Արմինե Ղազարյան

ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը, գնահատելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ նախագահական ընտրություններն անց են կացվել մեզ մոտ արդեն իսկ վաղուց գոյություն ունեցող քաղաքական ընտրական մշակույթով: Այն իր ողջ արսենալով ու կոլորիտով գործել է, կատարվել են կեղծիքներ, լցոնումներ, ահաբեկումներ:

Ըստ նրա, արտաքուստ հանգիստ իրավիճակ էր, և իբր կանխատեսելի էր, թե մարդկանց ըմբոստությունն ու դիմադրությունն արդեն շահարկված, սառեցված են, բայց ականատեսն ենք այլ տիպի զարթոնքի: Ուր կգնա, ելքն ինչպիսին կլինի, նրա խոսքով, ինչ- որ տեղ մարդկանց պահանջատիրությունից է գալու:

«Մարդկանց, ընդդիմադիրների այս տիպի հանգիստ անցումը դեպի Հրապարակ կարծես Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ոճի շարունակությունն է, առանց անպատվությունների, լարվածության», ասել է նա:

Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակում. «Մեծ կեղծումներով ընտրությունների արդյունքը չեն ուզում ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանը` իր թիմով, քաղաքական ակտիվը, ինչպես նաև ոչ ակտիվ, բայց ժողովրդի այն հատվածը, որը ձայն է տվել ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ դեմ է քվեարկել գործող նախագահին: Եվ ոչ միայն չեն ուզում ընդունել, այլև իրենց պահանջատիրությունն են արտահայտում: Ուրեմն, ստեղծված իրավիճակում, բնականաբար, պետք է վիճարկվեն ընտրությունների արդյունքները», նշել է Արմինե Ղազարյանը:

Lragir.am