13.10.2024

Еженедельный Обзор

16-23 մարտի 2024թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը նախապատրաստելու առաքելությամբ մարտի 18-19-ը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ոսկեպար էր այցելել, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդման, հանդիպումներ է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ: Իրականում Ոսկեպարի ակումբում հավաքվածները խաղադրույքին դրված 4 գյուղերի վարչական ղեկավարներն էին, մի քանի տասնյակ անձինք՝ թերեւս համայնքապետարանների աշխատակիցներ ու յուրայիններ, այդ թվում՝ Փաշինյանի հետ Տավուշ մեկնած շքախումբը: Փաշինյանն ուղիղ տեքստով, առանց սեթեւեթանքի, ասաց, որ Բաղանիս-Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլհաջիլին պիտի հանձնվեն:

Սրանք այն գյուղերն են, որոնք Ադրբեջանը պահանջում է ստանալ անհապաղ: Ընդ որում՝ հասկանալ է տալիս (եւ Փաշինյանը եւս նույն «լարի վրա» է խաղում), որ մեզ, իբր, լավություն է անում՝ մի քանի գյուղի համար չի ուզում պատերազմով գալ, արյուն չի ուզում թափել, ուղղակի պահանջում է այն, ինչն իրեն է պատկանում: Բայց իսկապե՞ս իրեն է պատկանում անվանումը «Ասքիփարա» վերափոխած հայկական Ոսկեպարը, որի միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է VII դարում՝ պատմության թատերաբեմում կովկասյան թաթարների ի հայտ գալուց 1.400 տարի առաջ: Փաշինյանն ինքը այս վայրերից է սերում, չգիտի՞ Տավուշի պատմությունը, որ Ալիեւի հետ խոսքը մեկ արած՝ Ադրբեջանին է վերագրում հայկական բնակավայրերը:

Ի դեպ՝ Ոսկեպարում, թեեւ գլխավորապես յուրայիններ էին դահլիճում հավաքվածները, հանդիպումը բավական լարված է անցել, Փաշինյանը ստիպված է եղել դիմել սպառնալիքի ադրբեջանական մարտավարությանը, անգամ Թուրքիայով է վախեցրել. «Եթե 4 գյուղերը չտանք՝ պատերազմ կլինի, բայց տալու դեպքում էլ երաշխիք չկա, որ պատերազմ չի լինի»,- ասել է նա՝ հարուցելով գյուղացիների տարակուսանքը: Նրան հարցնում են՝ եթե այդ գյուղերի տարածքները հանձնելուց հետո էլ երաշխիք չկա, ուրեմն ո՞րն է միակողմանի զիջելու իմաստը: Փաշինյանն «իմաստուն» պատասխան է տալիս. «Երաշխիքներ չկան, բայց հույս կա, որ Ադրբեջանն այդպես չի վարվի»։

Երկրի առաջին դեմքը, Գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը՝ փոխանակ թշնամուն դիմակայելու միջոցներ ձեռնարկի, նրա բարեգթությանն է ապավինում կամ նրա անունով ահաբեկում է իր քաղաքացիներին: Սա չլսված-չտեսանված բան է: Օդում բարձր թափահարելով ՀՀ քարտեզի փոքր մանրակերտը, որն իրենից այլեւս անբաժան է, պնդում է, թե հանձնվելիք գյուղերն այդտեղ նշված չեն, ասել է թե՝ այդ բնակավայրերը Հայաստանի տարածքում չեն: Փաշինյանին ասում են՝ ՀՀ 31 գյուղերի տարածքներ ներկայում թշնամու զինուժի կողմից բռնազավթված են. ինչո՞ւ սահմանագծումն ու սահմանազատումը հենց դրանցից չի սկսվում։ Պարզվում է՝ այդ հարցի տրամաբանական պատասխանը նա չունի՝ չնայած ոչ մի հարցի պատասխանն էլ չունի:

Փոխարենը արձանագրում է (նրա սիրած բառն է-Գ.Լ.), որ «իրական հնարավորություն» են տեսնում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը սկսելու Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Նա շրջանցում է «իրական հնարավորություն» տեսնողների ով լինելու հարցը, սակայն իմացողը գիտի, որ հրահանգը Բաքվից է իջեցված: Բանն այն է, որ սահմանի այդ հատվածն ամենապաշտպանվածներից է, կարելի է ասել՝ Ադրբեջանի «գորդյան հանգույցը», որի խնդիրը Ալիեւն ուզում է «գլխանց» լուծել: Ամենադժվարից կամ ամենակարեւորից սկսելը նրա մարտավարությունն է: Այս 4 գյուղի դեպքում էլ նույն մոտեցումն է. նախ՝ ռազմավարական նշանակության ոչ անկլավային տարածքները, հետո՝ անկլավայինները, որոնց գործը հեշտ է:

Սակայն Փաշինյանին չհաջողվեց համոզել ոսկեպարցիներին ու հարակից գյուղերի բնակիչներին՝ ազերի թուրքին զիջել իրենց պապենական հողերը, ինչն օրինականորեն ամրագրված է անցյալ դարի 80-ական թթ. հայ-ադրբեջանական համաձայնագրերով, որոնց պատճենները կան Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ պետական պահոցներում եւ որոնց գոյությունը, չգիտես ինչու, մեր իշխանությունների կողմից անտեսվում է: Ոսկեպարում վճռականորեն են տրամադրված՝ չտրվել Փաշինյանի հորդորներին եւ ոտքի կանգնել հանուն իրենց իրավունքների ու արժանապատվության, հանուն հայրենի սրբազան սահմանների: Նահանջը ողբերգական ավարտ կարող է ունենալ ողջ Հայաստանի համար:  

 

Եվս մեկ աղմկահարույց թեմա, որը դեռ իշխանության գալու արշալույսին էր ՔՊ-ական կառավարությունը նետել ասպարեզ, եւ որն օրերս նորից վերաթարմացվեց՝ իր հետ վերաթարմացնելով մարդկանց մտահոգությունները, որովհետեւ խնդիրը վերաբերում է բոլորիս՝ ընդհանարապես, եւ կրթական համակարգին՝ մասնավորապես: Խոսքը ՀՀ բուհերը Երեւանից դեռեւս գոյություն չունեցող «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին է: «Բուհական ոլորտում պրոբլեմները խորն են,- մարտի 15-ին Դիլիջանում տեղի ունեցած տնտեսական ֆորումի նիստերից մեկի ժամանակ ասել է Փաշինյանը,- ՀՀ-ում կա 60 բուհ, սակայն եթե այս բուհերը հավաստագրեն միջազգային չափորոշիչներով, դրանցից ոչ մեկը հավաստագիր չի ստանա:

Այս առումով «Ակադեմիական քաղաքը», ըստ գործադիրի ղեկավարի, շատ կարեւոր ու ռազմավարական ծրագիր է, որի ներդրմամբ մայրաքաղաքում չպետք է երկարաժամկետ կտրվածքում ոչ մի բուհ լինի, հայաստանյան բոլոր բուհերը պիտի կենտրոնացվեն մեկ տեղում: Կառավարությունը, Փաշինյանի խոսքով, ծրագրում է «Ակադեմիական քաղաք» կառուցել Երեւանի 17-րդ թաղամասի հարակից հատվածում, իսկ բուհերի ներկայիս շենքերը, որ հանությանն ամենահուզող հարցերից է, նրա մատուցմամբ, կհամախմբվեն մի կազմակերպության մեջ եւ կառավարման կտրվեն միջազգային հեղինակություն ունեցող որեւէ ընկերության՝ որպես տարածքներ, եւ այդտեղից ստացվող գումարը բուհական համակարգի ֆինանսավորմանը ծառայի։

Թե երբ լիարժեք կսկսի գործել շուրջ 700 հա մակերեսով հիմնվելիք ակադեմքաղաքը՝ տակավին հստակ չէ. ԿԳՄՍ նախարարը 2030թ.-ի մասին է խոսում, ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կազմած գերմանական ընկերության ներկայացուցիչը՝ 15-20 տարվա ժամկետի: Տարածքները, Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ, նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչեւ 16 բուհ՝ 8-ը պետական խոշորացված եւ նույնքան էլ՝ մասնավոր կամ միջազգային բուհեր: Փաշինյանն իր մատնանշած 60 բուհերն ուզում է «տեղավորել» 16-ում՝ անունը դնելով օպտիմալացում: «Սա գիտության համակարգը փլուզելու փորձ է»,- համոզված են շատ մասնագետներ:

Նկատի ունենալով, որ նման վարդագույն խոստումներ տվողը Նիկոլ Փաշինյանն է, ով միշտ ասում է մի բան, բայց կատարում բոլորովին հակառակը կամ, առհասարակ, դրժում խոստումը, մարդիկ թերահավատորեն են վերաբերվում նրա ասածներին եւ գործող բուհական շենքերի վաճառման մասին տարբեր վարկածներ առաջ քաշում: Տիրապետող կարծիքն այն է, որ Երեւանի կենտրոնում գտնվող այդ շենքերը Փաշինյանը մտադիր է վաճառել յուրային գործարարներին եւ ստացված գումարը հատկացնել բյուջեի ճեղքերը փակելու համար կամ օգտագործել սեփական հայեցողությամբ, օրինակ՝ փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ: Փաշինյանի եւ Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Նախքան Հայաստան ժամանելը՝ մարտի 17-18-ը ներառյալ, հյուսիսատլանդյան դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել Բաքվում եւ Թբիլիսիում՝ այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մարտի 20-ին ՀՀ գործադիրի ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու հաջորդ օրը նախատեսված՝ Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին, որի շրջանակներում Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ընդգծել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հարցերին:

Հռոմում Մարտի 19-20-ը տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանը։ Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Միջոցառման ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Ադրբեջանի նախագահը վերջին մեկ ամսում երկրորդ անգամ՝ մարտի 18-ին, ժամանել է Ստեփանակերտ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ տեղեկացնելով, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որը նա վերանվանել է Հաղթանակի հրապարակ, Իլհամ Ալիեւն անձամբ է վառել Նովրուզ տոնի առթիվ այդտեղ տեղադրված խարույկը։ Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտից նաեւ շնորհավորել է ադրբեջանցիներին՝ Նովրուզի առթիվ: «Երկար տարիների ընթացքում այս հրապարակն ու այստեղ գտնվող շենքը անջատականների որջ էին։ Հենց այս հրապարակում էին ստոր ծրագրեր խմորվում մեր ժողովրդի դեմ»,- ատելության իր «ծրագրի» շրջանակում հայտարարել է Բաքվի բռնապետը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.