Monday, 24 September 2018

A Analysis

Ինչի շուրջ են վիճում մերօրյա Հայաստանում (մաս 2)

Երկրորդ մաս

20-րդ դարի երկրորդ կեսին եւ 21-րդ դարասկզբին ավտորիտար եւ քրեական վարչակարգերի ճիրաններից ազատված բազմաթիվ պետությունների փորձը գնալով ավելի գրավիչ է դառնում Հայաստանի երիտասարդ սերնդի համար: Քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք իրենց դրսեւորել էին՝ սկսած 2011 թվականից, եւ կիրառում էին խաղաղ անհնազանդության եղանակը, ծնունդ տվեցին նոր տիպի առաջին բանավեճին՝ երկրի ժողովրդավարացման գործում քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական շարժումների դերի շուրջ ազատ քննարկումներին: Ճիշտ է, սկզբում այդ քննարկումները միանգամից կոշտ բանավեճի բնույթ ստացան, քանի որ կողմերից մեկը կուսակցություններն էին: «Փրկվելով» նման բանավեճից, քաղաքացիական ակտիվիստներն օրախնդիր դարձրին իրենց քաղաքացիական նախաձեռնությունների «քաղաքականացման անթույլատրելիության» մասին թեզը: Իրականում խոսքը կուսակցություններին քաղաքացիական նախաձեռնություններին չխառնելու ցանկության մասին էր, ինչը շատ ցավագին էր ընկալվում քաղաքական ուժերի կողմից: Ժամանակի ընթացքում կյանքը շատ արագ պարզեցրեց իրավիճակը: Արդեն 2015-ի «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական նախաձեռնության շրջանում կուսակցությունները հաշտվեցին դիտորդի կարգավիճակի հետ: Ճիշտ է, այդ ժամանակից սկսած՝ իրենց սպառեցին ինչպես քաղաքացիական նախաձեռնությունները, այնպես էլ այդ թեմայի շուրջ բանավեճը: Քաղաքական նոր երեւույթը երկրում այդպես էլ մնաց չիմաստավորված:

Քանի որ ազատ ընտրությունների անցկացման որեւէ հնարավորություն չլինելու պատճառով երկրում քաղաքական կյանքը իսպառ արժեզրկվել էր, ցանկալի փոփոխությունների հասնելու՝ հանրության հույսերը խորն անկում ապրեցին: Գործող վարչակարգն ուժեղացրեց անհատական ​​ահաբեկչությունն ու ընտրողների համատարած կաշառման գործելակերպը` վերջնականապես զրոյացնելով ընտրական գործընթացները: Վերջին հանգամանքը զգալիորեն այժմեականացրեց կոռուպցիայի թեման հանրային քննարկումներում: Ընդ որում՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքները տարածվեցին նաեւ ընտրողների կաշառվածության վրա: Հասարակության հասցեին մեղադրանքներն ուժեղացրին հիմնականում ընդդիմադիր ուժերը: Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլին տեղի ունեցած պատերազմը էլ ավելի սրեց կոռուպցիայի թեման հասարակության մեջ: Երկրի բարձրագույն իշխանությունները մեղադրվում էին միջազգային մակարդակով գործարքների եւ այլ պետությունների շահերի օգտին գործելու մեջ: Այս նույն քառօրյա պատերազմը ուշադրության կենտրոն դուրս բերեց վերջին տարիներս առանց այդ էլ մխացող «Ռուսաստան-Արեւմուտք» երկընտրանքը: Կարելի է պնդել, որ մեկուկես տարվա ընթացքում այս երկընտրանքի շուրջ բանավեճը ստվերել է մյուս կարգի բոլոր քննարկումները: Երկրում բոլոր ձայն հանողները բաժանվել են երկու խմբի՝ Ռուսաստանի ընդդիմախոսների եւ պաշտպանների: Այս բանավեճը դուրս է եկել երկրի սահմաններից՝ ավելի ու ավելի գրավելով ռուսական ԶԼՄ-ների ուշադրությունը:

Այսպիսով՝ անզիջում բանավեճի ձեւով կենսահույզ խնդիրների քննարկման ավանդույթը պահպանվել է մինչ մեր օրերը. փոխվել է միայն թեման, որի շուրջ ոչ այն է՝ բանավեճ է, ոչ այն է՝ մեղադրական դատավճիռ վիճողների ճամբարների հանդեպ: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նույն մթնոլորտն է արմատավորվել նաեւ տեղական բնույթ կրող քննարկումներում: Բանավեճի նկարագրված «համազգային» թեմաների հետ մեկտեղ՝ վերջին բոլոր տարիներին ընթանում էին քննարկումներ ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության թեմաներով: Մասնագետների նեղ շրջանակի այդ բանավեճերում սկիզբ առան քաղաքական գաղափարախոսությունների ու գործելաոճերի քննարկումները: Ավելի հաճախադեպ կարելի էր լսել «ազատականություն», «ազգայնականություն», «պահպանողականություն» «սոցիալական արդարություն» հասկացությունները: Սակայն այդ քննարկումները վկայում են, որ այստեղ եւս գերիշխում է բանավեճը: Ցանկացած հարցի ազատ քննարկում կառուցվում է երկընտրանքների վրա, օրինակ` «ազատականություն-ազգայնականություն» կամ «ազատականություն-սոցիալիզմ»: Ընդ որում, այդ երեւույթների բնութագրերը քիչ առնչություն ունեն արեւմտյան տեսաբանների դասական ձեւակերումների հետ: Օրինակ՝ հայ սոցիալիստները Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը կոչում են ազատական, այսինքն` հիմնված քրեաօլիգարխիկ վարչակարգի անհավասարության սկզբունքի վրա: Այն հանգամանքը, որ քաղաքական ազատականության էական սկզբունքը «հավասար ազատության» սկզբունքն է, ոչ մի կերպ հարցականի տակ չի դնում ազատականության վերաբերյալ հայերի տեսլականը: Նույն աստիճանի հակադրության մեջ են դրվում ազատականությունը եւ ազգայնականությունը: Դարձյալ այս հասկացություններին տրվում է կամայական հայկական բնութագիր: Հաշվի չի առնվում այն, որ ազատական-ժողովրդավարական ​​կարգերն ի սկզբանե երեւան են եկել հենց ազգ-պետություններում:

Նկարագրված իրավիճակը, իհարկե, կապված է հայ հասարակության կրթության եւ գիտական ​​գրականության պակասի հետ: Երկրում դեռեւս չկա խոր գիտական իմացություններ ունեցող լայն հանրություն: Նման իրադրությունում միշտ իր արմատներն է գցում «կիսագրագիտություն» հասկացությունը (այն իմաստով, որ բոլորը շատ բան գիտեն, բայց քիչ բան են հասկանում): Սակայն հասարակության եւ պետության գաղափարական հիմքերի նկատմամբ աճող հետաքրքրությունն ինքնին կարեւոր է` ժամանակի ընթացքում երկիրը կարող է վիճաբանությունների դաշտից դուրս գալ քննարկումների դաշտ` իր կեցության համար հիրավի արդիական հարցերի շուրջ: Այդ ժամանակ էլ հնարավոր կլինի բարձրացնել այնպիսի հարցեր, ինչպես օրինակ՝ «Ո՞րն է հայկական պետության իմաստը»,- եւ համարձակորեն քննարկել` համոզիչ պատասխան գտնելու նպատակով:

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am