Չորեքշաբթի, Սեպտեմբերի 26, 2018

Հարցազրույց

Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը ներկայացնում էր պատրվակներ, որոնք հիմա էլ են հնչում: Աննա Իսրայելյան

Եթե վերլուծենք անցած 18 տարիները, կարո՞ղ ենք հանգել այն եզրակացության, որ պետականության ամրության կորուստ ենք ունեցել 99-ի հոկտեմբերի 27-ից հետո:

Այն դասերը, որոնք 1999-ի հոկտեմբերի 27-ին պետք է քաղվեին, մասնավորապես մեր  պետական որոշ կառույցների ամրության իմաստով, այդպես էլ չեն սերտվել. Տվյալ դեպքում նկատի ունեմ այն, թե ինչպես է ահաբեկչությունը հնարավոր: Գործի նյութերում բազմաթիվ էին վկայությունները, որ Նաիրի Հունանյանը և իր խմբի անդամները գրեթե ամեն քայլափոխի, անգամ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին պատմել էին իրենց մտադրությունների մասին և անգամ այդ վկայությունն է պահպանված, որ նրանցից մեկը «զեկուցել է» ուր որ հարկն է, բայց թե ինչ է եղել դրանից հետո, ինչ ընթացք է տրվել, դրա մասին կարող ենք միայն ենթադրություններ անել, որովհետև ծառայողական հետաքննությունն ամփոփող գործի հատորները մինչև այսօր էլ գաղտնազերծված չեն: Բայց ակնհայտ է, որ հարկ եղած ուշադրությունը չէր դարձվել այդ ահազանգերին, և դրա հետևանքը մենք տեսանք: Հիմա, կատարվածից 17-18 տարի անց տեսնում ենք անցած ամառվա իրադարձությունները, երբ էլի զինված հարձակում եղավ, և էլի դրան նախորդել էին անգամ ասուլիսում արված հայտարարություններ կատարվելիքի վերաբերյալ, և էլի հարկ եղած ուշադրությունը իրավապահները չէին դարձրել՝ կանխելու համար այդ զարգացումները: Այս ամենն ինձ մեղմ ասած տխրեցնում է, քանի որ ցույց է տալիս, որ պետական, անվտանգության համակարգում ինչ-որ զսպանակ չի գործում, որը մեզ կապահովագրի բռնությունների կրկնություններից:

Կարո՞ղ ենք համարել, որ  հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը ներկա իշխանական համակարգի ձևավորման և հաստատման հիմք հանդիսացան:

Ակնհայտորեն այդպես է: Ակնհայտորեն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններով հանգուցալուծվեց ներիշխանական ճգնաժամը, որը շատ ակնհայտ ու անթաքույց դրսեւորումներ ուներ, ու բոլորս էլ հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք, երբ գործող նախագահը պնդում էր, թե ինքն ընդամենը դիտորդ է: Այստեղ դիմակայությունը հանգուցալուծվեց կատարված ահաբեկչությամբ:

Մոտավորապես նույն պատկերն էլ մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ տեսանելի էր, որովհետև էլի ակնհայտ էի, որ ինչպես և դրանից առաջ էր դրսեւորվել, երբ  ոչ դրածո մրցակից թեկնածուի դեպքում  մեր իշխանական կառույցը համարձակություն չի ունենում արդար ընտրապայքարում հաղթելու, կամ երկրորդ փուլ գնալու: Ակնհայտորեն, երբ գալիս է այդ պահը, նրանք ուղղակի դիմում են բռնությունների, ինչը հերթական անգամ դրսեւորվեց մարտի 1-ին, ուղղակի այս անգամ նրանք մի քայլ առաջ արեցին եւ կրակեցին ժողովրդի վրա, ինչը մինչ այդ չէր արվել: 

Ի՞նչ եք կարծում: Արդյոք մոտ ապագայում հոկտեմբերի 27-ը կշարունակվի՞ դասվել երիտասարդ Հայաստանի Հանրապետության պատմության չբացահայտված գործերի շարքին, թե այնուամենայնիվ ինչ-որ մի օր իրական մեղավորները դատարանի առաջ կկանգնեն:

Չեմ կարծում, որ իրական մեղավորները կկանգնեն դատարանի առաջ, որովհետև, նախ 18 տարի անց իրադարձությունների շատ ականատեսներ, շատ գործող անձինք ուղղակի ֆիզիկապես այլևս մեզ հետ չեն, գնալով ավելի սեղմվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող էին ինչ-ինչ արժեքավոր վկայություններ տալ, եւ ես չեմ էլ տեսնում կամք դերակատար գործիչների կողմից վերադառնալու այդ գործին եւ փորձելու ինչ-որ նոր քննություն անցկացնել: Թեեւ նույնիսկ 18 տարի անց էլ հանկարծ նոր մանրամասներ են պարզվում գործին այս կամ այն կերպ առնչվող: Օրինակ՝ 2 օր առաջ կարդացի, պարզվում է Վազգեն Սարգսյանի եւ դաշնակցության միջեւ, հոկտեմբեր 27-ից մի քանի ամիս առաջ կնքվել էր «ռազմավարական  համագործակցության համապարփակ համաձայնագիր»։ Բայց մինչ այսօր այդ իրողության մասին ոչ մի հրապարակում ոչ մեկիս հայտնի չէր: Երբ փորձեցինք ավելի մանրամասներ պարզել, չստացվեց, հուսով եմ առաջիկայում ինչ-որ բաներ կպարզենք: Այսինքն, ինչ եմ ուզում ասել, որ այդ դեպքերի իրադարձությունների, ներքաղաքական, ինչու ոչ նաև արտաքին քաղաքական համաձայնությունների չակերտները լիովին բացված չեն, եւ ես չեմ էլ տեսնում, որ իրականում ամբողջությամբ կբացահայտվեն, որովհետև դեպքերի մասնակից յուրաքանչյուր ոք այդ կատարվածը մեկնաբանում է բավականին սուբյեկտիվ, իրեն ձեռնտու տեսանկյունից: 

Եթե հետ նայենք, որն էր Նաիրի Հունանյանին՝ Ձեր կողմից ուղղված «Ինչո՞ւ հիմա» հարցի պատասխանը: Նկատի ունեմ հենց ձեր տեսակետն ու վերլուծությունը:

Ցավոք, ես այդ հնարավորությունն  ունեցել եմ այդ «ինչու» հարցը կատարվածից անմիջապես հետո ուղղել Նաիրի Հունանյանին և իր պատասխանը հաջորդ օրն իսկ հրապարակվել է «Առավոտում»: Հունանյանը ներկայացրեց պատրվակներ, որոնք, ընդհանուր առմամբ հիմա էլ են հնչում, քանի որ «գյուլելու» ու դրանով հանգուցալուծման հասնելու գաղափարի կողմնակիցները, ցավոք, և ավաղ այն ժամանակ էլ կային, հիմա էլ կան ու զգալի տոկոս են կազմում:

Մեջբերում եմ 1999թ հոկտեմբերի 28-ին «Առավոտի» առաջին էջում հրապարակված «Գաղափարական մարդասպանը» լուրը: «Ինչի՞ համար»,- ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերվելուց հետո Նաիրի Հունանյանին դիմեց «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը։ «Սրանց ես ոչ թե սենց պիտի սպանեի՝ պիտի մորթեինք։ Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին։ Բան չի մնացել։ Երկու շենք է մնացել, էս էլ կվերացնեն՝ կպրծնի»։ «Բայց Վազգեն Սարգսյանին սպանելով…», – հարցը կիսատ թողեց՝ «Վազգենն էս ազգի ամենատականքն էր՝ 5 տարի չթողեց ընտրություն լինի»։ 

Նույն ուղերձները հնչում էին նաեւ ԱԺ դահլիճում՝ ամեն ինչ քանդեցին, թալանեցին, կերան, երբ իրենք հարվածներ էին հասցնում վարչապետի արդեն անշնչացած մարմնին:

Անկեղծ ասած այս ամեն ինչից ինձ համար ամենաողբերգականը դա է, որ ինչպես 18 տարի առաջ, այդպես էլ այսօր քաղաքական հարցերը բռնությամբ հանգուցալուծելու ելքը համարյա լեգիտիմացվում է հանրության մի մասի կողմից, բարեբախտաբար ոչ քաղաքական ուժերի մեծամասնության կողմից: Մինչդեռ իմ համոզումն է, որ բռնությունը որպես միջոց, որպես գործիք, երկուստեք պետք է բացառվի, անկախ ամեն ինչից, եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից: Այլապես բոլոր նրանք, ովքեր կդիմեն այդ քայլին՝ բռնությունը, սպանություններն արդարացնելով երկրում ընտրական, դատական եւ այլ համակարգերի բացակայությամբ, ի վերջո կկրկնեն այն, ինչ-որ Նաիրի Հունանյանն ասում էր հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի դահլիճում: 

Շնորհակալություն մեզ տրամադրած ժամանակի համար:

Հարցազրույցը վարեց
Գեւորգ Ղահրամանյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am