Friday, 29 March 2024

A Analysis

Հեղափոխության մարտահրավերը՝ ովքե՞ր են ընտրվողները

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Թավշյա» հեղափոխության հաղթանակը Հայաստանում ստեղծել է մի վիճակ, երբ մարդիկ փորձում են հասկանալ, թե որն է քաղաքական գործընթացների ներկայիս առանցքը։ Վերջին երկու ամիսներին հինը քանդելու եւ նորը կառուցելու միտքը հանրության տեսլականն է եղել։ Ժողովուրդը հինը քանդել է։ Թե ինչ ենք կառուցում հիմա՝ ինչ-որ չափով նույնպես հասկանալի է։ Կառուցում ենք օրենքի վրա հիմնված երկիր, այսինքն՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն, ինչպես նշված է Սահմանադրության 1-ին հոդվածում։ Սակայն նորը կառուցելու խնդրում առաջին դժվարությունները ծագում են, երբ կրկին ինքներս մեզ տալիս ենք վաղուց չարչրկված մի հարց՝ ինչպե՞ս։

Հանրությունն ակներեւաբար գիտակցում է, որ ներկայիս կառավարությունը ժամանակավոր է, եւ երկրում հանրային-քաղաքական կյանքը կարգավորելու համար նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն ուղղակի անհրաժեշտություն է։ Դրա հետ մեկտեղ բոլորը տեսնում են, որ երկրում լայն թափով պայքար է տարվում կոռուպցիայի դեմ։ Ընթացքի մեջ է վարչական մարմինների վերափոխման գործընթացը, քանի որ վերջիններս խնդիր ունեն հանրության շահերը լավագույնս սպասարկելու համար հանդես գալ նորովի՝ բացառելով կամայականություններն ու բյուրոկրատական քաշքշուկները։ Գոյություն ունի անօրինական հարստացածների եւ կառավարման համակարգը յուրացրած նախկին վարչակարգի սպասարկուների հսկայական մի զանգված, որը «բալաստի» նման դանդաղեցնում է պետական մեքենայի ընթացքը։ Գործադիր իշխանությունը քայլեր է ձեռնարկում նաեւ այս ուղղությամբ։

Սակայն գործադիրի հակակոռուպցիոն ձեռնարկումները, արդյունավետ վարչարարությունը եւ քրեաօլիգարխիկ շրջանակներին կառավարման լծակներից զրկելու գործընթացը բավարար չեն՝ արձանագրելու համար «թավշյա» հեղափոխության այնպիսի կայուն ձեռքբերումներ, որոնք կհանգեցնեն առաջադրված նպատակների իրականացմանը։ Այն է՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացում եւ օրինակարգ վարչակազմի ձեւավորում։ Հստակ է, որ եթե ընտրություններն անցկացվեն առանց իրավակառուցվածքային հաստատուն վերափոխումների, ապա մենք կկանգնենք «կոտրած տաշտակի» առջեւ. կունենանք ներկայիս խորհրդարանից շատ քիչ տարբերվող Ազգային ժողով։ Ուրեմն որո՞նք են ինստիտուցիոնալ այն դաշտերը, որոնց բարձիթողի վիճակը, չկարգաբերվածությունը խոչընդոտելու են ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը։

Առաջին դաշտը, որի հարցում կա հանրային կոնսենսուս, ընտրությունների օրինական, կազմակերպված, թափանցիկ ու վերահսկելի ընթացքի ապահովումն է։ Դրա համար ՀՀ ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանի ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու բոլոր չափանիշներին եւ հանրության ակնկալիքներին։ Այդ տեսանկյունից այսօր կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում ընտրությունների ընթացքի վրա կողմնակի ազդեցությունները կանխարգելելու, ինչպես նաեւ նոր պաշտպանիչ մեխանիզմներ ներդնելու համար։ Ընտրական օրենսգրքում եղած շատ «խութերի» մասին բարձրաձայնում են նաեւ տարբեր քաղաքական շրջանակներ, առանձին անհատներ։ Այսպիսով՝ կան հանրային մեծ ուշադրություն եւ պահանջ Ընտրական օրենսգիրքը վերափոխելու գործում։

Մյուս դաշտը, որի չկարգաբերվածությունն ուղղակի ազդեցություն է գործելու ընտրական գործընթացի վրա՝ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների խնդիրն է։ Հենց այս խնդրի վերաբերյալ է, որ հանրության շրջանում թյուրըմբռնում կա։ Ուստի փորձենք մի փոքր ավելի խորը դիտարկել տվյալ խնդիրը։

Ժամանակակից հանրապետությունների հիմքում ընկած է մարդու իրավունքների անվերապահ ճանաչումը։ Ինչպես գրված է մեր Սահմանադրության մեջ, հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Քաղաքացու հիմնարար իրավունքների թվում առանցքային նշանակություն ունեն քաղաքական իրավունքները, որոնք են՝ պետական կառավարման մարմիններ ընտրելը եւ այդ մարմիններում ընտրվելը։ Եթե Ընտրական օրենսգիրքը՝ սահմանելով պետական կառավարման մարմիններ ընտրելու կարգն ու պայմանները, երաշխավորում է քաղաքացու՝ ընտրելու իրավունքը, ապա ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու առումով նույնքան կարեւոր են քաղաքացիների ընտրվելու իրավունքի հետ կապված պայմանների սահմանումն ու կարգի ապահովումը։ Տվյալ խնդիրը լուծվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, քանզի կուսակցություններն են, որ նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Իսկ խորհրդարանական ընտրությունների դեպքում, հայաստանյան համամասնական ընտրակարգի պայմաններում, կուսակցությունները ոչ միայն նպաստում են դրան, այլեւ հենց իրենք են դառնում քաղաքական կամքի ձեւավորման ու արտահայտման միակ միջոցը։

Հայաստանում դասական իմաստով կուսակցություններ գրեթե երբեք չեն եղել։ Դրանք անձնական շահերով առաջնորդվող որոշակի անձանց կողմից ստեղծված կառույցներ էին։ Այդ անձինք նպատակ են ունեցել քաղաքական գործունեություն ծավալելու եւ պետական կառավարման համակարգում ընդգրկվելու միջոցով պաշտպանել անօրինական ճանապարհով ձեռք բերած սեփականությունը կամ ստանալ այնպիսի քաղաքական դիրքեր ու տնտեսական քվոտաներ, որոնք կերաշխավորեին իրենց անձնական բարեկեցությունը։ Այդպես՝ տարիների ընթացքում կազմավորվել են մի քանի տասնյակ «անձ-կուսակցություններն» ու «խմբակ-կուսակցություններ»։ Ընդ որում՝ տնտեսական դաշտում մենաշնորհների ծավալումը տարեցտարի ստիպել է, որ քաղաքական դաշտում գործող այդ սուբյեկտները նույնպես գնան խոշորանալու ուղիով։ Այդպես՝ «խմբակ-կուսակցությունների» հիմքի վրա ստեղծվել են օլիգարխիկ կուսակցություններ, որտեղ հավաքվել են խոշոր կապիտալի ներկայացուցիչները։ Վերջիններս իրենց հերթին տվյալ կուսակցության մեջ ընդգրկել են արդեն իրենցից սնվող կամ իրենց կողմից հովանավորվող ու պաշտպանվող շերտերին։ Արդյունքում «անձ-կուսակցությունները», հատկապես վերջին տարիներին, հայտնվել էին լուսանցքում։ Նրանց դրսեւորման եւ գործունեության միջակայքը համապետական ընտրությունների ժամանակահատվածն էր, երբ ինչ-ինչ ծառայություններ մատուցելու դիմաց փորձում էին լուծել իրենց անձնական խնդիրները։

Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող սպասարկել հանրային շահը, արտացոլել հասարակության տարրապատկերը եւ դառնալ ժողովրդի կամարտահայտության ցուցիչը, եթե դրանց մասնակցեն վերը նշված օլիգարխիկ կուսակցությունները կամ այն «անձ-կուսակցությունները», որոնք դեռեւս գրանցված են Արդարադատության նախարարությունում եւ անհամբեր սպասում են առաջիկա ընտրություններին։ Ընտրություններին կուսակցությունների մասնակցությունը՝ առանց այդ կազմակերպությունների հստակ վերակառուցման, դառնալու է չարիք ու լարվածության շատ մեծ օջախ, որը կրկին ցնցումների մեջ է պահելու երկիրը։ Թե՛ օլիգարխիկ կապիտալը եւ թե՛ «անձ-կուսակցությունները», որոնց ծառայություններից կցանկանա օգտվել հոդվածի սկզբում ակնարկված «բալաստը»՝ քաղաքական դաշտից դուրս մնացած անպետք թափոնը (նախկին վարչախմբի ներկայացուցիչներ, ապօրինաբար հարստացածներ, կառավարման համակարգը յուրացրած նախկին ռեժիմի սպասարկուներ եւ այլք), ուղղակի կտորպեդահարեն «թավշյա» հեղափոխության բոլոր այն ձեռքբերումները, որոնք, անտարակույս, կունենանք այս ամիսների ընթացքում։

Ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար ինստիտուցիոնալ երկրորդ դաշտի՝ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների կարգաբերումը, այսպիսով, դարձել է պետականաշինության գործում կենսական անհրաժեշտություն։ Այդ նպատակով մինչեւ ընտրություններ Ընտրական օրենսգրքի հետ միասին եւ նրա հետ փոխկապակցված կարգով պետք է էական վերափոխումների ենթարկվի «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը՝ կուսակցություններին բերելով ինստիտուցիոնալ դաշտ։ Բացի դրանից, հրամայական է նաեւ «Դեկապիտալացման մասին» նոր օրենքի ներդրումը, որը կկարգավորի բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու, մինչեւ պարտավորությունների լիարժեք կատարումը անօրինական սեփականությունը պայմանականորեն ճանաչելու, տարիներ շարունակ ժողովրդի եւ պետության հաշվին ապօրինաբար հարստանալու պատճառով հանրությանն ու պետությանը փոխհատուցելու, անօրինական կապիտալի հարկման նոր պայմանների, կարգի եւ այդ բնագավառին վերաբերող մյուս բոլոր իրավահարաբերությունները։

Ահա խնդիրների այս օրակարգի շուրջ քննարկումները, մշակումները, օրենսդրական նախաձեռնությունները պետք է լինեն քաղաքական գործընթացների առանցքում: Դրանք էլ կպայմանավորեն «թավշյա» հեղափոխության ձեռքբերումների անշրջելիությունը մեր պետության հետագա կյանքում։

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.