Wednesday, 04 December 2024

A Analysis

Շահավետ ամբաստանյալներ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 23-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա երեք նախկին ենթակաների՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը։ Արդարացումից երեք տարի անց Քոչարյանը եւ մյուսները 2008-ի «Մարտի 1»-ի գործով դարձյալ կանգնած են դատարանի առջեւ։ Չէ, երեւում է՝ Նիկոլ Փաշինյանը իրավիճակն ուզած ուղղությամբ շուռ տալու «սամթը» գտել է: Բայց ամեն ինչ՝ իր հերթին:

Օրեր առաջ Վճռաբեկ դատարանը բեկանեց տակավին ուժի մեջ չմտած արդարացման վճիռը եւ վերոնշյալ գործն ուղարկեց Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության: 2018-ի իշխանափոխությունից հետո ՔՊ-ական վարչախմբի հրահանգով քրեական հետապնդում էր նախաձեռնվել 20-ամյա վաղեմության ողբերգական դեպքի՝ «Մարտի 8»-ի առնչությամբ: Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահին եւ մյուսներին։ Սակայն ՍԴ-ն եզրակացության էր հանգել, որ վերջիններիս մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ հիմք ընդունելով Բարձր դատարանի որոշումը:

Վճռաբեկն արձանագրել է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, «այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածները», ինչի հիմքով էլ, իբր, գործը բեկանվել եւ ուղարկվել է նոր քննության: Չեմ կարող միանշանակ պնդել, քանի որ իրավագետ չեմ, բայց զուտ ներըմբռնման զգացողությունս հուշում է, որ սույն պատմության մեջ մի բան այն չէ: Հետեւաբար՝ չսխալվելու նկատառումով ծանոթացա դատական երկու ատյանով արդարացված գործի վերաբերյալ փորձառու իրավաբանների կարծիքներին:

«Հերթական անգամ անօրինական ձեւով փորձ է արվում դատավարություն սկսել, ինչը ամենասկզբից անօրինական է եղել… պարզվեց չէ՞, որ հակասահմանադրական հոդվածի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը տարիներով մեղադրվել է եւ տարիներ է անցկացրել կալանքի տակ: Հիմա էլ հերթական անօրինականությունն են անում… այս գործը միայն մեկ շարժառիթ ունի՝ քաղաքական հաշվեհարդար»,- «Ազատությանն» ասել է նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցողը «ավելի շուտ քաղաքականություն է, որտեղ օգտագործվում է իրավաբանությունը՝ որպես խնդիրներ լուծելու միջոց»:

Ակնհայտ էր, որ թե՛ «Մարտի 1»-ի գործը, թե՛ զուգահեռաբար ընթացող՝ ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործը եւ էլի ուրիշ շատ գործեր իշխանությունները փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Մանավանդ որ, ընտրությունների տարի է մոտենում եւ, բացի դրանից, չի բացառվում նաեւ արտահերթ ընտրությունների տարբերակը, որի մասին քաղաքական դաշտի որոշ երեւելիներ խոսում են: Որ վերջին շրջանում տեղի ունեցող շատ դատավարություններից, հիրավի, քաղաքականություն է «ծորում», ամիսներ առաջ ԱԺ-ում անուղղակի հաստատեց ոչ այլ ոք, քան ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կանգնելու է դատարանի առջեւ։ Այս հնարավորությունը, ըստ նրա, դատարաններին տվել է ՍԴ-ն: «Բայց եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով»,- իշխանական պատգամավորի հարցին ի պատասխան՝ պարզաբանել է երկրի գլխավոր դատախազը։ Ափսոս, որ ԱԺ որեւէ պատգամավորի չհետաքրքրեց տիկին դատախազի մեկնաբանությունը. եթե մեղավոր ճանաչվելու դեպքում անգամ ամբաստանյալի ազատ արձակումը կանխորոշված է օրենքի ուժով, ուրեմն ո՞րն է կրկնական դատավարության իմաստը:

Քաղտեխնոլոգիայի նրբություններին քաջածանոթ մասնագետների փոխանցմամբ՝ պարզվում է, որ իմաստ կա: Բարձրաստիճան պաշտոնյաների, հանրաճանաչ դեմքերի շուրջ, անկախ նրանց նախկին-ներկա լինելու հանգամանքից, աղմկոտ դիպվածները, իրավիճակները, այդ թվում՝ դատավարական գործընթացները, միշտ հասարակայնորեն լայն հնչեղություն են ունենում եւ ամենուր՝ իբրեւ օրվա գլխավոր հերոսի, հոլովվում է այն անձի անունը, որի ձեռնարկմամբ հետաքրքրաշարժ տեսարաններ են «բեմականացվում»: Կոնկրետ դեպքում իրավական հետեւանք չունեցող այս քայլը իշխանության գահավիժող վարկանիշը բարձրացնելու համար է:

Երկրորդ՝ ընտրությունների տարվան կամ խորհրդարանական ենթադրյալ արտահերթին ընդառաջ նշանավոր անձանց դատավարությունները հերթական քաղաքական խաղերից են, որոնց ընթացքում ձախողված իշխանությունը ջանում է մոլորված զանգվածին ցույց տալ իր հավատարմությունը տված խոստումներին, թե՝ տեսե՛ք, տեսե՛ք, «Մարտի 1»-ի գործը վերաբացել ենք, հանցագործները մեկառմեկ պատասխան են տալու: Որքան ձգվեն դատական գործընթացները, այնքան իշխանության շահած ժամանակը կերկարի: Իսկ թե դատավարության արդյունքում որտեղ կհայտնվեն իշխանության կողմից օգտագործվող եւ նրա համար շահեկան ամբաստանյալները՝ քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ դատարանի դահլիճից ազատ կարձակվեն, կարծես թե, էական չէ: Կարեւորն իշխանության համար տեսարաններն են:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.