Պատմության գիրկն անցավ բավական լուրջ մարտահրավերներով, սայթաքումներով լի 2024 թվականը, եւ փոփոխվող աշխարհում տիրաբար օրացույցային իր իրավունքները հաստատեց 2025-ը` Օձի տարին, բերելով նոր հույսեր ու սպասումներ: Անցած տարվա հանրագումարով՝ ի մասնավորի արտաքին քաղաքականության ոլորտում, առանձնապես հպարտալու ոչինչ չունեցանք, իսկ կորուստները, որոնց մասին բազմիցս խոսվել ու գրվել է, ցավոք սրտի, անպակաս էին մեզանից:
Անցած վերջին տարիների արտաքին գործընթացները՝ սկսած արդեն երեք տարի տեւող ռուս-ուկրաինական պատերազմից՝ ընդհուպ մինչեւ սիրիական դեպքերը, ավելի շատ մարդկանց են համոզում, որ աշխարհում արմատական փոփոխություններ են տեղի ունենում։ Հին աշխարհակարգն ակնհայտորեն վերանում է, եւ պետությունները հայտնվում են մի վիճակում, երբ կարող են գործել միայն իրենց ազգային շահերից ելնելով: Մենք տեսնում ենք, թե պետություններն ինչպես են անտեսում միջազգային դատարանի որոշումները, արհամարհում են ՄԱԿ-ին, կոնկրետ Իսրայելին ենք տեսնում, ինչ-որ փոքր երկրներ, որոնք իրենցից բան չեն ներկայացնում, բայց մատ են թափ տալիս ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի վրա:
Այս ամենը ցույց է տալիս, որ մենք անցնում ենք լրիվ ուրիշ կարգի, երբ սառը պատերազմ կոչվող համակարգի նորմերը, որոնք կայուն են եղել Երկրորդ համաշխարհայինից հետո, սկսում են կորցնել ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, ու այս մասին շատերն են խոսում։ Սա էական է՝ նախ նրա համար, որ ոչ մեկը չի կարող իմանալ որեւէ պետության ապագան, փոփոխական իրավիճակներում որեւէ պետություն պաշտպանված չէ, անգամ գերտերությունները պաշտպանված չեն, կարող են փլուզվել։
Այն հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունն ու մարդու իրավունքները, որոնց վրա կառուցված էր հին համակարգը, արդեն իսկ կորցրել են իրենց նշանակությունը, վերածվել նախահարձակ քաղաքականություն ծնող գործոնների: Մասնավորապես՝ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ծնում են ֆաշիստական վարչակարգեր՝ մենք դա տեսնում ենք Ադրբեջանում, Իսրայելում, նաեւ Ռուսաստանում:
Այն հանգամանքը, որ հին համակարգում պատերազմը թույլատրվում է միայն ինքնապաշտպանության համար, հնարավորություն է տալիս ցանկացած մեկի՝ իր հարձակողական նկրտումները ձեւակերպել որպես ինքնապաշտպանություն, եւ բոլորը վարակվում են դրանով: Մենք գնալով՝ ավելի ու ավելի վատ բաներ կտեսնենք, եթե այսօր տասնյակ հազարավոր քաղաքներ են հողին հավասարեցվում, ապա վաղն արդեն միլիոնանոց քաղաքներ ենք տեսնելու հողին հավասարեցված։
Ի՞նչ ձեռքբերում ունեցավ Հայաստանի Հանրապետությունը. մեզ մոտ դեռ Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներից՝ հենց 80-ական թվականներից, քաղաքական գործիչները նեղ շրջանակում էին դիտարկում ամեն բան, ընդամենը տեսնում էին Խորհրդային Միության մակարդակով կատարվող տեղային իրադարձությունները: Օրինակ՝ շատ սահմանափակ հարթության մեջ էին տեսնում, թե ինչ է նշանակում Արցախյան շարժում կամ, ընդհանրապես, որեւէ շարժում։ Այս երեսուն տարվա ընթացքում որքան կոպտագույն սխալներ կարող էին թույլ չտալ քաղաքական գործիչները, եթե չառաջնորդվեին հին համակարգի տրամաբանությամբ:
Նրանց թվում էր, թե ամեն բան նույնն է, պետք է այդ նորմերը պահել, եւ կունենաս հաջողություն, բայց մենք տեսանք լրիվ հակառակը ու կոնկրետ մեր մաշկի վրա զգացինք դրա հետեւանքները։ Մենք արդեն պետք է նոր իրողություններին նայենք առանց այդ հին նորմերից կառչելու։ Հիմա ասում են՝ մենք օրինակարգ ենք լինելու, ու դա պաշտպանելու է մեզ, բայց մենք օրինակարգ ենք լինելու 40-50 տարվա նորմերից ելնելով, որոնք այսօր չեն գործում: Կառչելով մեռած նորմերից՝ կորցնում ենք ամեն ինչ։
Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, որ ժամանակին թույլ տված սխալները չկրկնի։ Նախեւառաջ պետք է հասկանա, թե ինչպես են այսպիսի իրավիճակներում պետություններն իրենց պաշտպանում, իսկ դրանք դաշինքներն են: Եթե կարողանում ես ստեղծել զուտ ազգային շահերի հիման վրա պետությունների դաշինքներ, ապա շանս ունես փրկվելու, մի բան էլ՝ քո գործերը բարելավելու։ Եթե չես կարողանում դա անել կամ սխալ ուղղություններով ես գնում, անհույս է։ Աշխարհի քարտեզը երբեք չի լինելու այն, ինչ եղել է, բայց դա մեզանում շատ դժվար են հասկանում, այս ամենը արվում է քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց կողմից։
Ես հիմա չեմ ուզում թվարկել այն սխալները, որ գործել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները, այն բոլոր հնարավորությունները, որ բաց են թողել, բայց պետք է հասկանալ, որ այսօրվա վիճակը այդ կուտակված սխալների հետեւանքն է, իսկ կուտակված սխալները կրկնվում են մեզանում, որովհետեւ մարդիկ չեն հասկացել, թե աշխարհն ինչ արմատական փոփոխությունների է գնացել, նրանք գործում են այնպես, ինչպես 60-70-ականներին են գործել։
Պարզ է, որ հնից կառչածները տանուլ են տալիս, դա օրենք է, ժամանակին Ադրբեջանը, Վրաստանը կառչեցին Ռուսաստանից ու տանուլ տվեցին, 94-ից հետո էլ նույն սխալն արեց Հայաստանը։ Հիմա էլ մեզանում շարունակում են ապավինել հնին, դա օրինակարգ լինելու ռազմավարությունն է. մտնենք սրա տակ ու մենք ապահովված են, հույսը սա է ու դա ամեն օր լսում ենք իշխանական քարոզիչների ու առաջին դեմքերի կողմից, այս մանկամիտ մոտեցումն է դեռ գերիշխողը։
Նորը ստեղծելը դժվար է, որովհետեւ աննախադեպ է: Ուրեմն՝ աննախադեպ քայլեր պետք է արվեն, ինչ անում է հիմա Ալիեւը: Նա ասում է՝ նոր իրականություն եմ ստեղծում, ու բոլորը պետք է հաշվի նստեն՝ բոլոր նրանք, ովքեր նոր իրականություն են ստեղծում, առաջ են անցնում, հնից կառչածներն էլ տանուլ են տալիս, դե, մենք հնից կառչած ենք։ Արդյունքն ակներեւ է՝ Թուրքիայից անընդհատ հայտարարություններ են անում, գլխավոր շտաբի անդամները Բաքվում են, Բաքուն պատրաստում են, հարցերը լուծում են այնպես, ինչպես Սիրիայում, ինչպես ուզում են, այնպես էլ լուծում են։ Նախապատրաստվում են, համոզում են այս կամ այն գերտերությանը ու իրենց գործերն անում, ուրիշ ձեւ չկա, դա է միակ ձեւը։
Հիմա շատերն են հետաքրքրվում՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում եւս տեղի ունենա այն սցենարը, ինչ տեսանք Սիրիայում։ Անշուշտ՝ հակառակի մասին վկայող որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանի դեմ չի արվի այն նույնը, ինչ կատարվեց Արցախում, անգամ կարող են ամբողջովին կրկնել դա։ Բոլոր թեզերը, պահանջները ներկայացնում են, այստեղ մարդիկ էլ հույս ունեն, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որով Ադրբեջանի բոլոր պայմանները ընդունված կլինեն, ինչը կմեղմացնի վիճակը։ Ամեն բան սպասելի է, ո՞վ կմտածեր, որ կարող են տեղի ունենալ զարգացումներ, ինչպիսիք են ռուս-ուկրաինական կամ սիրիական իրադարձությունները։
Սպառնալիքներով լի տարի է սպասվում, Եվրոպան փորձում է ստեղծել միասնական ուժեր, որպեսզի կարողանա դիմակայել: Ոչ մի պետություն հույս չունի, որ որեւէ մեկն իրեն կպաշտպանի, եթե հարձակման ենթարկվի, որովհետեւ եղած կառույցները, արդեն նշեցի, չեն գործում, ամեն ինչ կոնսենսուսի վրա է:
Կոնսենսուսի վրա ստեղծված միջազգային ինստիտուտներ էին ե՛ւ ԵՄ-ը, ե՛ւ ՆԱՏՕ-ն, բայց նրանց կոնսենսուսն աշխատում է միայն կայուն ժամանակներում: Ներկայիս պայմաններում մի Հունգարիան կարող է ամբողջ ԵՄ-ը քանդել, որովհետեւ մի պետություն կարող է թույլ չտալ, որ որեւէ միջազգային կազմակերպություն որոշում ընդունի: Այսպիսի իրավիճակ է ստեղծվել, եւ բնական է, որ սկսելու են քանդվել այդ կառույցները։ Աշխարհն արմատական փոփոխությունների է գնում, մարդիկ սա դեռ լիովին չեն ընկալում, մի քանի օրից կհասկանան, երբ Թրամփը սկսի պաշտոնավարել։
Մանվել Սարգսյան