29.03.2024

Свободная Платформа

Գաղափարաֆոբիան պետք է հաղթահարվի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նախընտրական շրջանում հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել՝ մի շարք կուսակցություններ պայքարում են ընդդիմադրի պատվավոր կոչման համար: Այսինքն՝ ստացվում է, որ կրկին ոչ մի գաղափարական պայքար չի ծավալվելու, եւ սրա պատճառը ո՛չ անփոփոխ մնացած Ընտրական օրենսգիրքն է, ո՛չ էլ ժողովրդի «էյֆորիան», այլ պարզապես կուսակցություններն իներցիայով շարունակում են խորշել գաղափարներից:

Պարզ է, որ Հայաստանում քաղաքականությունը երբեք գաղափարահենք չի եղել, ու քաղաքական ինստիտուտները, այդ թվում՝ կուսակցությունները, չեն զարգացել քաղաքական տրամաբանության ծիրում: Եվ այսօր, փաստացի, մենք դեռ կանգնած ենք այդ ինստիտուտները զրոյից ստեղծելու մարտահրավերի դեմհանդիման: Բայց այդ մարտահրավերը հաղթահարելու շանսերն այնքան էլ փայլուն չեն, հաշվի առնելով, որ անհնար է լուծել խնդիրները՝ մնալով մտածելակերպի նույն մակարդակում, որում եւ դրանք առաջացել են: Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ միեւնույն բանաձեւով նույն փորձի կրկնությունն այլ արդյունքի է բերելու: Դա հնարավոր չէ:

Սակայն մենք համառորեն չենք ցանկանում դավաճանել մեր փորձին, առավել եւս՝ կասկածի տակ առնել մեր մոտեցումները, ինչի վառ ապացույցը քաղաքական գաղափարները բանադրանքի ենթարկելն է: Կրկին անգամ քաղաքականությունը փորձում ենք հանել գաղափարական ծիրից: Կարծես ցանկություն չկա դուրս գալ «իշխանություն-ընդդիմություն» տրիվիալ հարթակից եւ նոր հարթակի վրա որակապես նոր քաղաքական մշակույթ ձեւավորել:

Ինչպիսի՞ հարթակ կարող է ձեւավորվել, երբ կուսակցությունները որպես խորհրդարան անցնելու միակ պատրվակ օգտագործում են Սահմանադրությամբ ամրագրված առնվազն երեք ուժի առկայության անհրաժեշտությունը եւ հանրությունից մուրում են իրենց վստահել խորհրդարանում իշխանություններին քննադատողի դերը: Բազմաթիվ քաղաքացիներ էլ պատրաստվում են իրենց քվեն տալ երկրորդ եւ երրորդ տեղերին հավակնող կուսակցություններին, որպեսզի ապահովեն փոքրիշատե տանելի քաղաքական ուժերի անցողիկ շեմը եւ բացառեն իրենց համար անընդունելի՝ եթե չասենք ատելի, կերպարների հայտնվելը նոր խորհրդարանում:

Եվ եթե ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական ներկապնակը բաժանված էր «սեւերի» եւ «սպիտակների» միջեւ, ապա հիմա համատարած մոխրագույնն է: Նման իրավիճակը լի է լճացման եւ ընձեռնված քաղաքական հնարավորությունների մսխման վտանգներով: Քաղաքական ուժերը չպետք է վախենան գաղափարական առաջարկներով հանդես գալ, իսկ տարատեսակ «մետ»-ները չեն կարող իրենցով քաղաքական գաղափարախոսություններ փոխարինել եւ քաղաքական բեւեռներ ձեւավորել:

 

Մարինա Մուրադյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.