հենց այդ հնարավորությունից իր քաղելիք անձնական օգուտներն էին հետաքրքրում:

Ժողովուրդը տեսավ, որ փուչ դուրս եկան 2019-ի մայիսի 20-ին համակարգի խնդիրների մասին Փաշինյանի հայտնի ելույթի հավաստիացումները, թե ՀՀ-ում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, ինչը հնարավորություն կընձեռի հանրությանը՝ «ամբողջական տեղեկատվություն ունենալ դատավորի քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային դրության, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»։ Մարդիկ ուշ գլխի ընկան, որ Փաշինյանը՝ ասելով, թե «դատավորները պիտի ենթարկվեն վեթինգի»՝ այլասացորեն հասկանալ է տալիս, որ պիտի ենթարկվեն իրեն:

Փաշինյանական «վեթինգը» չշրջանցեց նաեւ Սահմանադրական դատարանին: Հիմնական թիրախը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էր, հիմնական նպատակը՝ «իշխանության սրտի» Սահմանադրական դատարան ունենալը: Դա ասել է թե՝ ՍԴ-ի նախկին կազմի լուծարում, ինչն իշխանությանը թույլ կտա առանց գլխացավանքի անցկացնել ցանկացած հակազգային որոշում՝ Ստամբուլյան կոնվենցիայից, մինչեւ ՀՀ անկախության հռչակագիր, որն օրերս Բարձր դատարանը ճանաչեց իրավական ուժը կորցրած: Ավելին՝ Փաշինյանը հայտարարեց, որ «եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն»:

Փաստորեն պատրաստ է ամեն ինչ տալ, ամեն ինչ զոհել՝ անգամ Մայր օրենքի ոգին ու բովանդակությունը, միայն թե «խաղաղության պայմանագիր» գրությամբ մի թուղթ պոկի Ալիեւից: Երեւում է՝ սասանվող վարկանիշը փրկելու վերջին հույսն այդ ճմրթված թղթի կտորն է մնացել, որից Ալիեւն իրեն զրկում է, մինչեւ ուշիմ աշակերտի նման չկատարի իր բոլոր տնային հանձնարարությունները:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.