Զեսահ, «Սպանություն դրախտում», վեպ, 256 էջ, «Անտարես» հրատարակչություն, 2025թ.:
Երբ դրախտում խաղաղությունը խաթարվում է անսպասելի ու սարսափելի սպանություններով, հրեշտակապետներն անելանելի դրության մեջ են հայտնվում։ Դեպքերը բացահայտելու եւ վերահաս վտանգները կանխելու համար նրանք դժոխքից օգնության են կանչում փորձառու քննիչ Իսայանին։ Նրա առաքելությունը բարդ է եւ արկածներով լի:
Որո՞նք են այդ խորհրդավոր հանցագործությունների շարժառիթները: Ո՞վ է համարձակվել խախտել Երկնքի ու Երկրի հավասարակշռությունը եւ անբիծ միջավայր բերել մեղքը: Իսայանի ուղին անցնում է դժոխքի մռայլ թագավորությունից մինչեւ դրախտի շողացող պարտեզները՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք պտտվում են անցյալի ու ներկայի Հայաստանի շուրջ։
Կիրականացնի՞ արդյոք քննիչն իրեն վստահված առաքելությունը, կկարողանա՞ քանդել այս խճճված հանգույցը։ «Սպանություն դրախտում» վեպը պատմություն է բարու եւ չարի բախման, վախի ու հուսահատության մեջ հույսի փնտրտուքի մասին: Իրադարձությունները զարգանում են հետադարձ անդրադարձումներով, եւ ամեն քայլափոխին ճշմարտությունը դառնում է ավելի վտանգավոր, քան ցանկացած սուտ։

