
Այսօր Սերժ Սարգսյանը, խոսելով վերջին երեք ընտրություններից, ասել է, որ Հայաստանում ձևավորվել է քաղաքական նոր մշակույթ, քաղաքապետի ընտրություններով ժողովուրդը ցույց տվեց, որ օրնիբուն աշխատողին է ձայն տալիս և լարված աշխատանքը գերադասում է շոուներից:
ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ վերջին երեք ընտրություններին, ինչպես փորձագետների մեծամասնության, այնպես էլ տեղական դիտորդների և դիտորդական առաքելություն իրականացնող եվրոպական առաքելությունների մեծամասնության կողմից չի տրվել «արդար ընտրություններ» բնորոշումը, իսկ եթե ընտրություններն արդար չեն, ուրեմն այստեղ որևէ լուրջ առաջընթացի մասին խոսելն ավելորդ է: Որպես օրինակ նշելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցներն ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին, փորձագետը նկատել է, որ այնտեղ չկա «արդար ընտրություններ» կամ «ժողովրդավարական ընտրություններ» բնորոշումը:
«Ես չգիտեմ՝ այս դեպքում ինչպիսի՞ առաջընթացի մասին կարող է խոսք գնալ, երբ ընտրությունները շարունակում են լինել ոչ արդար»,- ասել է Էդգար Վարդանյանը:
Անդրադառնալով քաղաքական նոր մշակույթի ձևավորման վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիտարկումներին՝ Էդգար Վարդանյանը նշել է. «Անկեղծ ասած, այս առումով էլ պետք է նշել, որ եթե ընտրություններն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անարդար են, ի՞նչ նոր քաղաքական մշակույթի մասին կարող է խոսք գնալ այս պայմաններում: Ժողովուրդն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա զրկված է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունից»:
Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ որոշակի կոսմետիկ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ, հեռուստաեթերում ցենզուրայի մի փոքր մեղմացում է արձանագրվել, քվեարկության ժամանակ ընտրատեղամասի ներսում զանգվածային ընտրախախտումներ գրեթե չեն լինում (զանգվածային կեղծիքները ավելի շատ լինում են ընտրատեղամասերից դուրս): Թեև սա առանձին վերցրած դրական փոփոխություն է, բայց սա կոսմետիկ, հատվածական փոփոխություն է, քանի որ ընդհանուր առմամբ իշխանությունների բնույթն ու էությունը չեն փոխվում, մնում են նույնը:
Իսկ Սերժ Սարգսյանի՝ ավելի ապահով Հայաստան ունենալու դիտարկումը Էդգար Վարդանյանը համարում է բովանդակազուրկ արտահայտություն եւ նշում է, որ կոսմետիկ փոփոխությունների արդյունքում երբեք պետություններն ավելի ապահով չեն դառնում:
Քաղաքապետի ընտրության հետ կապված Սերժ Սարգսյանի դիտարկումը՝ որ ժողովուրդը ձայն տվեց քրտնաջան աշխատողին, ոչ թե շոուներին, փորձագետը դարձյալ անհիմն հայատարություն է համարում. նախ, ընդդիմությունը ինքը հենց նրանով է ընդդիմություն, որ պաշտոններ չունի: Եթե պաշտոններ չունի, նա չի կարող ցույց տալ՝ լա՞վ է աշխատում, քրտնաջան, թե ինչպես: Իսկ իշխանությունները ձայները հիմնականում ստացել են ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի բաժանման, թաղային խուժանի գործունեության, տարբեր տեսակի ճնշումների արդյունքում, այլ ոչ թե լավ աշխատանքի:
Հարցին՝ ինչու Սերժ Սարգսյանը Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, երբ նրա նկատմամբ կար տոտալ անհանդուրժողականություն, ընդհուպ մինչև նրա՝ պաշտոնից հեռացման պահանջը, հնարավո՚՞ր է Սերժ Սարգսյանը այս քայլով հասարակությանը ցույց տվեց, որ անկախ հասարակական տրամադրությունից, ինքը անում է այնպես, ինչպես ուզում է, Էդգար Վարդանյանը ասել է, որ իրականում իսկապես դա մեսիջ է հասարակությանը, որ այո, դուք չեք որոշողը, թե ով, որտեղ և ինչ պետք է անի:


