Tuesday, 18 December 2018

A Analysis

Քաղաքականությամբ զբաղվող մարդու նոր տեսակի անհրաժեշտությունը

Երեւանի ավագանու ընտրություններն առաջինն էին հեղափոխությունից հետո։ «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած ավելի քան 80 տոկոս ձայները ստիպում են մի շարք հետեւություններ անել։ Դրանցից հիմնականն այն է, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները Նոր Հայաստանի համար այլեւս ակտուալ չեն։ Ապրիլյան իրադարձություններից հետո վերջին երկու տասնամյակների ընթացքում արդեն ավանդական դարձած ու ժամանակ առ ժամանակ իշխանական կոալիցիաների մեջ ներքաշված կուսակցությունները չեն կարող գործել հին մեթոդներով եւ հին տրամաբանությամբ, իսկ նոր ստեղծված ու ստեղծվող կուսակցությունները դեռեւս կայացման փուլում են, հետեւաբար նրանց գործունեության ոճը կկարողանանք գնահատել ապագայում։ Ընտրությունների ժամանակ հասարակությունը փաստորեն մերժեց գործող քաղաքական դաշտը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինքը նույնպես կայացման փուլում է, եւ դիտորդների մի զգալի մասը հակված է այն կարծիքին, որ ձայների 80 տոկոսն այդ կուսակցությանը տրված վստահության քվեն չէր։ Այս ընտրությունների ժամանակ հասարակությունը «քարտ բլանշ» տվեց նոր քաղաքական հարաբերություններին, սակայն այդ Նորի բովանդակությունը դեռ ձեւակերպված չէ։ Կարեւոր է ֆիքսել, թե կոնկրետ ինչն է Հայաստանում փոխվել եւ ինչու հանրությունը մերժեց գործող կուսակցություններին։ Ո՞րն էր նախկին քաղաքական համակարգի տրամաբանությունը եւ ովքեր ու ինչ արժանիքների համար էին հայտնվում խորհրդարանում։

Սկսած 1995-ից` քաղաքական դիսկուրսի հիմնական թեման ազատ ու արդար ընտրություններն են, որոնց օրինականությունը կարեւորագույն ինստիտուտ է: Այդուհանդերձ՝ պետք է ընդունել, որ դա տեխնիկական հարց է, որը, սակայն, փոխում է ընտրությունների բովանդակությունը։ Հարցադրումը, թե ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին եւ հաջողության դեպքում վճռելու պետության ճակատագիրը՝ հանրային քննարկման առարկա չի դառնում։ Այնպիսի տպավորություն է, թե կուսակցությունների գաղափարախոսությունը, կառուցվածքը, պետության ապագայի մասին տեսլականը նրանց ներքին խնդիրն է եւ, ստանալով իշխանության գալու իրավունք, նրանց առջեւ որեւէ հանրային պարտականություն չի դրվում։

Վերջին տասնամյակների մեր քաղաքական տխուր փորձը հակառակն է ցույց տալիս. կուսակցություն կոչվելու եւ ընտրություններին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է համապատասխանի խիստ պարտավորությունների։ Դա պետական հասունության ու հանրային գիտակցության բարձրացման բնական զարգացման արդյունքը պետք է լինի։

Հայաստանի վերջին տարիների պատմությունը վկայում է, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել իշխանությունը որեւէ կուսակցությունում: Նման ավտորիտար մոդելով գործող կուսակցությունը, իշխանության մաս կազմելուց հետո, իր ավտորիտար ու ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածում է ամբողջ պետության ու տնտեսության վրա: Սա մեր պատմական փորձն է, որի համար մեր երկիրը թանկ գին է վճարել։ Իսկ շատ ընդդիմադիր կուսակցություններ, իրենց հերթին, իշխանության հետ ստվերային պայմանավորվածությունների գալու պատճառով նույնպես ստիպված են եղել նման ավտորիտար կազմակերպությունների վերածվել: Ավագանու ընտրությունների արդյունքում այդպիսի հարաբերությունները մերժվեցին։

Մյուս կարեւոր խնդիրն արդեն ոչ թե կուսակցություններին է վերաբերում, այլ կուսակցականներին։ Քաղաքական հարաբերությունների փոփոխությունը փոխում է նաեւ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց կազմը եւ նրանց որակները։ Առաջ խորհրդարան էին գալիս մարդիկ, որոնք «ձայն բերելու»  համար ունեին անհրաժեշտ ունակություններ, միջոցներ ու հնարավորություններ, իսկ նրանց սպասարկողները համալրում էին իշխող կուսակցությունների շարքերը։ Ծայրահեղ դեպքում խորհրդարանում հայտնվելու պարագայում անցողիկ կուսակցություններին կարելի էր վճարել գումար։ Հասկանալի է, որ անարդար ընտրական գործընթացներում հաջողության հասնելու գրավականը համապատասխան հատկություններ ունենալն է, իսկ արդար ընտրական գործընթացների ժամանակ՝ քաղաքացիների վերաբերմունքն ու կարծիքը։ Նման ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու գործում այլ հատկանիշներ են կարեւորվում:

Ազատ, արդար ընտրություններում հաջողության հասնելու համար պետք է վաստակել ընտրողների վստահությունը, նրանց համար լինել համոզիչ, ունենալ հռետորական ջիղ եւ տիրապետել անհրաժեշտ գիտելիքների։ Սա քաղաքականությամբ զբաղվող նոր մարդու տեսակն է, որը պետք է նոր որակներ բերի թե՛ խորհրդարան եւ թե՛ կառավարման համակարգ։

Ս. Դանիելյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am