ՌԱՀՀԿ-ը քննարկեց առաջիկա նախագահական ընտրությունների հեռանկարը

24 հունվարի 2013թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը, որի թեման էր՝ «Ընտրություններ-2013. ոչ սովորակա՞ն իրավիճակ»: Հրավիրված էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Սեմինարը բացեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ ողջ ընտրական գործընթացի ամբողջականության վերաբերյալ հասարակական կարծիքը եւ ի մասնավորի՝ ընտրություններից հանրության ակնկալիքները ընտրական գործընթացի օրինականությունը խաթարող եւ հասարակության մեջ թերահավատություն սերմանող գործոններն են: Ամփոփելով խոսքը՝ նա ասաց. «Ընտրական գործընթացի հանդեպ՝ իբրեւ փոփոխության գործիքի, հանրային անվստահության ու անտարբերության պայմաններում հասարակությունը միայնակ է թողնված իշխող վարչակարգի դեմհանդիման»:

ՌԱՀՀԿ-ը քննարկեց առաջիկա նախագահական ընտրությունների հեռանկարը

Քննարկման ընթացքում հակիրճ ելույթներով հանդես եկան ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Իրենց խոսքում նրանք մասնավորապես անդրադարձան ընտրական գործընթացի մրցակցայնությանն առնչվող հարցերին, ինչպեսեւ ընդգծեցին, որ վարչական մեքենայություններն ու լրատվական դաշտում առկա աղավաղումները նպաստում են ընտրական գործընթացի նկատմամբ թերահավատության ձեւավորմանը:

Հղում անելով այլ երկրների պատմական փորձին՝ Էդգար Վարդանյանը շեշտեց, որ քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիր շարժումների միջեւ խաղի կանոնների փոփոխությանն ուղղված գործակցությունը ցանկալի փոփոխությանը միտված քաղաքական արշավի կարեւոր բաղադրիչ է: Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց  քաղաքացիական ակտիվիզմի եւ հանրային ճնշման կարեւորությունը, որոնք ի հակադրություն բոյկոտի՝ Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ իրականացնելու գործուն միջոց կդառնան:

ՌԱՀՀԿ-ը քննարկեց առաջիկա նախագահական ընտրությունների հեռանկարը

Քննարկման ավարտին ծավալված հարցուպատասխանին մասնակցեցին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: