04.12.2024

Свободная Платформа

«Հայկ Նահապետ». ուղերձներ անցյալից

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, գրքերի եւ ֆիլմերի հեղինակ Արմենուհի Դեմիրճյանից վերջերս իր հրատարակած՝ «Հայկ Նահապետ» վիպակը նվեր ստացա։ Ինձ հետաքրքրեց այդ գիրքը նոր օրերի համադրության մեջ, որի նյութը բխում է նաեւ մանկավարժի իմ մասնագիտությունից։ Կարդացի մի շնչով, նոր հայացքով՝ հին ու նոր օրերի Հայաստանը հայացքիս առջեւ, երբ հազարամյակներ առաջվա «պատմական Հայաստանի տարածքը, որտեղից հայերը մեկնում էին կառուցման աշխատանքների, սփռվում էր մինչեւ Միջագետք»։

Ըստ Խորենացու՝ Հարանց տունը Նոյի որդիների երկիրն է, որտեղից մարդիկ գնում են մասնակցելու Բաբելոնյան աշտարակաշինությանը։ Իր գերդաստանով ու ցեղախմբով Հայկը մեզ երեւում է քարե մուրճը ձեռքին` որպես վիթխարի ուժի տեր, որպես շինարար։ Նա հյուրընկալ է, կանխում է սովը, համախմբում աղքատության մեջ գտնվողներին, նրանց ընդգրկում շինարարական աշխատանքներում… «Այս ի՞նչ հարազատ լեզու եմ լսում… Հարանց տնի՞ց եք եկել, մեր պապերի բարձրիկ երկրից»։

Հայկի խոսքը լեզվի, պապերի երկրի նկատմամբ սիրո, հպարտության, կարոտի   զգացողություն է։ Արարող, ստեղծող մարդը՝ որպես պետության, տոհմի, գերդաստանի ղեկավար, պետք է նաեւ շինարար լինի, բայց ոչ միայն բառի բուն իմաստով։ Քարոտ երկրի օրենքը՝ «թիկունք թիկունքի կպած են բարձրացնում պատերը, որ վտանգի պահին միասին պաշտպանվեն»։ Դարերից եկած հզոր բանաձեւ է, որին նորօրյա հայացքով պետք է նայել։ «Եթե հարձակվել չես սիրում՝ ուրեմն պիտի պաշտպանվես։ Բայց որ լավ ես պաշտպանվում, վախենում են, էլ չեն գալիս»։

Այսօրեական է խոսքը՝ արդյո՞ք պետք է մոռանալ մեր Սուրբ լեռը։ «Արարիչների ատյան` Ար-ար-ատ։ Աստվածները Սուրբ լեռան գլխին են անում իրենց դատը»։ Ասույթը դեռ որտեղից ու երբվանից է գալիս, որ գաղտնիք էր. «Երկաթը տաք-տաք են ծեծում»։ Ու անհայտ մետաղը՝ գանձ-երկաթը, հայտնություն է դառնում։ Բաբելոնի աշտարակը կառուցվում էր։ Մարդկանց աչքերը փայլում էին. «Շուտ հասնենք աստվածներին, շու՜տ լսենք դիցերի երանելի ձայնը», եւ որքա՜ն հարցեր ունեին նրանց տալու։ Արդյո՞ք աստվածներին ընդունելի է իրենց հասնելու մարդկային ձգտումը, նրանց՝ դեպի վեր մղվելը։

Արդեն ներքին հակասություններ են ծնվում Բելի ու Հայկի միջեւ։ Մարդուկը գերագույն Աստվածն է, որի արձանը պետք է կառուցվեր։ «Տեղեկություն կա, որ Բել-Մարդուկի անդրին ունեցել է 6 մ բարձրություն եւ զարդարված է եղել թանկարժեք քարերով»։ Մենք տեսնում ենք, որ այն Բելի դեմքով է սարքվում, աշտարակի արտաքին պատերը քարով պիտի շինվեին, բայց Բելը՝ օգտվելով Հայկի բացակայությունից, աղյուսով է շարել տալիս։

Եվ շուտով նա չի էլ թաքցնում, որ ինքն է Բաբելոնի տիրակալը։ Բելի խարդավանքների մասին հայտնում են Հայկին։ Ինչո՞ւ են Բելի չսիրած մարդիկ սպանվում կամ աշտարակից սայթաքում։ Աշտարակն էլ այլանդակել էին, տեսքը փոխված էր… Հայկը համոզված էր, որ այն կփլվի վարար անձրեւներից, եւ նա չէր սխալվում։ «Աշխարհում ոչ մի անճոռնի բան կանգուն չի մնում», «Բելին ասեք, որ անձրեւները կբերեն աստվածների զայրույթի ձայնը»։ Եվ աստվածները ոչ միայն անձրեւ ու քամի, այլեւ հողմ ուղարկեցին։ Աշտարակը թեքվեց, սկսեց ճռճռալ, քանդվել…

Ահավոր վայնասուն բարձրացավ, մարդիկ չէին կարողանում փրկել աշտարակը, ամեն մեկն իր խոսվածքով ու բարբառով էր, միմյանց անհասկանալի, մահվան աչքերին նայելիս, ցրտի ու սովի մեջ։ Արդեն մարդկանց համար Բաբելոնը սեւ քաղաք էր, իսկ տեղի ունեցածից «աստվածները ծիծաղում էին»։ Եվ ի՞նչ էին պատգամում աստվածները. «Գնացեք-լցրե՜ք աշխարհը, ի՞նչ եք նստել աշտարակի փլվածքների մեջ»։ Հեղեղներ սկսվեցին, «Բելը, տաճարով ու սեփական արձանով տարված՝ ոչինչ չարեց Եփրատի պատնեշների ամրացման համար»։ Նա Մարդուկի արձանը տեղափոխում է մեկ ուրիշ տաճար եւ իրեն սկսում աստծո տեղ դնել։ «Նա սկսեց  խաբել այն օրվանից, երբ փչեց իր փառքի շեփորը…»։

Ուղերձները շատ են, երբ «ես»-ի գիտակցումը վեր է բարձրանում՝ փառքի ձգտումը դառնում է կործանարար։ Հայկը որոշեց իր գերդաստանով թողնել Բաբելոնը՝ չնայած իր ցեղը «չորս սերնդի քրտինք է թափել այդ քաղաքում»։ Հարանց տուն տեղափոխվելը դարձավ նպատակ, երբ գիտեր, որ այդտեղ տուն են կորցնում, ունեցվածք, այնտեղ հայրենիք են գտնելու։ Հայկի 300 հոգանոց գերդաստանը թողնում է Բաբելոնը, ճանապարհվում Հարանց տուն, դեպի ազատություն…

Գեղարվեստորեն հագեցած է Արմենուհի Դեմիրճյանի վիպակը. այն ընթերցողին  բազմաթիվ ուղերձներով տանում է դեպի բանալի բառը, դեպի գանձ-երկաթը, որով զենք են կռում։ Հայկին տնտեսության գործերի կողքին առավել շատ ոգեւորում էր դարբինների աշխատանքը։ Նրանք սկսում են գիշեր-ցերեկ երկաթ կոփել։ Երբ զենքի պաշարը լրանում է՝ հերթը հասնում է զորավարժանքներին։

Եվ հետո Հայկը երեքթեւյան նետի սուլոցից պիտի հասկանար, որ երկաթե սլաքը խոցել է նեռի պղնձե լանջապանակը, եւ Բելը շունչը փչել է։ Փառահեղ կռվեցին բոլորն էլ, երբ Հայկի գերդաստանում պառակտում չկար, այնտեղ կուսակցություններ չկային, բոլորի պայքարը անօրեն թշնամու դեմ միաձույլ էր՝ հանուն մեկ գաղափարի… Հետո Հայկը պատվիրեց, որ Հյուսիսի բարձրաբերձ լեռները եղբոր՝ Կովկասի անունով կոչեն։ Հաղթական ճակատամարտի վայրում կառուցեցին մի նոր դաստակերտ, անունը դրեցին Հայք, այսինքն՝ Հայկյաններ։ Հայկի անունը դարձավ նրա ազգատոհմի անունը` հայ, երկիրը` Հայաստան, իսկ Հայկի որդիներն ու թոռները սկսեցին ընդարձակել հայրենի աշխարհի սահմանները։

Մեր շատ սիրելի Արմենուհի Դեմիրճյանի այս գիրքն ինձ համար հայտնություն է, նոր օրերին համահունչ, ուղերձները՝ շատ, ամեն մեկը՝ մի դաս, որն ընկալելու եւ իմաստավորելու ժամանակները դեռ կգան:

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.