13.10.2024

Еженедельный Обзор

9-16 դեկտեմբերի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայաստանում ՏԻՄ-երի լիակատար «քպականացման» համար իշխանությունների պայքարն այս շաբաթվա ընթացքում շարունակվում էր: Եվ այն, ինչ Ալավերդիում տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, նույնը բովանդակային առումով կրկնվեց Գյումրիում, սակայն ավելի մեղմ, հնարավորինս աննկատ եւ, փառք Աստծո, առանց ոստիկանական բռնի միջամտությունների: Գյումրին ՀՀ երկրորդ խոշոր քաղաքն է, որտեղ ուժային միջոցների դիմելը խելքից դուրս մեծ արկածախնդրություն կլիներ՝ գոնե այդքանը, բարեբախտաբար, ՔՊ-ական «անհայրենիքների» խմբակը հասկացավ, չնայած դրանից խնդրի էությունը ոչ մի կերպ չի փոխվում:

Իսկ խնդիրը, որի շուրջ կխոսենք ստորեւ, սկզբնավորվել է մի քանի օր առաջ, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 6-ին, երբ մամուլում կարճ հաղորդագրություն տարածվեց առ այն, որ «Քաղպայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինքի» հետ 2021-ին ստորագրած համագործակցության հուշագիրը: Նման որոշման պատճառը, ըստ ՔՊ-ի, այն է, որ Գյումրին «չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:

Տեղին է այստեղ հիշեցնել, որ Գյումրիի ավագանու՝ երկու տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում «Բալասանյան դաշինքն» ամենաշատ ձայներն էր ստացել, բայց ոչ այնքան, որ միայնակ իշխանություն ձեւավորեր, եւ Գյումրիի կառավարման գործի մեջ կոալիցիոն հիմունքներով ընդգրկվեց համայնքի ընտրություններում երկրորդ ադյունքը գրանցած «Քաղպայմանագիր» կուսակցությունը: Հուշագրի համաձայն՝ քաղաքապետի պաշտոնը բաժին հասավ «Բալասանյան դաշինքի» կողմից առաջադրված Վարդգես Սամսոնյանին, իսկ երկու փոխքաղաքապետներինը՝ ՔՊ-ին՝ ի դեմս Արթուր Պապիկյանի եւ Վահագն Մկրտչյանի:

Հիմա «Քաղպայմանագիրը», երկու տարի անց, խզում է երկկողմ հուշագիրը՝ ետ կանչելով Գյումրիի քաղաքային իշխանությունը «Բալասանյան դաշինքի» հետ կիսող իր ներկայացուցիչներին: ՔՊ-ն վայր է դնում իր բաժին պատասխանատվությունը: Ի՞նչ կա նրա մտքին, ովքե՞ր են այն «ստվերային կառավարիչները», որոնց պատրվակ է բռնել, արդյո՞ք պատրաստվում են անվստահություն հայտնել գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին եւ նրան փոխարինել ՔՊ-ական անդամով, ինչպես եղավ Ալավերդիում: Այս հարցերը չպարզաբանված մնացին նաեւ դեկտեմբերի 11-ի ասուլիսում՝ չնայած այն հենց դրա համար էր հրավիրված:

Փոխքաղաքապետները (այժմ արդեն նախկին) միայն պնդում են, որ չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, շատ փաստաթղթեր իրենց հասանելի չեն եղել եւ այլն։ «Բալասանյան դաշինքը» եւս չի մեկնաբանում քաղաքական այս խմորումների իրական պատճառները՝ խոստանալով, որ առաջիկայում հայտարարություն կտարածեն: «Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդիում, վկայում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը համայնքներում ընդդիմադիր լինելու հետ չի հաշտվում»,- համոզմունք է հայտնել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նա չի բացառում, որ 11 մանդատ ունեցող ՔՊ-ն Գյումրիում իշխանությունը վերցնելու համար կարող է «իրենով անել» հենց «Բալասանյան դաշինքի» որոշ անդամների, ինչի փորձն ունի այլ համայնքներում: Դե, իհարկե. ՀՀ ողջ իշխանությունն «իրենով արած» ազգակործան պատուհասների այս խմբակի համար ընդամենը մեկ համայնք «իրենով անելն» ինչ մի դժվար բան է:

 

Շաբաթվա անցուդարձի լրահոսում աչքի է զարնում մի իրադարձություն, որն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, սակայն իրականում կարեւոր է այնքանով, որքանով առնչվում է հարյուրավոր երեխաների ճակատագրերի: Խնդիրը հետեւյալն է. Երեւանում ավելի քան մեկուկես տասնամյակ գործող «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որը տեղավորված է Եկմալյան 6 հասցեում, կամա թե ակամա դարձել է ապօրինի կառուցապատման հերթական թիրախը, ինչի պատասխանատվությունը հավասարապես կիսում են կառուցապատողը եւ նրան կոպտագույն խախտումներով շինթույլտվություն տված քաղաքապետարանը:

Պարզվում է՝ Երեւանում, ի վերջո, իշխանության հասած Տիգրան Ավինյանի՝ «Ասեք, անենք» կարգախոսը ոչ թե մայրաքաղաքի բնակչությանն էր ուղղված, այլ ՔՊ-ական իր տերերին: Եվ այդ խոստումը շատ ավելին է, քան կարգախոս՝ դա հավատարմության ուխտ է, իր կարիերայի առջեւ «կանաչ լույս» վառած «Քաղպայմանագրին» անձնվիրաբար ծառայելու պատրաստակամություն: Հետեւապես՝ որքան էլ նման ազգակործան ծրագրին ծառայելն անշնորհակալ գործ լինի, իրեն պարտավորված է զգում գլուխ բերել «դու ինձ, ես՝ քեզ» պայմանը, չի ուզում այն խախտել, երախտամոռ լինել՝ «ասում են, անում է»: Լավի դիմաց լավով հատուցելու «տղայության» պես մի բան:

Իսկ եթե ավելի լուրջ՝ պետք է արձանագրել, որ Ավինյանը շարունակում է նախորդ իշխանությունների օրոք պաշտոնավարած քաղաքապետների տխուր ավանդույթները՝ քանդել, որտեղ անհրաժեշտ է համարում եւ կառուցել, որտեղ շահավետ է անձամբ իր համար՝ անտեսելով ե՛ւ քաղաքի ճարտարապետական տեսքը, ե՛ւ հակահրդեհային անվտանգության նորմերը, ե՛ւ հարեւանությամբ գտնվողների անբարեհարմարությունը: Այս սկզբունքով ծավալվեցին նաեւ «Օրրանին» գրեթե կպած կառույցի շինարարական աշխատանքները՝ խախտելով քաղաքաշինության կանոններն ու վտանգելով «Օրրան» այցելող երեխաների եւ անմիջական հարեւանությամբ գտնվող բազմաբնակարանային շենքերի բնակիչների անվտանգությունը։

Ակամայից հիշում ես Մաշտոցի պուրակն ու Դալմայի այգիները, Երեւանի հանգստի գոտիներում, անգամ կենտրոնական փողոցների մայթերի երկայնքով սնկի պես բսած կրպակները, խանութներն ու սրճարանները, հանրային տարածքների հաշվին կամ դրանց տեղում կառուցված տարատեսակ շինությունները: Մայրաքաղաքի՝ առանց այն էլ խիտ բնակեցված կենտրոնի ծանրաբեռնումը ոչ միայն անվտանգության խնդիր է, այլեւ արատավոր համակարգի հիվանդության ցուցիչ: Եվ քանի դեռ այն շարունակում է գոյություն ունենալ, համակարգի արմատական փոփոխություն իզուր է սպասել:

Իրավիճակը չեն փրկի առավել եւս երեւանյան սաղարթախիտ, հովասուն ծառերի հատումն ու դրանց փոխարինումը ճապոնական սակուրաներով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 13-ին ՀՀ վերադարձած 32 գերիները նույն օրն Իջեւանից տեղափոխվել են Երեւան՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ նախնական բուժզննում են անցնում: Ծնողներից ու մյուս հարազատներից շատերը «Ազատությանը» հայտնել են, որ մինչեւ վերջին րոպեն հստակ չեն իմացել՝ իրենց տղաները վերադարձողների ցանկո՞ւմ են, թե՝ ոչ: Գերիների մեծ մասը Խծաբերդից գերված շիրակցի պահեստազորայիններն են: Երեւանի ու Բաքվի հայտարարությունից վեց օր անց հայ գերիներն արդեն ՀՀ-ում են։ Հայկական կողմն էլ Ադրբեջանին է հանձնել Զանգեզուրի ՊՄԿ պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 14-ին ուղիղ եթերում՝ մեկնաբանելով ՀՀ իշխանությունների բացակայությունը Մոսկվայի գլխավորած կազմակերպությունների հավաքներից, նշել է՝ չի կարծում, թե ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամակցության դադարեցումը Հայաստանի շահերից է բխում: Կրեմլի ղեկավարը միաժամանակ հավելել է. «Հայաստանում խրթին գործընթացներ են տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։ Մենք հասկանում ենք այդ ամենը, բայց մենք չէ, որ հրաժարվել ենք Ղարաբաղից, Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է»,- հերթական անգամ հայտարարել է Պուտինը՝ պնդելով, որ Երեւանն իր այդ նախաձեռնության մասին նույնիսկ չէր տեղեկացրել Մոսկվային։

Եվրամիությունում որոշել են ավելացնել ՀՀ-ում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի. Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո դեկտեմբերի 11-ին այսպիսի հայտարարություն է արել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Սա միջոց է՝ բարձրացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- նշել է Բորելը: Նույն օրը ԵՄ մեկ այլ պաշտոնյա՝ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Ստանոն պարզաբանել է. «ԵՄ-ը ռազմական դաշինք չէ, այն քաղաքական եւ տնտեսական արժեքների համայնք է»։

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները դեկտեմբերի 11-ին Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցեր։ Ըստ հայկական կողմի՝ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան անդրադարձել են խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Նախարարները քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի, տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հարցեր:

Դեկտեմբերի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան. այս մասին հայտնել են ՀՀ ռազմական գերատեսչությունից: Նախորդ օրը հայկական պատվիրակությունը Կիպրոսում էր, որտեղ այցելել էր Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն եւ ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի ու հույն զինծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողին: Այցերի օրակարգերից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ադրբեջանը ցանկանում է քրեական պատասխանատվություն սահմանել երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ատրիբուտների եւ խորհրդանիշների ցուցադրման, տարածման, արտադրության, ձեռքբերման, կրելու կամ փոխադրելու համար։ Ինչպես դեկտեմբերի 12-ին հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ-ն, այդ մասին ասված է Քրեական օրենսգրքում առաջարկված փոփոխության մեջ, որի համաձայն՝ վերանշյալ արարքը պատժվում է սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Առանձին դեպքերում պատժաչափն ավելի բարձր է՝ 5-8 եւ 7-12 տարվա ազատազրկում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.