Հայաստանը կառավարող արտաքին ուժերը վարում ու ցանում են մեր երկրի քաղաքական դաշտը՝ այլեւս «անբուժելի» դարձած իրենց մարդամեկին աթոռին պահելու համար։ Արդյո՞ք դա անում են շատ վարպետորեն, թե շատ շինծու ու ոչ արհեստավարժ ձեւով՝ կախված է նրանից, թե ովքեր են գնահատողները։ Կարծես թե՝ քաղաքական բոլոր շրջանակները հանրային մեդիադաշտ նետվող ամեն կուտն ուտում են։ Իսկ հանրությունն էլ գրեթե ամեն օր իր ուշադրությունը սեւեռում է ինչ-որ ասեկոսեների, բացահայտումների կամ թվերի վրա՝ զարմանք ապրելով այդ ամենից։
Նման պարագայում կարելի է ասել, որ ընտրական գործընթացի արտաքին կառավարումը հմուտ է իրականացվում։ Սակայն իրականում դա արվում է այնքան ոչ արհեստավարժ կերպով, որ քմծիծաղ է առաջացնում։ Նման մակերեսայնությունը, պարզվում է, մեր քաղաքական դաշտն ի վիճակի չէ հասկանալ։ Բայց դա մի կողմ թողնենք ու շարունակենք հիմնական ասելիքը։ Հայաստանում քաղաքական դերակատարներն ի վիճակի չեն նաեւ հասկանալ, թե իրենցից ով ինչի համար է ֆինանս ու գործելու հնարավորություն ստացել։
Հայաստանի «մեծ ֆիգուրներին» (իրականում՝ գաճաճ ինֆանտիլներին) թվում է, թե իրենք պետք են արտաքին ուժերին, եւ գալու է այն օրը, երբ արտաքին տերերի կողմից իրենց գործելու շատ ավելի մեծ հնարավորություններ, միջոցներ ու աջակցություն կտրվի։ Իսկ առայժմ, ինչպես իրենց է ասվել, պետք է զգույշ լինել խելապակասի հետ հարցերում՝ փորձելով, իբր թե, ժողովրդի քվեն ստանալ այն խաղի մեջ, որտեղ գործող վարչախումբը բացարձակ մենաշնորհ ունի։
Փոքրերին էլ թվում է, թե իրենք չգնահատված հանճարներ են, եւ հանրությունն իրենց խորհրդարան մտնելու նվազագույն անցողիկ շեմը իր քվեով կապահովի, որտեղ իրենք, իբր թե, ասելիք ու անելիք ունեն։ Իսկ իրականությունն այն է, որ բոլոր «խոշորները»՝ Նիկոլ, Սամվել, Գագիկ, Ռոբերտ, ուռճացված են տեղեկատվական արշավների միջոցով ու խաղում են միեւնույն խաղը՝ շատ աղոտ պատկերացնելով, թե որն է այդ խաղի էությունը։
Խնդիրն այն է, որ բոլորը կառավարվում են դրսից, եւ բոլորի համար անհասկանալի է այն պատկերը, որը գոյություն ունի դրսում՝ Հայաստանի վերաբերյալ։ Հայաստանը, ինչպես ասվեց, արտաքին ուժերի կառավարման տակ է, ու կառավարողները վարում ու ցանում այն այնպես, ինչպես իրենց է պետք։ Իսկ իրենց Հայաստանը պետք է այն քաղաքական դասավորությամբ, ինչպիսին գոյություն ունի արտաքին ուժերի ներկայիս հաշվեկշռում՝ 2021 թվականից ի վեր տեղի ունեցած՝ Հայաստանի բաժնետոմսերի վաճառքից հետո։ Հայաստանի ԱԺ-ում քաղաքական ուժերը պետք է լինեն այն հարաբերակցությամբ, ինչ հարաբերակցությամբ բաժնետոմսեր ունեն նրա տերերը։
Այս ամենը գրեցի, որ, ի վերջո, ընթերցողն ինքնուրույն կարողանա պատասխանել այն հարցին, թե բացի, այսպես կոչված, ռուսամետ սեգմենտից, ուրիշ ո՞ւմ կառավարման տակ է Հայաստանի ղեկավար առանձնյակը։ Շատերն արդեն տարիներ շարունակ վիճում են՝ արդյոք Կրե՞մլն է կառավարում Հայաստանը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, թե՞ Արեւմուտքը։ Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը տվեցի ու այլեւս այդ հարցում վիճելու անհրաժեշտություն չի առաջանա, քանզի Հայաստանը մեկ տեր չունի, իսկ արտաքին ուժերի մեջ կայացած կոնսենսուսը հայ հանրության համար խորթ, բոլորովին այլ կատեգորիաներով է չափվում։
Ընտրական այս թոհուբոհի մեջ բոլոր տեսակի ծրագրերից դուրս էր Արթուր Օսիպյանի հետ կատարվածը, ու նրա ազատ արձակումը պետք է հուզի ազատ մտածող մարդկանց։ Նա վտանգ է ներկայացնում քաղաքական դաշտի գրեթե բոլոր խամաճիկ «դերակատարներին» ու իր հացադուլի միջոցով կարող է խախտել արտաքին խաղացողների ծրագրերը:
Սարո Սարոյան

