Tuesday, 21 May 2024

A Analysis

Ինքնախաբեության հայկական քաղաքականությունը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ոչ ոք չի կարող փրկվել, եթե չգիտի փրկության ճիշտ ճանապարհը: Իսկ եթե ներքուստ համոզված է, որ իրեն առաջարկվող ճանապարհը կեղծ է, ապա ինքն է իր դատավորը։ Ո՞ր ճանապարհով է այսօր գնում Հայաստանը։ Միգուցե սա իսկապե՞ս փրկության տանող ճանապարհն է: Ի վերջո, շատերը հենց այդպես են մեզ հավատացնում։ Արժե համառոտ նկարագրել հայկական քաղաքականության էությունը։

Ներկայումս բոլորին պարզ է, որ ինչ-որ պահից Հայաստանի իշխանությունների համակ ուշադրությունը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու վրա էր։ Համարվում էր, որ նման հանձնումը Ադրբեջանին հաղթաթուղթ չի թողնի, իսկ միջազգային հանրությունը կստիպի այդ երկրին խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, եւ վերջինիս բոլոր պահանջները լեգիտիմ կլինեն ու, միաժամանակ, հնարավոր կլինի ձերբազատվել Ռուսաստանի թելադրանքից։

Ամեն ինչ, իհարկե, այնքան էլ գեղեցիկ չի լինի, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրման փաստարկը կարող է «ինդուլգենցիա» լինել իշխանությունների հասցեին հնչող ցանկացած քննադատության դեմ։

Բայց տեղի ունեցավ անսպասելին: Ստանալով Արցախի տարածքը՝ Ադրբեջանը հրաժարվեց հաշտության պայմանագիր կնքելու մտքից եւ որդեգրեց ՀՀ տարածքն աստիճանաբար յուրացնելու ռազմավարություն՝ այն որակելով «Արեւմտյան Ադրբեջան»։ Այդ տարածքում հայերի գոյությունը պատմական առումով սկսեց հերքվել Ադրբեջանի կողմից։ Այդ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ խաղաղության պայմանագիրը ոչ թե առճակատման ավարտն է, այլ Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու սկիզբը՝ հետագա բանակցությունների պայմանները կարգավորող փաստաթուղթը:

Ավելին՝ խնդրո առարկա փաստաթղթի ստորագրումը Բաքուն պայմանավորեց ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությամբ, քանի որ այն, ըստ մյուս կողմի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միտված սպառնալիքներ է բովանդակում։

Այս տարեսկզբից ակնհայտ դարձավ, որ հայկական ռազմավարության ձախողման գիտակցումը խուճապ է առաջացրել իշխանությունների շրջանում։ Փաստորեն տեղի է ունեցել գաղափարական անկում՝ փլուզվել է երեսնամյա պետական քաղաքականության հիմքը։ Ստացվում է, որ ԼՂ հիմնախնդիրը սկզբունքային նշանակություն չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններում։ Այս հարաբերությունները թելադրված են բոլորովին այլ շարժառիթներով։ Բայց դրանք կարգավորելու համար այլեւս ոչ մի ռեսուրս չկա՝ թե՛ գաղափարական, թե՛ նյութական։

Հայաստանի իշխանությունները դիմել են Արեւմուտքի օգնությանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի։ Թե ինչի կհանգեցնի դա, կքննարկենք ավելի ուշ: Հիմա փորձենք հասկանալ, թե Հայաստանի իշխանություններին որտեղի՞ց հաջողության նման վստահություն։ Շատ կարեւոր է դա հասկանալ. մարդկանց ուղղակի անգործունակության մեջ մեղադրելը տեղին չի լինի:

Այստեղ խոր փորելու կարիք չկա։ Խնդիրն այն է, որ երեք տասնամյակ Հայաստանի ողջ քաղաքականությունը հիմնված էր այն հստակ համոզմունքի վրա, որ 1915թ. Հայոց ցեղասպանություն իրականացրած թուրքերն այժմ որեւէ պահանջ Հայաստանից չունեն: Համենայն դեպս՝ պիտի որ չունենան. նրանց բոլոր գործողությունները բխում են բացառապես հայերի անհիմն պնդումները զսպելու դրդապատճառներից։ Ըստ այդմ, հայ քաղաքական գործիչների ընկալմամբ՝ Հայաստանի անվտանգության ապահովման ճանապարհն է թուրքերի նկատմամբ պահանջներից անվերապահ հրաժարումը։

Հասկանալի է, որ այս մոտեցմամբ ԼՂ հիմնախնդիրն օրակարգից հանելու գործողությանը փրկչական, գրեթե մոգական նշանակություն վերագրվեց։ Որտեղի՞ց նման վստահություն այս քաղաքականության արդյունավետության նկատմամբ։ Ի վերջո, պետք է սրա հիմքում ընկած ինչ-որ պատճառ լինի: Պարզվում է՝ պատճառ իսկապես կա: Դա այն համոզմունքն է, որ հայերը թուրքերից ոչինչ չեն կարող ստանալ՝ ուժերի խիստ անհամաչափության պատճառով։ Եվ ամեն ինչից զատ՝ Հայաստանն աշխարհում դաշնակիցներ չունի։ Ուստի,- այսպես են մեզ հորդում ՀՀ իշխանությունները,- անլուծելի խնդիրներ մեր առջեւ դնելու կարիքը չկա:

Իշխանության ներկայացուցիչներից մեկն ավելի հեռուն գնաց իր ձեւակերպմամբ. «Միայն մտածեք ձեր կյանքի տեւողությունն ազգային օրացույցում մի քանի տարով ավելացնելու մասին»: Ուղերձը հետեւյալն է՝ բոլոր այն խնդիրները, որոնք կապված են թուրքերի հետ եւ որոնցում կա նրանց նկատմամբ պահանջատիրության տարր, համարվում են անլուծելի։ Հենց այս փիլիսոփայության վրա է կառուցված ՀՀ վարչապետի քաղաքականությունը։ Նա ոչ մի նոր բան չի մտածել։ Այս քաղաքականության նպատակն է անսահմանափակ զիջումների միջոցով հասնել երկրի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրմանը, ինչը կերաշխավորի նրա անվտանգությունը։

Տարօրինակ կարող է թվալ, բայց Հայաստանի քաղաքական վերնախավը համոզված է, որ կապիտուլյացիան, որպես միջազգային իրավական ակտ, կստիպի հաղթած թշնամուն պարտավորություն ստանձնել՝ հրաժարվելու պարտված կողմի վերջնական ջախջախումից։ Դա, իբր, կպարտադրվի միջազգային հանրության ջանքերով: Սա, մեղմ ասած, ինքնախաբեություն է: Անկախ նրանից՝ դո՞ւր կգա այս եզրահանգումը ինչ-որ մեկին, թե՝ ոչ, այսպիսին է իրական վիճակը:

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.