Չորեքշաբթի, Նոյեմբերի 21, 2018

Կենտրոնը մամուլում

«Մեր երկրում նենգափոխվում է պաշտոնյաների դերակատարությունը» (Past.am)

 

«Մեր երկրում նենգափոխվում է պաշտոնյաների դերակատարությունը»

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը
 

– Պարոն Սարգսյան, Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարեց ՀՀ նախագահի իր թեկնածուի մասին: Նա Մեծ Բրիտանիայում մեր երկրի դեսպան Արմեն Սարգսյանն է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրությունը, որպես լեզուներ իմացող, արտասահմանում ճանաչում ու կապեր ունեցող մարդու: Դրանք նախագահի հենց ա՞յն հատկանիշներն էին, որ հարկավոր էին մեր երկրին:

– Դե, Հանրապետական կուսակցությունն ուրիշ ի՞նչ պետք է առաջարկեր: Սերժ Սարգսյանը, ի վերջո, պարզ ասաց, թե ինչպիսի նախագահ է ցանկանում տեսնել: Այսինքն՝ ուզում է տեսնել այս երկրից կտրված, քաղաքական խնդիրներով չզբաղվող, ներկայցուցչական գործառույթներ ունեցող մարդու:

– Մեր երկրի պրոբլեմները լուծելու համար հենց նմա՞ն նախագահ է անհրաժեշտ:

– Իհարկե, ո՛չ: Նման թեկնածուն Հանրապետական կուսակցության համար է: Սերժ Սարգսյանի համար է:

Մեր երկրին անհրաժեշտ էր մարդ, ով այս երկրից բան է հասկանում, այս երկրի խնդիրներն է գիտակցում և կարող է իր լիազորությունների շրջանակներում ինչ–որ բան անել դրանք լուծելու ուղղությամբ:

Բայց Սերժ Սարգսյանը պարզ ասել է, որ այդ պաշտոնում նստած մարդը պետք է ընդամենը ներկայացնի:

Սակայն որտե՞ղ ներկայացնի կամ ի՞նչը ներկայացնի…

Բայց ասել է՝ կապեր ունենա կամ գնա այնտեղ՝ դրսերում, ինչպես ներսում Հանրապետական կուսակցությունն է անում, ասի, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և այլն, և այլն: Դե՛, այս մարդն էլ, այդ երկու բառը սերտելով, կգնա աշխարհով մեկ և դա կասի:

Ավելացրած՝ տարբեր ֆինանսական շրջանակներում հազար ու մի կապ ունի, բիզնեսների է տիրապետում, կարող է այդ կարգի հարցեր լուծել: Կամ, ասենք, օրինականացնի ֆինանսական ինչ–ինչ խնդիրներ:

– Իսկ մեր երկրին դա օգուտ չի՞ կարող տալ, եթե թեկուզ կարողանա ֆինանսական խնդիրներ լուծել:

– Երկրի ֆինանսական խնդիրներն այլ ձևով են լուծում:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ երբ եկավ, տնտեսական համակարգի կառավարումը հանձնեցին նրան ու նրա մասին էլ սկսեցին խոսել, թե ինչե՜ր պետք է անի: Նա էլ ասաց, թե ինչ խնդիրներ կան մեր երկրում: Ասաց, որ ամեն ինչ ստվերում է, պետք է ստվերը վերացնենք, որ երկիրը երկիր դառնա: Որ կոռուպցիա կա, որի դեմ պետք է պայքարենք: Եվ այլն, և այլն:

 

Բայց այս ամենը ընդամենը խնդիրների ձևակերպումներ էին: Քանզի ժամանակ անցավ, և տեսանք, որ ստվերները սրբության սրբոց են, և ոչ ոք դրանց ձեռք չի տալիս:

Հիմա այս պարագայում նախագա՞հն ինչ պետք է անի: Պետք է գնա ու աշխարհում հայտարարի, որ մեր երկրում ստվեր չկա՞, կոռուպցիա չկա՞, ամեն ինչ լա՞վ է…

Հենց հարցն էլ այդ է, էլի՛. ի՞նչը պետք է ներկայացնի:

Կամ վարչապետն ասում է՝ այսպիսի՛ն է երկրի վիճակը. երկիրը երկիր չի դառնա, մինչև բացասական երևույթները չվերացնենք, նախագահն էլ այդ դեպքում ի՞նչը պետք է գնա ու ներկայացնի: Ի վերջո, երկիրն է ներկայացնելու, չէ՞:

Այնպես որ, ուզած–չուզած այս ամենին անլուրջ ես վերաբերվում:

Մինչդեռ Սահմանադրության մեջ հստակ գրված է նախագահի գործառույթները, գրված է, թե ինչն ինչպես պետք է լիներ: Նախագահը պետք է ներկայացներ ծրագիր և նշեր, թե որո՞նք են իր համար երկրի առաջ ծառացած խնդիրները և ինչպե՞ս է դրանց լուծումը տեսնում իր լիազորությունների շրջանակներում:

Բայց նման «զրույցներ» այս երկրում տեղի չեն ունենում, բացարձակապես գոյություն չունեն:

Արդյունքում նենգափոխվում է նաև պաշտոնյաների դերակատարությունը՝ լեգալիզացնելով այն իրավիճակը, որն առկա է երկրում: Ասվում է, որ հենց սա՛ է պետությունը և սա՛ է պետության բարոյականությունը:

– Իսկ իրարանցումը, որ գոյություն ուներ նախագահի թեկնածության վերաբերյալ, մարդիկ ամիսներ շարունակ քափ ու քրտինքի մեջ գուշակություններ ու կանխատեսումներ էին անում, թե ո՞վ է այն լինելու, արդարացվա՞ծ էր: Երբ նախագահի դերակատարությունը, գոնե իշխող ուժի ներկայացմամբ, հենց այդքանն է:

– Իսկ ո՞վ էր անում. հենց իրենք էլ այդ իրարանցումը սարքում էին՝ քաղաքական նախաձեռնություններն իրենց ձեռքը պահելու համար: Որպեսզի այս երկրում եղած ուրիշ բաներից ոչ ոք չխոսեր: Չխոսեր թանկացումներից, ստվերից, գողություններից, թալանից… Թեմա էին գցում ասպարեզ, ու մարդիկ զբաղվում էին դրանով:

Միշտ էլ այդպես է եղել: Ինչ՝ ինչ, բայց մեր քրեաօլիգարխներն այդ հարցում վարպետներ են: Վերջերս էլ ձեռք են զարկել դեմագոգիայի արվեստին: Սկսել են բարոյախրատական քարոզներով զբաղեցնել դաշտը՝ ազգ–բանակ–եկեղեցի, օգնություն զինվորներին…

Վարպետներ են, էլի, կարողանում են…

Գոհար Սարդարյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am