15.11.2018

Еженедельный Обзор

Հոկտեմբերի 21-28

Հոկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ զինված ուժերի ու ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքը, որն Ազգային ժողովն ընդունել էր հոկտեմբերի 5-ին: Համաձայնագրում մասնավորապես նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում կողմերի տարածքների առանձնացվածությունը եւ դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը, անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին եւ հասարակությանը արտաքին ու ներքին ռազմական սպառնալիքներից»։

Ազգային ժողովում համաձայնագիրը քննարկվել էր բուռն մթնոլորտում:

ՀՀ վարչապետի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Երեւանում էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մեդվեդեւի գլխավորած պատվիրակության կազմում էին Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ռուս նախարարներ եւ պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի վարչապետն ուղեւորվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի շրջանակում Կարապետյան-Մեդվեդեւ առանձնազրույցին հաջորդել էին ընդլայնված կազմով բանակցություններն ու փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նույն օրը Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարին: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Երեւանում հոկտեմբերի 24-25-ը անցկացվեց Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին ընդունել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաեւ կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հոկտեմբերի 25-ին քննարկումները դեռ շարունակվում էին: Օրինագիծը հիմնականում ուղղված է ՀՀ զինված ուժերի օրենսդրական դրույթները փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Փաստաթղթով սահմանվում են մի շարք կարեւոր դրույթներ, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի լիազորություններին վերաբերող: Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են զինված ուժերի, պաշտպանության նախարարության գործունեությանը, գործառույթներին վերաբերող մի շարք այլ դրույթներ եւս:

Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինը հոկտեմբերի 26-ին իր նստավայրում ընդունեց Շառլ Ազնավուրին: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեն ու նրա քույրը՝ Աիդան, պարգևատրվեցին շվեդ դիվանագետ Վալենբերգի անվան մեդալներով: Հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը հանդիպում է ունեցել Ազնավուրի հետ ու գրի առել նրա ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաև հենց իր ու քրոջ սխրանքների մասին պատմությունները՝ կապված Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստներից հայեր ու հրեաներ փրկելու հետ: Այդ տարիներին Ազնավուրյանները համակրում ու աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրում թե՛ հայերին ու հրեաներին և թե՛ այլ ազգերի ներկայացուցիչների՝ վտանգելով սեփական կյանքը:

Լրացավ «Հոկտեմբերի 27»-ի ողբերգության 18-րդ տարին։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու  Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի` Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։ Ազգային ժողովի այգում «Հոկտեմբերի 27»-ին զոհված պետական, կուսակցական գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կանգնեցվել:

19 октября 2018
13 июля 2018
24 февраля 2018
12 января 2018
22 декабря 2017
15 декабря 2017
08 декабря 2017

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am