Friday, 04 October 2024

A Analysis

Ազատ ընտրություններ՝ ի շահ քրեաօլիգարխիայի վերարտադրությա՞ն

User Rating: 3 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar InactiveStar Inactive
 

Աբովյան քաղաքում հունիսի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը նրանից ետ մնաց մոտավորապես 400 քվեով:

Գեւորգյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից եւ հանրային ընկալումներում մտազուգորդվում է Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ։ Նկատենք, որ թե՛ այս ընտրություններում, թե՛ նախորդ ժամանակահատվածում նրան գործուն աջակցություն էր ցուցաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդը համբավավոր օլիգարխ Գագիկ Ծառուկյանն է: Բացի դրանից, նախորդ ամիսներին մեծ աղմուկ էր հանել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետի միջեւ տեղ գտած հակամարտությունը, որն ուղղակիորեն դիտարկվում էր հեղափոխական կառավարության կողմից նախկին հանցավոր վարչախմբի ներկայացուցիչների դեմ պայքարի համատեքստում։ Դրանով Աբովյանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական մեծ նշանակություն էին ձեռք բերել։

Ընտրություններից հետո շատերը սկսեցին խոսել հեղափոխության հետապնդած արժեքների հետ այս գործընթացի անհամատեղելիության մասին։ Քննարկումներին լրացուցիչ սրություն հաղորդեց իշխանական թեկնածուի վստահված անձի՝ Կոտայքի մարզպետի հայտարարությունը, թե ընտրություններում պարտվեց արժանապատիվ քաղաքացին։ Սակայն շուտով Աբովյանի քաղաքապետի ընտրությունները բոլորովին այլ գնահատականներ ստացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող մի շարք պաշտոնյաների կողմից։ Վերջիններս ընտրությունները դիտարկեցին իբրեւ ժողովրդավարության ու քաղաքացու հաղթանակ, իբրեւ քաղաքական մենաշնորհների վերացման վկայություն։

Այս համոզմունքին է նաեւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ «հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Այնպես որ, եւս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, եւ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար»: Վարչապետի տեսակետը գրեթե նույնությամբ երկրորդել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հայտարարելով, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններն այն իրողության ամրագրումն են, որ «ժողովրդավարությունից որեւէ նախանջ տեղի չի ունեցել»։

Սակայն, ի տարբերություն կառավարող ուժի ներկայացուցիչների, բազմաթիվ քաղաքացիներ հանրային հարթակներում բացասական գնահատականներ են հնչեցրել խնդրո առարկա ընտրությունների վերաբերյալ։ Առանձին վերլուծաբաններ նույնիսկ կարծիք են հայտնել, թե ժողովրդավարության մասին պատկերացումները մեզանում թյուր են։ Եվ իսկապես՝ տարիներ ի վեր օլիգարխի ազդեցության գոտում՝ տվյալ դեպքում Աբովյանում, որտեղ կապիտալի գերիշխանության պայմաններում հասարակական հարաբերություններն այնքան են սահմանափակվում, որ վերածվում են բացառապես այդ օլիգարխի ու նրա կլանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, ՏԻՄ ընտրությունները կարող են միայն կանխորոշված վերջնարդյունք ունենալ։ Ու նման իրավիճակում խոսել քաղաքական մենաշնորհների նախկին գործելակերպից ձերբազատվելու եւ ժողովրդավար երկիր դառնալու մասին՝ այնքան էլ տեղին չէ։

Այդ տեսանկյունից կարեւոր արձանագրում է կատարում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ տեխնիկապես քվեարկության չկեղծումը դեռ ժողովրդավարություն չէ, այն ավելի լայն հասկացություն է եւ, անկախ հաղթող թեկնածուի ով լինելուց, Աբովյանում ժողովրդավարությունը հաստատ չի հաղթել: Ասել է թե՝ որքան էլ ֆորմալ առումով ազատ պայմաններ ստեղծենք քաղաքացիների ընտրության համար, միեւնույնն է, ՏԻՄ ընտրություններում մարդիկ ընտրելու են ըստ այն քաղաքական համակարգի, որը գերիշխում է տվյալ համայնքում։

Կարելի է նկատել, որ ինչպես 2018թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի մեկ այլ քաղաքում՝ Կապանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, այսօր եւս բախվում ենք մի երեւույթի հետ, երբ ընդունվում է ընտրությունների՝ ազատ կամ տեխնիկապես ոչ խնդրահարույց անցկացման իրողությունը, սակայն վերջինիս արդար լինելու մասով կասկածները մնում են։ Ակնհայտ է, որ հեղափոխական վարչակազմը՝ մերժելով քաղաքական մենաշնորհի վրա խարսխված նախկին համակարգը, չի կարողանում ներդնել արդար ընտրությունների պահանջները բավարարող այնպիսի համակարգ, որը թույլ չի տա նախկին քրեաօլիգարխիկ բարքերի ու դրանց կրողների վերարտադրությունը։

Քանի դեռ քաղաքական նոր համակարգ ստեղծված չէ՝ ազատ ընտրությունների հետ կատակ անել չի կարելի։ Եթե ընտրական ինստիտուտը լիարժեք չի ապաքինվել կամ արդար ընտրությունների համար ստեղծված չեն օրենսդրական եւ այլ նպաստավոր պայմաններ, ապա ազատ ընտրությունների միջոցով կառավարման լծակներին կարող են հասնել հենց քաղաքական մենաշնորհներ ստեղծած, այդպիսի հակումներ ու հայացքներ ունեցող անձինք ու խմբերը։

Այս նրբությունը, կարծես թե, հասկանում են նաեւ ներկայիս որոշ կառավարիչներ։ Պատահական չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ինչ-որ առումով դեմ գնալով իր թիմակիցների ինքնաարդարացնող դիրքորոշումներին, Աբովյանում տեղի ունեցածի կապակցությամբ հանձն է առնում անուղղակի կերպով բարձրաձայնել այս ընտրությունների ոչ լիարժեք ժողովրդավարական էության մասին։ Ըստ Պետրոսյանի՝ միշտ չէ, որ մաքուր, արդար, թափանցիկ ընտրությունն արտացոլում է նաեւ արժանապատիվ քվեն եւ արժանապատիվ քաղաքական պայքարը։ Ընտրական գործընթացների մասնակիցների այդ ոչ արժանապատիվ պահվածքի պատճառով է, որ քաղաքական մենաշնորհը մերժող վարչակազմի կազմակերպած ընտրություններում քվե է ստանում այն անձը կամ ուժը, որի հետեւում կանգնած է քրեաօլիգարխիան։

Հայաստանում ընտրական ինստիտուտի անկատարությունն ակնհայտ իրողություն է։ Եվ քանի դեռ մենք՝ որպես պետության քաղաքական համակարգի տարրեր, չենք սահմանել, թե որ միավորումները կարող են կոչվել կուսակցություններ, քանի դեռ չենք սահմանել, թե որ կուսակցական կամ անհատ անձինք կարող են հավակնել ընտրությունների միջոցով պաշտոններ զբաղեցնելուն, չենք սահմանել, թե ինչպիսի չափորոշիչների պետք է նրանք համապատասխանեն ընտրապայքարի մեջ մտնելիս, ինչպիսի հավասար ու արդար պայմաններ պետությունը պետք է ստեղծի ընտրական իրավունքի իրացման համար, մենք շարունակելու ենք անցկացնել ազատ ընտրություններ՝ առանց ունենալու որեւէ երաշխիք, որ արդյունքում կառավարման լծակներն իրենց ձեռքը չեն վերցնի հանրային շահը ոտնահարող տարբեր կլանների ներկայացուցիչներ։

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.