Sunday, 16 June 2024

A Analysis

Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ «կրքերը» շարունակվում են

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի սահմանազատման դեմ սկսված բողոքի ակցիաները լայն թափ ստացան: Դեռեւս պարզ չէ, թե ուր կտանեն նման ալիքի հետեւանքով առաջացած քաղաքական գործընթացները։ Մեզ մնում է միայն ընդգծել, որ խոսքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջների եւ ընդդիմության հերթական ակտիվացման մասին է։

Բայց այս դեպքում կցանկանայի խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի շրջանակներում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ այժմ ուշադրության կենտրոնում սահմանազատման նույն խնդիրն է։ Ըստ ամենայնի, հայաստանյան ցույցերը լուրջ անհանգստություն են առաջացրել Ադրբեջանում, որտեղ բոլորը միշտ պատկերացնում են «ռեւանշիստական ուժերի խառնակչություններ»։ Եվ այնպես ստացվեց, որ բողոքի ցույցերը Երեւանում համընկան հենց Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հետ։

Այս բանակցություններն արդեն իսկ շատերի տարակուսանքն են առաջացրել ՀՀ-ում, որտեղ, իր հերթին, սովոր են Ադրբեջանի յուրաքանչյուր առաջարկի մեջ որոգայթ տեսնել։ Իսկ Ղազախստանի մայրաքաղաքում բանակցություններ վարելու գաղափարը առաջ է քաշել Ադրբեջանը եւ ընդունել է հայկական կողմը։ Բնականաբար, այս հանդիպումից կարելի էր անակնկալ սպասել։ Ստիպված համաձայնելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչմանը՝ որպես տարածքների սահմանազատման հիմնական սկզբունք՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չէր թաքցնում, որ դժգոհություններ ունի այս մոտեցման վերաբերյալ՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման համապարփակ սկզբունք։ Հայաստանի ԱԳ նախարարը խոսեց նաեւ այդ սկզբունքը երկրների միջեւ խաղաղության պայմանագրի տեքստում ներառելու Ադրբեջանի դժկամության մասին։

Եվ այսպես, մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած նախարարական հանդիպման շուրջ հայտարարությունները պարզեցին Ադրբեջանի այս դիվանագիտական նախաձեռնության պատճառը։ Հանդիպմանը հաջորդած՝ ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ Ալմա-Աթայի հռչակագրի մասին խոսք չկար, այլ միայն նշվեց. «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը եւ այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները եւ նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»:

Ամենայն հավանականությամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի թեման ներառվել է «բաց հարցերի» կատեգորիայի մեջ, որոնց շուրջ դեռեւս հակասություններ կան։ Իսկ տեղի ունեցողի խորը իմաստը դրսեւորվեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ մայիսի 11-ին Շուշի քաղաքում արած հայտարարության մեջ, որտեղ նա բոլորին հասկացրեց, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումը տեղի է ունենում ադրբեջանական կողմի պայմանով, եւ սա մեր հերթական հաղթանակն է։ Այսօր Ղազախի (նկատի ունի Տավուշը-խմբ.) 4 գյուղ մեր պահանջով վերադարձվում է։ Այդպես էլ շարունակվելու է։ Բոլորը պետք է մեզ հետ հաշվի նստեն։ Եթե այսօր նորից տեսնենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական աստիճանի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա»։

Այսինքն, ըստ Ալիեւի, սահմանազատման հիմնական սկզբունքը Ադրբեջանի պայմաններն են, եւ բոլորը պետք է դա հաշվի առնեն։ Եվ, ընդհանրապես, պիտի հաշվի առնեն Ադրբեջանի ցանկացած պահանջ։ Կարելի է ասել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար դիվանագիտության ոլորտ է մտցվել նոր հայեցակետ՝ Ադրբեջանի պայմաններով կարգավորում՝ որպես համապարփակ սկզբունք։ Եթե հաշվի առնենք այն, որ, ըստ Ադրբեջանի, Հայաստանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի իմաստը միայն «հետագա բանակցությունների պայմանների մասին» փաստաթղթի ստորագրումն է, ապա երկրների միջեւ խնդիրների ոլորտում մթնոլորտը դառնում է բավական թափանցիկ։

Այն հակիրճ կարելի է բնութագրել այսպես՝ Հայաստան պետության ապագան որոշելու է Ադրբեջանը։ Պարզվում է՝ պաշտոնական Երեւանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը վերջին օրերին հայտնվել է թե՛ արտաքին թշնամու, թե՛ սեփական հասարակության մի զգալի մասի ժխտողականության թիրախում։ Կարելի է պնդել, որ ճգնաժամ է առաջացել երկրի ներսում այս քաղաքականության ընկալման մեջ եւ, միաժամանակ, այդ քաղաքականության շրջանակների խստացում Ադրբեջանի կողմից։ Ճիշտ է, շատ իշխանամետ քաղաքագետներ ու լրատվամիջոցներ ավելի հակված են ընթացող գործընթացներում տեսնել միայն Ռուսաստանի ջանքերը։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը հակված է ընդդիմանալ սահմանազատման գործընթացին նույնիսկ Ադրբեջանի պայմաններով։

Բայց Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների էությունը շատ ավելի խորն է։ Առնվազն Ալմաթիի սկզբունքներով հակասությունների հարցում կարող ենք համաձայնել, որ Հայաստանի բոլոր ընդդիմախոսներն ունեն ընդհանուր կարծիք։ Պաշտոնական Մոսկվայից դեռ «օրհնություն» չի եղել սահմանազատման հանձնաժողովների համաձայնագրի կնքման հետ կապված, որտեղ որպես հիմնարար սկզբունք ներկայացված է Ալմա-Աթայի հռչակագիրը, թեեւ աշխարհի շատ երկրներ ողջունել են այս համաձայնագիրը՝ որպես կարեւոր քայլ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Եվ դրա մեջ ոչ մի առեղծված չկա։

Ուկրաինայի շուրջ տարաձայնությունների հենքին ՌԴ-ի եւ Արեւմուտքի հիմնական դիվանագիտական հակասությունը հետխորհրդային երկրների սահմանների օրինականությունը որոշող սկզբունքի նկատմամբ վերաբերմունքն է։ Արեւմուտքի կողմից Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ մեղադրելը հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի օրինականության ճանաչման վրա: Եվ զարմանալի չէ, որ հենց այս հակասությունն է բաժանարար գիծ դառնում ուկրաինական պատերազմի թեմային հակադիր ճամբարների միջեւ։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանը նույնպես հայտնվեց նման գլոբալ դիմակայության կենտրոնում։

Հարկ է հիշեցնել, որ պետությունների միջազգային ճանաչման խնդիրը միջազգային հարաբերություններում ամենահիմնականն է։ Պետականակերտ ժողովրդի բոլոր իրավունքները սկսվում են ճանաչումից։ Ներկայում դա ամենից շատ վերաբերում է հետխորհրդային տարածքի նոր պետություններին։ Խորհրդային Միության լուծարումից երեք տասնամյակ անց այս պետությունների քաղաքական եւ իրավական խնդիրները ձեռք են բերում ճգնաժամային բնույթ՝ սպառնալով խնդիրը հասցնել բուն միջազգային ճանաչման երեւույթի ճգնաժամի։ Ուկրաինայի հետ մեկտեղ այս տարածքում ամենաբարդերից մեկը Հայաստանի Հանրապետության խնդիրն է դարձել։

Հիշեցնեմ, որ Ալմա-Աթայի համաձայնագիրը ԱՊՀ-ի նպատակների ու սկզբունքների, դրա հիմքերի հռչակագիր է։ Դրանով հաստատվել է 1991թ. դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագիրը՝ նշելով, որ ԱՊՀ կազմավորման հետ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ։ Այն պարունակում է թեզ՝ միմյանց տարածքային ամբողջականության եւ գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության ճանաչման եւ հարգանքի մասին։ Խոսքը նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների մասին է։

Սակայն հետխորհրդային տարածքի ազգային-տարածքային սահմանազատման օրինականությունը կասկածի տակ դրվեց, երբ 1996թ. մարտի 15-ին ՌԴ Պետդուման ընդունեց Բելովեժյան համաձայնագրի իրավական ոչ կոռեկտության մասին որոշումը։ 1996-ին հետխորհրդային միջազգային կարգը իրավաբանորեն չձեւավորված էր եւ բոլորովին թվում էր անկայուն ու թերի։ Երկրորդ հարվածը Ալմա-Աթայի հռչակագրին հասավ այն ժամանակ, երբ 2008թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը հետեւեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության միջազգային իրավական ճանաչմանը: Եվ այս հռչակագրի ապալեգիտիմացման կիզակետը Ուկրաինայի պատերազմն էր։ Փաստորեն, այս հռչակագիրը դարձել է կարմիր գիծ, որի շուրջ խմբավորվում են հետխորհրդային տիրույթի տարածքային սահմանազատման կողմնակիցներն ու հակառակորդները։

Հայաստանն էլ հայտնվեց աշխարհաքաղաքական այս դիմակայության կենտրոնում։ Հասկանալի է, որ քաղաքական գործընթացների ցանկացած կտրուկ հետընթաց պետք է ազդեր Հայաստանի վրա։ Ռուսաստանի՝ Արեւմուտքի հետ սուր առճակատման մեջ մտնելը փոխել է նրա վերաբերմունքը կովկասյան տարածաշրջանի երկրների եւ Թուրքիայի նկատմամբ։ Հայաստանը միջամտող օղակ է դարձել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելու՝ Ռուսաստանի նոր քաղաքականության մեջ։ Բնականաբար, ստեղծված իրավիճակը նրա համար լուրջ կորուստների էր հանգեցնելու։ Շատ բան փոխվեց Հայաստանի համար, երբ 2020-23 թվականներին Լեռնային Ղարաբաղը ուժի կիրառմամբ բռնակցվեց Ադրբեջանին։

Ի՞նչ արեց Հայաստանը. ճանաչեց պատերազմի արդյունքները՝ հրապարակայնորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Միաժամանակ իշխանությունները հայտարարեցին, որ ՀՀ-ն չունի Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ արցախցիների՝ հայրենիք վերադառնալու խնդիր։ Երկիրը կանգնած էր պետական եւ ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման խնդրի առջեւ։ Հայաստանն իր պետականությունը հիմնեց իր սահմաններին վերաբերող միակ հիմնական սկզբունքի վրա։ Այս սկզբունքը հիմնված էր 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների՝ որպես պետական սահմաններ փոխադարձ ճանաչման մասին։ Այս մոտեցումը համարվում էր բավարար ներուժ եւ օրինակարգություն միջազգային հանրության համար։

Բայց շատ արագ պարզ դարձավ, որ Հայաստանի հույսերը՝ կապված այս հռչակագրի հետ, լիովին արդարացված չէին։ Ստանալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես իր տարածքի մաս՝ Ադրբեջանը չի շտապում վերջնականապես համաձայնել սահմանները ճանաչելուն՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Ռուսաստանը, որը չի ճանաչում այդ հռչակագիրը, բնականաբար, նույնպես ստիպված էր հակադրվել դրա հիման վրա ՀՀ-ի քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ Հայաստանը փորձում է Ադրբեջանին ներքաշել սահմանազատման գործընթացի մեջ՝ նախնական տարածքային բոնուսների միջոցով։

Այն պայմաններում, երբ աշխարհում միջպետական տարաձայնությունները գնալով ավելի են տարածվում, եւ աշխարհակարգը գնում է դեպի քայքայման, երկարաժամկետ պայմանավորվածությունների վրա լրջորեն հույս դնելն ուղղակի միամտություն է։ Հետեւաբար, իրավիճակային համաձայնությունները ձեռք են բերում վճռորոշ նշանակություն։ Չմոռանանք, թե որտեղից սկսվեց Լեռնային Ղարաբաղի աղետը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։

Մինչ այժմ Ալմա-Աթայի հռչակագրից՝ որպես տարածքների սահմանազատման հիմնական սկզբունքից հրաժարվելու՝ Ադրբեջանի ջանքերը զսպված են եղել արեւմտյան տերությունների կողմից: Ինչքա՞ն երկար դա կարող է տեւել։ Հայաստանը նույնպես պետք է այս մասին մտածի:

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.