Հինգշաբթի, Սեպտեմբերի 20, 2018

Կենտրոնը մամուլում

«Փոփոխությունը մարդկանց գլխում պետք է լինի: Փոփոխության ճանապարհն այդ վիճակին չենթարկվելն է». Մանվել Սարգսյան (Medialab.am)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կետրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

- Պարո՛ն Սարգսյան, Ազգային ժողովը ՀՀ չորրորդ նախագահին է ընտրում: Նախագահի պաշտոնում ընդամենը մեկ թեկնածու առաջադրվեց, խորհրդարանական մյուս ուժերը, բացի մեկից, սատարում են ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանին, ՀՀԿ-ն նորից քաղաքականությունը թելադրողի դերում է: Այս իրավիճակը կանխատեսելի՞ էր, ի՞նչ է կատարվում:

- Իսկ այլ բան կարո՞ղ էր կատարվել, եթե խորհրդարանում նախօրոք արդեն բոլորի հետ խոսել են, բոլորն ասում են՝ այո՛, մենք այդ մարդուն ենք ձայն տալու: Մեծ աշխատանք կատարվեց, բոլորի հետ հանդիպեցին: Այս վիճակը, որը մեզ մոտ ստեղծվել է, ավելի է խորանում: Նկատի ունեմ մարդկանց միջև այդ նախնական համաձայնության մոլուցքը, թե ինչ առաջարկ է լինելու, ինչ պետք է անեն: Սա կորպուս է, հազարավոր մարդիկ բացարձակապես սեփական որևէ կարծիք արտահայտելու ցանկություն չունեն ընդհանրապես: Այդ մեծ կորպուսն օգտվում է ամեն ինչից:

Հիշո՞ւմ եք, այսպես կոչված, կուսակցականների շարանը, որը գնում էր Սերժ Սարգսյանի մոտ: Նրանց հաճախորդներ էին ասում, և այդ հաճախորդներն անընդհատ ավելանում էին: Ա՛յ դա բերեց ու հանգեցրեց մի վիճակի, որ արդեն կարծես այդ քաղաքականացված ակտիվ խավում մի քանի մարդ է մնացել:

Քաղաքական դաշտի մնացածը, նաև պետական կառավարման համակարգի պետական ծառայողները, ընդհանրապես մանկապարտեզների աշխատողներից սկսած, մարդիկ մի ներքին ընտրություն են կատարել, ինչը թույլ է տալիս անընդհատ ավանտյուրաներ անել: Ինձ զարմացնում է այդ նույն նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի պահվածքը: Երբ հայտնի դարձավ, որ ստեղծվելու է ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ երկրի նախագահը չկա, ինքը հանգիստ համաձայնում է դրան: Ազգային ժողովի խոսնակը հանգիստ համաձայնում է, որ չի լինելու այդ խորհրդի կազմում: Մենք արդեն հասել ենք այն աստիճանի, որ որևէ տեղ մի անհամաձայնություն չի լինում: Չկա նման բան:

- Այսինքն՝ ստեղծվել է մի համակարգ, որ խաղի կանոնները մեկ անձի կողմի՞ց են թելադրվում:

- Չեն թելադրվում մեկ անձի կողմից, խաղի կանոնները հենց այն մարդիկ են թելադրում, ովքեր միշտ պատրաստ են ցանկացած բան արդարացնել, ցանկացած բան պաշտպանել, ունենալով այն, ինչ յուրաքանչյուրն ուզում է: Շատ փոքր բանի դիմաց են նրանք դա անում, և զանգվածային բնույթ կրեց այս ամենը: Եվ սա չարիք է:

- Արդեն կանխատեսվում է, որ վարչապետի թեկնածուն մեկն է լինելու, և նա Սերժ Սարգսյանն է: Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ սահմանադրական այս ամբողջ փոփոխությունները Սերժ Սարգսյանը հենց ինքն իր համար արեց, և ի՞նչ սպասել ապրիլից հետո:

- Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել, հենց դա է սպասվում: Դա էլ մի ձև է, մարդկանց բացահայտ խաբում են, բայց նորից գալիս են: Խաբել ենք, տեսնո՞ւմ եք՝ ոնց ենք խաբել, նորից գալիս ենք:

- Այո՛, նա 2014-ին հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների ընդունվելուց հետո չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի պաշտոնին: Բայց ՀՀԿ-ականներն ասում են, թե նա չի խաբել, քաղաքականությունն այդպիսին է, ասում են՝ այսօր Սերժ Սարգսյանը անփոխարինելի է:

- Այդ ֆոնը ՀՀԿ-ականները վաղուց են ստեղծել, որովհետև այդ կորպուսն են ստեղծել: Այս տասը տարվա մեջ կարողացել են ահռելի ջանքեր գործադրել և, ինչպես ռուսներն են ասում, соглашательство ունենալ: Իսկ соглашательство-ն մարդու ոչնչացած կամքի վիճակն է: Դրա մասին է խոսքը: Մարդը ցանկություն էլ չունի մի «ոչ» ասի, քննարկի: Այդ կորպուսն է ստեղծվել, ագրեսիվ ու մեռյալ հոգիներով մարդկանց կորպուս է ստեղծվել, որոնք գիտակցաբար ընտրություն են արել: Այս գիտակցաբար ընտրությունն էլ հենց բերել է այդ կորպուսի ստեղծմանը: Դա մի ահավոր բան է, չարիք:

- Այսինքն՝ ապրիլից հետո էլ որևէ փոփոխություն չպե՞տք է սպասել երկրում: Այդ դեպքում ո՞րն է փոփոխության ճանապարհը:

- Փոփոխությունը մարդկանց գլխում պետք է լինի: Փոփոխության ճանապարհն այդ վիճակին չենթարկվելն է: Ամեն ինչ սկսվում է դրանից, եթե հանրության մեջ շերտ է գոյանում, որը չի ընդունում դա, չի ուզում ենթարկվել, հնարավոր է փոփոխություն: Եթե դա չկա, այսպես էլ շարունակվելու է: Ցանկացած շարժում, աշխարհում ցանկացած փոփոխություն սկսվել է, երբ հանրային ինչ-որ շերտ ասել է՝ ո՛չ, սա մեզ համար անընդունելի է: Երբ դա ասվում է, շատ լավ էլ բոլոր ձևերը գտնվում են, թե ոնց կարելի է փոփոխություն անել: Բայց այստեղ դա չեն ասում, հակառակը՝ խորացնում են, ավելի են լայնացնում այդ կորպուսը, իջեցնում են ու տարածում բոլոր շերտերում:

Ռոզա Հովհաննիսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am