Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

Կենտրոնը մամուլում

Վտանգները շատ են. այս շարժմանը պետք է միս ու արյուն տանք. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր վերադարձի մասին (1in.am)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Րաֆֆի Հովհաննիսյանը երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն, նա նորից ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ: «Երիտասարդությունը խնդրել է, որ վերադառնամ, մի քիչ խորհուրդ տամ, ես էլ ընդառաջել եմ, բայց մեր վարչությունը՝ Անդրանիկ Գրիգորյանը, Նարինե Դիլբարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը շարունակում են կուսակցության առօրյա ղեկավարումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նախընտրում եմ, որ երիտասարդությունը շարունակի ակտիվ մասնակցությունը: Մեր ժողովը Գյումրիում արեցինք, այնտեղ ես ասացի, որ մի տարի ժամանակ եմ տալիս երիտասարդներին, որպեսզի ունենանք մրցակցային վիճակ, և միգուցե մեկ տարի անց ունենանք նաև խորհրդի նախագահի նոր ընտրություններ: «Ժառանգությունը» տարբերվում է նաև նրանով, որ իմ կենդանության օրոք մենք ունենում ենք տարբեր նախագահներ, դա հրաշալի է… Մեր նախագահներին հասարակությունը ծանոթացավ և սիրեց նրանց, որոնց անուններն էին Զարուհի, Անահիտ, Ստյոպա… հիմա նրանք այլ աշխատանքի են անցել: Հիմա հասարակությունը նոր մարդկանց հետ պիտի ծանոթանա, և դա, կարծում եմ, արժեքներից մեկը պետք է լինի, դա պետական մանրակերտ է, որ «Ժառանգությունը» ստեղծում է, և ես հպարտ եմ դրանով: Ես հպարտ եմ, որ ոչ թե աթոռի եմ ձգտում, այլ քաղաքական նոր սերունդ եմ ստեղծում»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ տպավորություն է, թե կուսակցության վիճակը լավ չէ, և եկել է շտկելու իրավիճակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Չէի ասի, մենք եկել ենք ծառայելու, մենք գիտենք և՛ հաղթել, և՛ պարտվել, և ժպտալ՝ ի հեճուկս: Սա մեր երկիրն է, և մենք շարունակում ենք պայքարը: Մենք եղել ենք նոր Հայաստանի ակունքներում, վեց տարի առաջ մենք էինք, որ հրապարակում նոր Հայաստանի երդումը տվեցինք, մենք այս մեծ քարաթափման զինվորներն ենք, և կարևոր չէ, թե սուրհանդակն ով է, 5 տարի հետո Նիկոլն է, և մի ուրիշ սերունդ ի կատար ածեց, բայց մենք նույն այդ քարաթափման մասնակիցն ենք եղել, և շատ կարևոր է, որ միս ու արյուն տանք այս շարժմանը: Մենք ուզում ենք, որ այս շարժումը շահեկանորեն տարբերվի նախորդ իշխանություններից, սխալները չկրկնվեն: Վտանգները շատ են, սխալվելու գայթակղությունը մեծ է, մենիշխանության գնալու հավանականություն կա, մենք ուզում ենք, որ պարոն Փաշինյանի երիտասարդ իշխանությունը թույլ չտա դա, ուզում ենք օգնած լինել, որ այդպես չլինի: Կարևոր է, որ հիմա ինստիտուցիոնալ, հանրակարգային այլընտրանք ստեղծվի»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու են ժամանակին կուսակցության շարքերը լքել հատկապես նրանք, ովքեր կուսակցության նախագահ են եղել: «Ժառանգության» առաջնորդը նաև տեղեկացրեց, որ Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է Կանադա. «Քանի որ չգնահատվեց…, բայց հայրենիքից չեն նեղանում, այդքան ծառայությունից հետո նա պետք է հիմա պետական ծառայության մեջ լիներ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am