Friday, 04 October 2024

A Analysis

Մարտնչող տգիտությունը մեզ կործանման կարող է տանել

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Այսօր ցավալի է տեսնել, որ մեր ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի սպառնալիքի առջեւ։ Եվ դա համամոլորակային երեւույթի` կորոնավիրուսի ուղղակի ազդեցության հետ շատ քիչ աղերս ունի։ Վերջին ամիսներին կորոնավիրուսն ընդամենը առիթ ու միջոց է արտաքին ու ներքին շահառու շրջանակների համար՝ երկրում գեներացնելու անվստահության ու անկայունության մթնոլորտ։ Սակայն սպասվող աղետի հիմնական պատճառը գալիս է մարդկային մեր ներքին որակներից։ Պարզապես պետության անկայունության մեջ շահագրգիռ ուժերը դեմ չեն օգտվել համավարակի ընձեռած հնարավորություններից եւ ամեն ինչ անել այդ գործոնն ի շահ իրենց նպատակների ծառայեցնելու համար։

Կործանարար այս ընթացքի գլխավոր պատճառը կառավարողների տգիտությունն է, որն ուղղակի ազդեցություն է ունենում մեր սրընթաց անկման վրա։ Կան նաեւ այլ արատներ ու գործոններ, որոնք բացասական հետագիծ են թողնում իրավիճակի վրա, բայց մարտնչող տգիտությունն այն հիմնական ատաղձն է, որի գործածմամբ տարբեր շահառու ուժեր արագացնում են պետության գահավիժման գործընթացը։ Ակներեւ են նաեւ տգիտությանն ուղեկցող բաղադրիչները` անպատասխանատվությունը, ոչ արհեստավարժությունը, մեծամտությունը, ինքնահավանությունը, այլոց կարծիքների քամահրանքը։ Մերօրյա կառավարողների գերակշիռ մեծամասնությունը` անտեղյակ լինելով պետական կառավարման փորձին եւ նրբություններին, մեծ հաճույքով տեղավորվել է փափուկ գահավորակին, ստանում է բարձր վարձատրություն ու պարգեւավճար եւ անում այն ամենը, ինչ խելքին փչում է:

Վարչապետի թեթեւ ձեռքով երկու տարվա ընթացքում կառուցվեց բյուրոկրատական մի հսկա բուրգ, որը զուրկ է պետության անխաթար կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ մասնագիտական, բարոյական, կամային որակներից։ Երկու տարվա ընթացքում տեղի ունեցավ բացասական սելեկցիա, որի հետեւանքով համակարգից անգամ դուրս մղվեցին նման արատավոր պրակտիկայի հետ չհաշտվող, դեմք ու մասնագիտական արժանապատվություն ունեցող, անորակության ընդհանուր պատկերից զանազանվող անհատները։ Դա չէր կարող չնկատվել ու չօգտագործվել ձախողումների մեջ շահագրգիռ ուժերի կողմից։

Անկման այս ընթացքը, բնականաբար, ունի իր ներքին ու հատկապես արտաքին շահառուները։ Այժմ Հայաստանը, կարելի է ասել, իր ողջ «մերկությամբ» կանգնած է արտաքին աշխարհի առջեւ եւ հանձնում է իր բարեխիճ մոլորության թեստը. «Հեղափոխություն էիք ուզում, հիմա ինքներդ ծնկաչոք կխնդրեք, որ ձեզ ազատենք ձեր իսկ «հեղափոխականների» բերած ավերածություններից» բանաձեւով։ Ներկայում մեր ազգային անվտանգության համակարգում հոգեբանական, մանրէաբանական, առողջապահական, պարենային անվտանգության հիմնասյուները կամ արդեն ավերված են, կամ այնքան թուլացած (թուլացված), որ ի զորու չեն դիմագրավել առկա մարտահրավերներին։ Լավ չեն գործերը նաեւ Արցախում: Վերջին ընտրությունների արդյունքում դարձյալ արձանագրվեց մեր ռազմական անվտանգության երաշխավոր բանակի օպերատիվ-մարտավարական ենթակայությունը արտաքին ուժին։ Ինչպես չենք ունեցել, այդպես էլ չունենք հատուկ ծառայությունների ինստիտուտ։ Իսկ այն, ինչը կա այդ անվան տակ, ամբողջովին ու անվերապահ ծառայում է օտարի շահերին։ Կան քաղաքական դաշտի կոլապս եւ քաղաքական ճգնաժամ, քանզի հետեւողական կերպով ամեն ինչ արվել է դաշտը պահելու ցանկալի փոխդասավորության` «սեւ-սպիտակ» գունաբաժանմամբ կեղծ օրակարգերի տիրույթում։

Հիմա գանք COVID-19-ի հետ կապակցված նույն տգիտություն երեւույթի կոնկրետ դրսեւորումներից մեկին: Չգիտեմ, թե ում հղացումն է ԱԻՆ-ի եւ Ոստիկանության ավտոմեքենաներով պարբերաբար քաղաքացիների շրջանում հակավիրուսային պայքարում անվտանգության պահպանման համար իրազեկման ներկա արշավը: Բայց համոզված եմ, որ դա սկզբունքորեն սխալ, անգամ հակահասարակական գործողություն է, որի միջոցով հոգեբանական մեծ ցնցակաթվածի են ենթարկվում քաղաքացիները: Այդկերպ մարդկանց ուշադրությունը սեւեռվում է վիրուսի բերած ոչ թե վտանգների, այլ մարդկային վախերի վրա։

Անձի գիտակցականում վիրուսի վտանգի խնդիրը կարող է ուշադրության արժանանալ ընդամենը մի պահ, բայց անգիտակցականում վախերի ազդեցությունը տվյալ պահով չի սահմանափակվում, այն պարբերաբար կրկնվելու դեպքում ազդում է նյարդային համակարգի վրա` ոչնչացնելով մեր հանրության հոգեբանական անվտանգության ընդհանուր համակարգը։ Պարզ ասած` այդ քայլով կարեւորվում է անջատ մասը՝ քաղաքացիների իրազեկվածությունը, եւ տանուլ է տրվում ամբողջը` հոգեբանական կայունությունը, որն ամենակարեւոր պաշտպանիչ շերտն է մարդու առողջության տեսանկյունից։ Միջոցառման հեղինակները, հնարավոր է, տեղյակ չեն հոգեբանական նրբությունների, անձնական ու հավաքական անգիտակցականի աշխարհների մասին, որոնց նվիրված հսկայական գրականություն կա։ Պետք է ժամ առաջ դադարեցնել իրազեկման այդ արշավը, որի վնասն ավելի շատ է, քան օգուտը։

Սա է ընդհանուր պատկերը, որը թե´ տխուր է, թե´ վտանգավոր։ Պատմության վկայությամբ` անցյալում միայն դավաճանության միջոցով չէ, որ տեղի են ունեցել մեր պետականության անկումները, կոտորածներն ու ցեղասպանությունը: Դրանք առաջին հերթին եղել են մեր իսկ կառավարողների տգիտության ու բարքերի անկման պատճառով։ Խորենացու «Ողբը» հենց այդ մասին է։ Այն, ինչ անում են օտարներն ու նրանց ուղղակի ցուցումով` 5-րդ շարասյունը, հետեւանք են մեզանում տգիտության հաղթարշավի։ Խոհեմ կառավարիչները նախ` լուռումունջ, գլխահակ կստեղծեին ազգային անվտանգության համակարգ, անկախ հատուկ ծառայություններ, ապա` մերիտոկրատական կառավարման համակարգ եւ նոր միայն կսկսեին խոսել ու հարաբերվել աշխարհի հետ։ Մերն առայժմ տգետ գավառացուն հարիր ճամարտակությունն է։

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.