Sunday, 21 July 2024

A Analysis

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հալածում Հայ առաքելական եկեղեցուն

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայ հասարակության կամքը ճնշելու եռամյա շրջանից հետո սպասվող բողոքի ալիքի կտրուկ աճը պետք է ստեղծեր գաղափարական անորոշության մթնոլորտ։ Քաղաքական գաղափարների վակուումը, որը պահպանվել է երկրում 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո, եւ, համապատասխանաբար, ներկայիս իշխանությունների ու քաղաքական ուժերի նկատմամբ համատարած անվստահությունը չէին կարող չառաջացնել քաղաքական փոխակերպումներ՝ հանրային աճող ընդվզման առաջնորդի դերում հոգեւորականի հայտնության տեսքով։

Նրա բարձրաձայնած կարգախոսը՝ «հայրենիք եւ արժանապատվություն», կոչված էր բացատրել զանգվածային բողոքի վերացական էությունը։ Այդ կարգախոսի հիմքով քաղաքական շարժում չծնվեց, սակայն ստեղծված իրավիճակը կտրուկ աշխուժացրեց քննարկումները հայոց պետականության կյանքում Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դերի շուրջ: Իշխանությունների եւ ընդդիմություն բանավեճը հենց այդ թեմայի վրա էր կենտրոնացված: Եվ բանավեճն այդքան հետաքրքիր չէր լինի, եթե այն չվերածվեր իշխանությունների ու իշխանամետ լրատվամիջոցների կողմից եկեղեցու համապարփակ հալածանքների:

Համապատասխանաբար՝ առաջացան հարցեր, թե որն է պետական ​​գործերում եկեղեցու դերի հանդեպ նման սուր ժխտողականության (նիհիլիզմ) պատճառը: Ի դեպ, ՀՀ-ն իր պատմության մեջ վերապրել է մի շրջան, երբ եկեղեցին դարձել էր ընդդիմության քննադատության թիրախ։ Կարելի է ենթադրել, որ դա հազիվ թե պետությունից եկեղեցու տարանջատման սկզբունքի վերաբերյալ իրավական փիլիսոփայության մեջ ընդունված սովորական վիճաբանություն էր: Հավանական է՝ գործ ունեինք իշխանության համար գռեհկացված պայքարի հետ։ Աշխարհայացքային հակասություններն այստեղ դժվար թե առանցքային դերակատարություն ունենան։

Հայաստանի գործող իշխանությունները ՀԱԵ-ի գործունեությունը դիտեցին որպես ոտնձգություն իրենց իշխանության դեմ։ Դժվար է ասել, թե ինչ են մտածում եկեղեցականները։ Առաջին հայացքից թվում է՝ ՀԱԵ-ն կանգնեց ՀՀ իշխանությունների քաղաքականության ճանապարհին՝ դրանում ոտնձգություն տեսնելով հասարակության ավանդական հիմքերի նկատմամբ։ Բայց, հնարավոր է, ՀԱԵ-ն եւս իր կողմից պետական ​​կենսագործունեության համակարգում սեփական դերը փոխելու մտադրություն է հանդես բերում։ Քանի որ իշխանությունների եւ ՀԱԵ հակադրությունը գնալով խորանում է, իմաստ ունի հասկանալ այս դիմակայության խորքային էությունը։

Ավելին՝ այս վիճակի պատճառներից շատերը հեշտությամբ ճանաչելի են: Մենք վաղուց գործ ունենք ազգային եւ քաղաքական ինստիտուտների արժեզրկման իրողության հետ, որոնք պարբերաբար աններդաշնակություն են ստեղծում ՀՀ պետական ​​կյանքում։ Անկախ պետականության բացակայության պայմաններում կրոնական եւ քաղաքական կառույցները բավական երկար ժամանակ որոշում էին հայ ժողովրդի կյանքի չափումները: Քաղաքական ասպարեզում անկախ ՀՀ-ի հայտնվելը չէր կարող չփոխել բոլոր ազգային հաստատությունների գոյության պայմանները։ Ես դեռ հիշում եմ 1990-ականների սկզբին Հայաստանի առաջին իշխանությունների եւ ՀՅԴ կուսակցության հակամարտությունը։

1991թ. անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորումից ի վեր «ազգային միասնության» գաղափարը դարձել է քննարկվող առանցքային հարցերից մեկը։ Նման միասնությունը ընկալվում էր, առաջին հերթին, մի տեսակ գաղափարական եւ կազմակերպչական մոնոլիտի տեսքով՝ էթնիկ, կրոնական, քաղաքական, մշակութային։ Կոմունիստական ​​գաղափարախոսության թելադրանքների վերացումը պետք է ստեղծեր գաղափարական վակուում, որը պետք է լցնեին էթնոքաղաքական դիցաբանության զինանոցի գաղափարները։ Տրամաբանական է, որ հոգեւորականների, քաղաքական եւ հասարակական գործիչների միջեւ բուռն բանավեճի պատճառ է դարձել նաեւ Հայ առաքելական եկեղեցու դերի հարցը հայոց պատմության նոր ժամանակաշրջանում։

Նման պայմաններում պատահական չէր, որ Հայ առաքելական եկեղեցին դիմել էր իր հատուկ դիրքերի օրենսդրական համախմբման համար։ Դա արվել է Հայաստանի Սահմանադրության հատուկ կետի ընդունման միջոցով, որտեղ I գլխում, հոդված 8.1-ում ասվում է, որ «ՀՀ-ում եկեղեցին անջատված է պետությունից. ՀՀ ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»։

Այս հանգամանքը կարելի է գնահատել ոչ այնքան որպես տուրք Հայ առաքելական եկեղեցու պատմական արժանիքներին, որքան իբրեւ ազգային պատմության ներկա պահին այս եկեղեցու հատուկ իրավունքների ճանաչում։ Փաստորեն, ՀԱԵ-ն իրական հնարավորություն ստացավ պնդելու Հայաստանի եւ Սփյուռքի հոգեւոր կյանքում մենաշնորհային ազդեցության իրավունքը՝ Հայաստանի գործող իշխանությունների աջակցության դիմաց։ Միեւնույն ժամանակ, ՀԱԵ-ն քննադատության «օրինական հիմքեր» ստացավ մյուս բոլոր կրոնական շարժումներից։ Ավելին՝ այս հանգամանքը խոչընդոտ դարձավ եկեղեցու ներսում որեւէ բարեփոխման գործունեության ցանկացած հավակնությունների համար։ Այսինքն՝ եկեղեցու արդիականացումն ի սկզբանե անհնար դարձավ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, ըստ որոշ տվյալների, գրանցված են ավելի քան 60 կրոնական կազմակերպություններ, որոնցում ընդգրկված են մինչեւ 300 հազար մեր համաքաղաքացիներ, այս հանգամանքը պետք է հաջորդ տարիներին դառնար կրոնական խտրականությունը որոշելու գործոն։ Բայց այս հանգամանքը տվյալ հոդվածում մեր քննարկման առարկան չէ։ Նկատենք միայն, որ այս հանգամանքը միշտ պետք է պահպաներ ՀԱԵ-ի դեմ լուրջ քանակակազմ:

(Շարունակությունը՝ հաջորդիվ)

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.