14.11.2018

Еженедельный Обзор

Փետրվարի 17-24

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Փետրվարի 22-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված սեմինար-քննարկում` «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը» թեմայով: Այն նպատակ ուներ վերհանելու Շարժման հաջողության գործոնները, դիտարկելու ազգային-ազատագրական պայքարի մեզանում հաջողված աննախադեպ փորձը եւ քննելու համաժողովրդական վերելքի հետագա անկման ու պետականակերտման գործընթացի աղավաղման պատճառները: Խնդիրը համակողմանիորեն արծարծվեց ինչպես հիմնական զեկուցողների` ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի հիմնարար զեկույցներում, այնպես էլ հարցուպատասխաններին ու մտքերի փոխանակությանը մասնակցած բանախոսների ելույթներում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք շարժումն իրականում ինքնաբուխ էր, թե ուղղորդված էր խորհրդային ԿԳԲ-ի կողմից, ինչը, Մանվել Սարգսյանի պարզաբանմամբ, բավարար փաստարկված չէ: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Շարժումն աներկբայորեն ինքնաբուխ էր, ժողովրդավարական, իսկ բնույթով` ազգային-ազատագրական պայքար հանուն անկախության, ինքնիշխանության եւ արցախցիների հիմնարար իրավունքների ու ազատությունների: «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը հետաքրքրվեց, թե որն է Շարժման փորձի կիրառական նշանակությունն այսօր եւ ինչու ներկայումս չի հաջողվում համազգային աջակցություն ստանալ: Զեկուցողների հիմնավորմամբ` մարդիկ ոչ թե հիասթափվել են, այլ «նրանց աչքերը բացվել են» եւ այլեւս անիմաստ գործընթացների հետեւից չեն գնում: Սարգսյանի կարծիքով` Վազգեն Մանուկյանի առաջարկած բանաձեւը, համաձայն որի` «կարեւորը իշխանափոխությունն» է, հետագայում այնքան է շահարկվել ու անպատեհ օգտագործվել բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից, որ վերջնականապես արժեզրկվել է: Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսեց Արցախի ազատագրումից հետո ծագած խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների մասին: Մասնավորապես` նա ռեպլիկի կարգով ընդդիմացավ Թաթուլ Հակոբյանի այն պնդմանը, թե բանակցային գործընթացում երբեք Մեղրիի փոխանակման հարց չի արծարծվել: Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել իր ձեռքի տակ եղած համապատասխան փաստաթղթի կրկնօրինակը, որը լույս կսփռի վիճահարույց այդ խնդրի վրա: Պարզաբանման կարգով նշվեց նաեւ, որ ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը չունեն այն կարգավիճակը, որպեսզի Արցախի հարցի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնեն: Միակ տարբերակը միջազգային նորմերի շրջանակում հստակ դիրքորոշում ունենալն է, որի շուրջ պետք է համախմբել աշխարհի ուժեղներին, որոնք կպաշտպանեն այդ դիրքորոշումը: Detector.am կայքի խմբագիր Էդգար Վարդանյանը հնչեցրեց թերեւս արդիականության կարեւորագույն հարցերից մեկը` հետաքրքրվելով, թե արդյոք Արցախյան շարժում ասելով, պետք է հասկանալ նաեւ Հայաստանյա՞ն շարժումը, եւ իրականում Հայաստանի ժողովուրդը երբեւէ ինքնորոշվե՞լ է,  մղելով պայքար ժողովրդավարության համար, որպեսզի ստեղծի անկախ պետություն, թե՞ ոչ: Նշելով, որ Արեւելյան Եվրոպայի բոլոր հեղաշրջումների հիմնարար նպատակը եղել է Խորհրդային Միության փլուզումը եւ անկախ ժողովրդավար պետությունների ստեղծումը, արդյո՞ք նույնը կարելի է ասել Հայաստանի պարագայում: Նաեւ զեկուցողներից խնդրեց մեկնաբանել, թե արդյոք  հնարավոր չէր ինքնորոշվել բացառապես ոչ բռնի միջոցներով, քանզի դիմադրությունը հանգեցրեց պատերազմի՝ բազմաթիվ զոհերով ու խեղված ճակատագրերով, մինչ օրս չլուծվող խնդիրներով եւ նոր պատերազմի սպառնալիքով: Ի պատասխան` Մանվել Սարգսյանն ասաց, որ Հայաստանի հասարակությունը չի ինքնորոշվել, եւ մեր պետությունը միակն է ողջ հետխորհրդային տարածքում, որը Անկախության հռչակագիր չունի: Թերեւս 1989-ի միակ ռազմավարական քայլի փորձը եղավ, երբ ծագեց միասնական պետություն հռչակելու որոշումը, եւ 1991-ին Խորհրդային Հայաստանն անմիջապես հրաժարվեց այդ որոշումից, հանրաքվե անցկացրեց այդ ժամանակվա Խորհրդային Հայաստանի տարածքում միայն` դուրս թողնելով Արցախը, եւ որեւիցե հռչակագիր չընդունեց: 1989-ի որոշման հիման վրա 1990-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը եւ խոստում հնչեց, որ կանգնում ենք ազատության ճանապարհին: Զեկույցի հեղինակները չեն բացառում, որ պատերազմի հանգեցրած մեծագույն վտանգը, հնարավոր է, պայմանավորված էր հենց Հայաստանի` չինքնորոշված լինելու հանգամանքով: «Ղարաբաղը թողնելով դրսում, բայց ներառելով «անկախական» հռչակագրի մեջ, Հայաստանն ամբողջ աշխարհում ճանաչվեց ամորֆ պետություն, եւ իրավունքը տրվեց Ադրբեջանին: Իսկ դրանից անմիջապես հետո, դեկտեմբերի 23-ին, ստորագրելով ԱՊՀ պայմանագիրը, Հայաստանը փաստորեն ճանաչեց Ադրբեջանի իրավատիրությունը»,- ամփոփեց Սարգսյանը:

19 октября 2018
13 июля 2018
24 февраля 2018
12 января 2018
22 декабря 2017
15 декабря 2017
08 декабря 2017

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am