Saturday, 10 April 2021

A Analysis

Քոչարյանը խառնեց իշխանության խաղաթղթերը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն այլեւս կասկած չի հարուցում: Հունվարի 27-ին «5-րդ ալիք»-ին եւ հայաստանյան մի քանի կայքերի տված ծավալուն հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հաստատել է, որ իր քաղաքական թիմով կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ կհաղթի: Պատասխանելով հարցազրույցին ներկա լրագրողներից մեկի՝ Արցախի վերաբերյալ հարցին, նա նշել է, որ Արցախի պետականությանը սպառնացող վտանգն այսօր ամենացավոտ խնդիրներից է: «Արցախի պետականության բեկորներն են մնացել՝ եթե ազնիվ լինենք: Հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել: Հնարավոր է: Հնարավո՞ր է դա անել այս նույն գործիքակազմով, այս նույն մարդկանցով: Միանշանակ՝ ոչ: Արցախում մի ամբողջ պետական համակարգ պետք է տրանսֆորմացվի»,- ասել է նա՝ ընդգծելով պետականության ամրապնդման հրամայականը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:

Հաջորդ կարեւոր խնդիրը, որի շուրջ «5-րդ ալիք»-ի հյուրը շարադրել է իր տեսլականը, երկու հայկական պետությունների միասնական անվտանգային կառույցի ստեղծման եւ բանակի մարտունակության երբեմնի հռչակի վերականգնման անհրաժեշտությունն է, ինչը հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջում: Դրա հաջողված փորձը, ըստ նրա, նախկինում եղել է, երբ 1996 թվականին ստեղծվեց ու գործում էր «Երկու պետություն՝ մեկ բանակ» մոդելը: «Ըստ էության, Արցախի պաշտպանության բանակը լիարժեք կերպով սերտաճած էր Հայաստանի բանակին, նրա անբաժանելի մասն էր, եւ սա էր մեր ուժի աղբյուրը: Ունեինք այն գիտակցումը, որ միայն միասնական պաշտպանական համակարգով կարող ենք դիմակայել»,- վերհիշել է Արցախի այն ժամանակվա ղեկավարը՝ ափսոսանք հայտնելով, որ անվտանգության այդ կուռ համակարգն այժմ կիսակործան վիճակում է:

Քոչարյանի խոսքով՝ շուտափույթ կարգավորում պահանջող առաջնահերթությունը ներկայում ռազմագերիների վերադարձն է: Այդ հարցի ձգձգմամբ Ադրբեջանը, ըստ նրա, փորձում է խնդիրներ ստեղծել Արցախի պաշտպանության բանակի համալրման գործում: «Գերիների վերադարձի հարցը Ալիեւը ծառայեցնում է հատուկ նպատակի համար՝ քայքայել Արցախի բանակը, նրա անվտանգության համակարգը կամ այն ամենը, ինչ մնացել է այդ համակարգից: Նա շարունակելու է անընդհատ գերեվարել մարդկանց ու պահել այնքան ժամանակ, մինչեւ հայ ղեկավարության կողմից չստանա հավաստիացում, որ Հայաստանն այլեւս Ղարաբաղ զինվորական չի ուղարկի»,- շեշտել է երկրորդ նախագահը: Նա արծարծել է նաեւ ՀՀ ինքնիշխանության վերահաստատման, սահմանների ամրապնդման, իշխանության հանդեպ ժողովրդի վստահության վերականգնման, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներում սեփական տեղի ճշտորոշման եւ մի շարք այլ հարցեր ու դրանց լուծման բանաձեւեր:

Մոտ երկու ժամ տեւած հարցազրույցում Հայաստանի նախկին ղեկավարը չի շրջանցել այս պահին կուտակված հիմնախնդիրները, կառավարման համակարգում տեղ գտած լրջագույն թերություններն ու բացթողումները, որոնց արդյունքում երկիրը մեծապես զիջել է դիրքերը ոչ միայն ներհայաստանյան գործընթացներում, այլեւ միջազգային ասպարեզում: Տարածաշրջանում 30 տարի ամենամարտունակ բանակն ունեցող պետությունն այսօր ի վիճակի չէ պաշտպանել սեփական անվտանգությունը, ինչը, Քոչարյանի վերծանմամբ, նշանակում է ինքնիշխանության էական կորուստ: «Գործող իշխանությունը մեզ Ռուսաստանի պես հզոր երկրի ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից դարձրել է այդ երկրի պրոտեկտորատը, եւ ճակատագրի հեգնանքով դա արել են այն մարդիկ, ովքեր ՌԴ դեսպանատան առջեւ ցույցեր էին անում ռուսական ռազմահենակետը Հայաստանից դուրս բերելու համար»,- նշել է Քոչարյանը:

Բայց սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանը՝ օգտվելով մեր իշխանությունների թուլությունից եւ անկարողությունից, ուժով լուծեց տարածքների հարցը: Ավելին՝ բանակցային սեղանին ի վերուստ դրված «5+2» տարբերակից դուրս «իրենով արեց» եւս 2 շրջան՝ Շուշին եւ Հադրութը, որոնք երբեք քննարկման առարկա չէին եղել, ինչպես նաեւ տարածքներ պոկեց Մարտակերտից, Մարտունուց, Ասկերանից եւ նույնիսկ Սյունիքի մարզից՝ շահեկան դիրքերի ու հաղորդակցությունների տեսքով: Այս ամենի բացասական հետեւանքների մասին խոսելով՝ երկրորդ նախագահը ցավով արձանագրեց, որ հայկական կողմը կորցրել է իր լծակները եւ այժմ ոչինչ չունի Արցախի կարգավիճակի դիմաց առաջարկելու: «Մեղրիի ճանապարհի դիմաց Ադրբեջանը պատրաստ էր զիջումների, հիմա ամեն ինչ վերցրել են, ճանապարհն էլ՝ ստացել, դա իրենց երազանքն էր, որը մատուցվեց»,- փաստել է Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը սակագնային քաղաքականությամբ կարող է այնպես անել, որպեսզի իր երկրի տարածքով ՌԴ մեկնող երկաթուղուց օգտվելն ընդհանրապես անիմաստ լինի հայ ուղեւորների համար:

Եվ այսպես, երկրորդ նախագահը հունվարի 27-ի հարցազրույցում, ըստ էության, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացրեց՝ մանրամասնելով բոլոր ոլորտներում երկրի հետընթացը կասեցնելու եւ ներքին ու արտաքին աճող մարտահրավերներին դիմակայելու իր պատկերացումները եւ պատրաստակամությունը: Նա հավաստիացրեց, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետեւորդներ եւ անհրաժեշտ գործիքակազմ:

Քոչարյան մարդու եւ պետական-քաղաքական գործչի մասին կարծիքները խիստ հակասական են: Ոմանք նրա անունը կապում են «թալանչի նախկինների» կլանի, ինչպես նաեւ մի շարք աղմկոտ հանցագործությունների, այդ թվում 1999-ի «Հոկտեմբերի 27»-ի ու 2008-ի «Մարտի 1»-ի սպանությունների հետ: Մյուսները համարում են, որ Քոչարյանը հաղթող տեսակ է: Քաղաքացիական պարտքի ու կոչման բերումով նա միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ դժվար է, որտեղ զգացվել է ուժեղ, հնարամիտ ու կամային անհատականության կարիք: 66-ամյա գործչի աշխատանքային կենսագրությունը լի է մաքառումների ու հաղթանակների դրվագներով: Հակասականությամբ հանդերձ՝ հանրության մի ստվար հատված երկրորդ նախագահից որոշ սպասումներ ունի: «Եթե իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների՝ չեմ կարծում, որ հանրությանը նրանց հետ մենակ թողնելը ճիշտ է: Դրա համար մասնակցելու եւ կրելու ենք»,- ասել է նա:

Քոչարյանի ինքնավստահությունն անհիմն չէ: War Gonzօ նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հունվարի 25-ին թելեգրամյան իր ալիքում, որը 251 հազար հետեւորդ ունի, հարցում էր անցկացրել, թե ում են ցանկանում տեսնել որպես Հայաստանի հաջորդ ղեկավար։ Հարցման համաձայն՝ ամենաբարձր վարկանիշն ունի Ռոբերտ Քոչարյանը՝ ձայների 46 տոկոսով: Երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է՝ 19 տոկոս, երրորդում՝ Միքայել Մինասյանը 14 տոկոս, չորրորդում՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ 12 տոկոս եւ Ժիրայր Սեֆիլյանը՝ 5 տոկոսով: Մյուսների վարկանիշն էականորեն ցածր է եւ տատանվում է 1-3 տոկոսի միջակայքում: Նախկին նախագահի բարձրացող վարկանիշի մասին հրապարակում կա նաեւ «Ժողովուրդ» թերթի հունվարի 27-ի համարում: Պարբերականի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի մասով գաղտնի հարցումներ են անցկացվել մարզերում ու Երեւանում՝ մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, եւ պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է:

Առաջիկա ընտրություններին Քոչարյանի մասնակցության հանգամանքը, անշուշտ, անականկալ չէր, սակայն իշխանությունների համար անցանկալի էր այն առումով, որ երկրորդ նախագահը քաղաքական հայտ է ներկայացնում այնպիսի մի պահի, երբ իր բարձրացող վարկանիշին զուգընթաց՝ գործող վարչապետի վարկանիշը, հայտնի գործոններով պայմանավորված, կտրուկ գահավիժում է: Պարզ է, որ հիմնական ընտրությունը, ինչպես միշտ, կատարվելու է անձերի միջեւ, տվյալ դեպքում՝ Քոչարյանի եւ Փաշինյանի: Միջին վիճակագրական ընտրողը, բնականաբար, նախապատվությունը չի տա պարտված ու պատվազրկված, երկիրը կոլապսի առջեւ կանգնեցրած առաջնորդի օգտին: Բացի դրանից, արտահերթ ընտրություններ ծրագրելիս իշխանությունները որպես հիմնական մրցակից էին դիտարկում «Հայրենիքի փրկության շարժման» կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ մտածելով, որ Քոչարյանի հետ, ամենայն հավանականությամբ, «գործ կունենան» ավելի ուշ փուլում:

Սակայն Քոչարյանը խառնեց իշխանությունների խաղաթղթերը: Վերջիններս ինչպես հայտնի է, պատրաստվում են Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու միջոցով արտահերթ ընտրություններն անցկացնել առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, որպեսզի ձեռքից չտան գործընթացի նկատմամբ վերահսկողության իրենց հնարավորությունը: «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները, սակայն,  համաձայն չեն այդ տարբերակին: Փաշինյանը, նրանց համոզմամբ, չի կարող լինել արդար ընտրությունների երաշխավոր եւ ամեն ինչ կանի իր վերարտադրությունն ապահովելու համար, այլապես հարկադրված կլինի իրեն վերագրվող պատերազմական մեղքերի համար պատասխան տալ դատարանի առջեւ: Ըստ որոշ տեղեկությունների, օրերս «Հայրենիքի փրկության շարժման» լիդերները՝ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշել են հետագա պայքարը շարունակել այլ ձեւաչափով: Եվ դա հասկանալի է:

Բանն այն է, որ «17»-ի ձեւաչափով ընդդիմադիր շարժումն անկարող եղավ ապահովել հանրային լայն համախմբում եւ իրականացնել վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հեռացումը, ինչը նոր ընդդիմադիր ճակատի ձեւավորման կամ արդեն գոյություն ունեցող շարժման փոխակերպման անհրաժեշտություն է ենթադրում: Քաղաքական այդպիսի դասավորվածության համապատկերում Ռոբերտ Քոչարյանը դառնալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական այլընտրանքը, եւ նոր իշխանության համար պայքարն ընթանալու է հենց այս երկուսի միջեւ: Սա ամենավատ դիպաշարն է, որ կցանկանար Փաշինյանը, ով գրեթե երեք տարի ամեն առիթով ու անառիթ նշավակում էր երկրորդ նախագահի անունը՝ «Մարտի 1»-ի գործով արհեստականորեն սարքած քրեական քաշքշուկն էլ վրադիր: Նա լավ գիտեր իր իշխանության համար Քոչարյանի վտանգավորությունը, որից այդպես էլ խուսափել չհաջողվեց:

Քաղաքական առումով Քոչարյանը եւ Փաշինյանը տարբեր քաշային կարգերում են՝ մեկը հաղթանակի ու պետականության մարմնավորում է, մյուսը՝ պարտության ու հակապետականության խորհրդանիշ: Մարդիկ ստիպված են լինելու գործադիրի ապիկար ղեկավարին այլընտրանք փնտրել, որպեսզի չվախենան սեփական երկրում ու սեփական տան մեջ ապրել, ինչպես ասել է քաղաքագետ եւ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը եւ հավելել. «Նրանց այլ բան չի մնալու անել, քան հայացքներն ուղղել դեպի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ասոցացվում է անվտանգության, ապահովության, կայունության ու տնտեսական վերելքի հետ»: Սրանք սոսկ խոսքեր չեն, սրանք փաստեր են, որոնց մասին ժողովուրդը չի մոռացել:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.