Մինսկի խմբի հայտարարությունն ուղղված էր ռազմական հնարավոր գործողությունները կանխելուն

Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

– Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ առաջին անգամ հասցեական մեղադրանք են հնչեցրել Ադրբեջանի հասցեին՝ կապված հայկական «Оса» զենիթահրթիռային համակարգը խոցելու դեպքի հետ: Ինչո՞ւ: Իրավիճակը հասել էր պայթյունավտանգ կետի՞:


– Ընդհանրապես անհասկանալի էր Ադրբեջանի այդ քայլը` նման դեմոնստրատիվ լուրջ գործողության դիմելը: Լուրջ տեխնիկան են խոցել և դրա մասին բացահայտ ասել են: Ըստ ամենայնի, նրանց պետք էր այդ դեմոնստրացիան: Եթե Մինսկի խումբը հիմա էլ որևէ բան չասեր, դա առավել անհասկանալի կլիներ: Նրանք ստիպված էին նման գնահատական տալ:

– Իսկ այդ դեմոնստրացիան ինչո՞վ էր պայմանավորված:

– Հենց դա է հետաքրքիրը: Դա է մտածելու տեղիք տալիս: Ես կարծում եմ, որ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի կողմից, ըստ երևույթին, շատ կոնկրետ պահանջներ են դրվել, որոնք սակայն մերժվել են: Եվ որպես պատասխան Ադրբեջանը գնացել է նման գործողության: Բացի այդ, այլ պատճառներ էլ կային: 1–1,5 ամիս առաջ մերոնք խոցել էին ադրբեջանական ԱԹՍ: Եվ դա արել էին շատ վարպետորեն: Կարծում եմ՝ դա նույնպես մեծապես ազդել է Ադրբեջանի վրա այն առումով, որ առաջնագծում իրենց գործողությունները նրանք հիմնականում պայմանավորում են հենց ԱԹՍ–ներով: Դիվերսիաների մեծ մասը հիմա փորձում են կատարել ԱԹՍ–ների միջոցով: Կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ նրանց պաշտպանության նախարարության հայտարարության մեջ հենց դա էր ասված, որ իրենք ոչնչացրել են «Оса»–ն, որպեսզի ապահովեն իրենց թռչող սարքերի, ուղղաթիռների անվտանգությունը:

– Ընդ որում, պաշտպանության նախարարի ուղղաթիռի:

– Դե, դա էլ հետո էին ավելացրել՝ արդարացնելու իրենց գործողությունը: Բայց ես կարծում եմ, որ դա պայմանավորված էր հենց ԱԹՍ–ներով: Քանի որ մերոնք կարողանում են նման հանգիստ ձևով դրանք շարքից հանել, դա բավականին բարդացնում է Ադրբեջանի վիճակը: Իհարկե, այս քայլով նրանք իրենց դրեցին դիվանագիտական բավականին բարդ վիճակի մեջ: Իրենք էլ են մտահոգված այդ փաստով: Ուշագրավ է, որ իրենց լրատվական կայքերը Մինսկի խմբի հայտարարությունը կիսատ էին տվել, ամբողջական տեքստը չէին ներկայացրել: Սա ցույց է տալիս, որ իրենք մտահոգված են և փորձում են հանրությունից ինչ–որ բան թաքցնել:

– Իսկ քաղաքական առումով համանախագահների այդ հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

– Իհարկե, այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս միջազգային հանրության դիրքորոշումը: Ադրբեջանն անընդհատ փորձում է ստանալ միջազգային հանրության կամ առանձին գերտերությունների աջակցությունը՝ դիմելու ռազմական գործողությունների: Իր այս հայտարարությամբ Մինսկի խումբը կտրուկ դեմ արտահայտվեց հնարավոր նման քայլերի:

– Այսինքն, այդ հայտարարությունն ուղղված էր նաև ռազմական հնարավոր գործողությունները կանխելուն:

– Այո:

– Հետաքրքիր է, որ Մոսկվան հարկ համարեց Մինսկի խմբից զատ ինքն էլ հանդես գալ առանձին մեղադրական հայտարարությամբ:

– Ըստ երևույթին, Մոսկվան ցանկանում էր Մինսկի խմբին ցույց տալ, որ նման դիրքորոշում ունի: Իսկ դա շատ կարևոր էր: Եթե Մոսկվան համաձայն չլիներ, դժվար թե Մինսկի խումբը նման հայտարարություն աներ: Կարծում եմ, որ Ադրբեջանի այդ դեմոնստրատիվ պահվածքն ինչ–որ առումով ուղղված էր նաև Մոսկվային: Համենայնդեպս, Ռուսաստանն այդպես գնահատեց:

– Ուշագրավ է, որ «Оса»–ն խոցելու առթիվ Մոսկվան առավոտյան հայտարարություն արեց, բայց անհասցե՝ կողմերին զսպվածության կոչ անելով, բայց երկու օր հետո դիրքորոշումը փոխեց ու արդեն հասցեական մեղադրանքով հանդես եկավ: Ինչո՞ւ: Երկու օրում ի՞նչը փոխվեց:

– Ոչինչ չի փոխվել: Սա քաղաքականություն է: Նման բաներ էլի են եղել:

– Ի դեպ, Մոսկվան բավականին կոշտ արտահայտվեց Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը լուծարելու առնչությամբ Բաքվից հնչած հայտարարությունների վերաբերյալ: Հակաադրբեջանական միտումնե՞ր են ուրվագծվում Մոսկվայի քաղաքականության մեջ:

– Վերջերս Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ Արևմուտքի, հատկապես Թուրքիայի հետ խորը հարաբերություններ ունի: Փորձում են ԵՄ–ի հետ նորից ջերմացնել կապերը: Թուրքիայի հետ միասին զորավարժություններ անցկացրեցին: Բնական է, որ այդ ամենն ազդում է: Եվ կարող է բանը հասնել նրան, որ Մոսկվան որոշել է դիմել դիվանագիտական նման ճնշումների:

– Ի դեպ, հենց Ադրբեջանում էլ այդ ամենը բացատրում են Բաքվի վարած արտաքին ու ներքին, նաև արտաքին տնտեսական անկախ քաղաքականությամբ:

– Այդ ամենն իր նշանակությունն ունի: Գուցե նշանակություն ունի նաև ադրբեջանցիների պահվածքը Մոսկվայում: Ինչպես Թուրքիան է իրեն պահում այլ երկրների տարածքում, այնպես էլ Ադրբեջանն է փորձում անել, ատամներ ցույց տալ բոլոր այն տեղերում, որտեղ դա հնարավոր է: Բայց դա բերում է կոշտ դիրքորոշումների, նաև՝ հակաքայլերի:

– Հունիսին նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, մի երկու շաբաթ առաջ Հոգլանդը հայտարարեց նախագահների հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության մասին, երեկ ՀՀ նախագահն Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ խնդիրը պետք է հնարավորինս արագ կարգավորել, որպեսզի բեռ չթողնենք ապագա սերունդների ուսերին: Բանակցային գործընթացի կարևոր փո՞ւլ ենք մտնում:

– Կոնկրետ Սերժ Սարգսյանի ելույթը դիրքորոշումների հստակեցում էր: Նա մեկ անգամ ևս հաստատեց հայկական կողմի դիրքորոշումը: Երկար ժամանակ է՝ բանակցություններ չկան: Ադրբեջանն այլ բաներ է հայտարարում, փորձում է այլ մոդելներ առաջ քաշել, հիշեք՝ Մամեդյարովի հայտարարությունը «տարածքներ՝ խաղաղության դիմաց»–ի վերաբերյալ: Հիմա նախագահը հստակ նշում է՝ գոյություն ունի խնդիր: Եվ դա կարգավիճակի հարցն է: Ամեն ինչ կապված է դրա հետ: Նա հստակեցրեց բանակցությունների շրջանակը: Այդքանը:

http://nyut.am/?p=137766&l=am