28.03.2024

Свободная Платформа

Երբ իրական գողն ամենաբարձրն է գոռում, թե` «բռնեցե´ք գողին…»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության մեկնարկը, ինչպես հաճախ է պատահում, բավական զավեշտալի պահեր պարգեւեց: Մեկը մյուսից ծիծաղաշարժ, մեկը մյուսից առինքնող: Բայց այն զավեշտախաղը, որ ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի անունից մատուցվեց հայ հանրությանը, պարզապես անգերազանցելի էր: Մատուցողն էլ ոչ այլ ոք էր, քան իշխանազրկված Հանրապետականի փոխնախագահ եւ համատեղության կարգով նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը: Հավանաբար` հենց նույն Աշոտյանն է հեղինակը հարազատ կուսակցության՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» նախընտրական կարգախոսի, որն ունի գրեթե մեկ տասնյակի չափ «ենթակարգախոսներ»: Դարձյալ մեկը մյուսից… բայց ավելի լավ է դրանցից մեկ-երկուսը հնչեցնենք իրենց ողջ հմայքով ու թշվառությամբ: Ահավասիկ. «Եթե մտահոգ ես Արցախի ամրությամբ, ընտրի՛ր ՀՀԿ-ին», «Եթե մտահոգ ես բանակի մարտունակությամբ, ընտրի՛ր ՀՀԿ-ին» կամ՝ այս մեկը. «Եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ, ընտրի՛ր ՀՀԿ-ին» եւ այլն: Այնպես որ, «մտահոգները» կարող են ապավինել ՀՀԿ-ին եւ այլեւս հանգիստ գլուխները դնել բարձին:

Կատակը՝ կատակ, բայց ավելի լկտի, անպատկառ, լպիրշ պահվածք դժվար է պատկերացնել: Վերոնշյալ կոչերով հանդես է գալիս մի կուսակցություն, որը ոչ միայն հաջողությամբ ձախողել է արցախյան խնդրի հայանպաստ լուծումը, թուլացրել բանակի մարտունակությունն ու սահմանների ապահովությունը, այլեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը հասցրել է կործանման եզրին` ամեն ինչ դարձնելով առուծախի առարկա: Համատարած թալանին ու ամենաթողությանը, ոստիկանական տեռորին ու դատաիրավական կամայականություններին, համակարգային կոռուպցիային ու արտագաղթին, հակահասարակական մյուս երեւույթներին գումարվել էին քաղաքական հալածանքներն ու հետապնդումները:

Կյանքը շարքային քաղաքացու համար ծանր էր եւ անտանելի, ինչով էլ մտահոգված` ժողովուրդն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ոտքի ելավ` տապալելու եւ տապալեց սեփական կառավարումը հավերժացրած ՀՀԿ-ական ոչ լեգիտիմ իշխանությանը: Ճակատագրի հեգնանքով` հիմա այդ նույն կուսակցությունն ինքն է «մտահոգներին» կոչ անում ընտրել մինչեւ ականջների ծայրը վարկաբեկված, թալանչու պիտակ վաստակած ՀՀԿ-ական մաֆիային: Սա ցինիզմի գագաթնակետն է: Ընդամենը 6 ամիս է անցել, սակայն աշոտյաններն ու շարմազանովները, կարծես թե, մոռացել են Արցախի խնդրում իրենց «անփոխարինելի» առաջնորդի լրջագույն նահանջը, «Մադրիդյան» կոչվող սկզբունքների ոգով տարածքների հանձնման պատրաստակամությունը` ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագային: Հիմա այդ մարդիկ առանց դույզն-ինչ ամոթի, առանց խղճի խայթի ազդարարում են. «Եթե մտահոգ ես անորոշ ապագայով, ընտրի´ր ՀՀԿ-ին»: Այստեղ են ասել` գլխիդ ձյուն գա, ընկեր պետ:

«Անփոխարինելիի» թուլակամ, կրավորական պահվածքից ոգեւորված` Ադրբեջանն արդեն քիչ էր համարում միայն Արցախի շուրջ մեր ազատագրած տարածքների վերադարձը, նա ամենայն լրջությամբ պահանջում էր բուն Արցախը, նույնիսկ` «Էրիվանը»: Եվ, փառք Աստծո, որ Ալիեւ կրտսերը չհամաձայնվեց տարածքային փոխանակման տարբերակին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ արդեն քննարկել էր տարածքների մեծ մասի հանձնման ճանապարհային քարտեզը եւ ժողովրդին հենց դրան էր նախապատրաստում: Ի՞նչ արժի միայն նրա հայտնի արտահայտությունը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Իսկ 2016թ. 4-օրյա ռազմական գործողության առաջին ժամերին հայկական կողմը կասկածելի իրադրությունում հարյուրից ավելի զոհ տվեց, եւ զուտ առաջնագծում մեր զինվորների անօրինակ հերոսությամբ (ինչը չի կարելի ասել ռազմական ղեկավարության մասին) մեզ հաջողվեց պաշտպանել Արցախի ամբողջականությունը` չնայած Սերժ Սարգսյանի «իմաստուն» առաջնորդությամբ, այնուամենայնիվ, այդ ճակատում անպատրաստ լինելու պատճառով մենք տանուլ տվեցինք` թշնամուն զիջելով ավելի քան 800 հա «անպետք, ամայի» տարածք: Մի՞թե սա դավաճանություն չէր:

Այդ «առեղծվածային» պատերազմում Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցության որոշ գործողությունների բացահայտման հողի վրա Ժիրայր Սեֆիլյանն ու Անդրիաս Ղուկասյանը հնարովի այլեւայլ քրգործերով հայտվեցին բանտում, եւ վերջիններիս փաստացի մեղադրական հայտարարությունների առնչությամբ որեւէ պաշտոնական հերքում չեղավ: Սրա մասին մանրամասն գրված է:

Նրանք դեռ նստած կլինեին, եթե չլիներ «թավշյա» հեղափոխությունը: Ցավոք, ապրիլյան պատերազմի գործով քրեական գործ առայժմ չի հարուցվել` ներառելով մեր բանակի մարտական ու տեխնիկական վիճակի, պատասխանատվության, նյութատեխնիկական աջակցության, Գլխավոր շտաբի եւ Պաշտպանության նախարարության օպերատիվ հրամանատարության անգործության, բանակում կողոպուտի եւ բազմաթիվ այլ դրվագներ: Եթե ժամանակին դա արվեր եւ մեղավորները ստանային իրենց արժանի պատիժը, այսօր իրական գողը բոլորից բարձր չէր գոռար, թե` «բռնեցե´ք գողին…»

Կարապետ Կալենչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.