Կիրակի, Հունիսի 16, 2024

Վերլուծական

Որքանո՞վ է արդարացված ավելորդ ոգեւորությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2020 թվականի նոյեմբերի 9-ին զինադադարի կնքումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլեւս գոյություն չունի, եւ բոլորը պետք է հաշտվեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ։ Ավելի ուշ նա իր երկրի դիրքորոշման մեջ մտցրեց եւս մեկ հիմնարար թեզ. «Չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի երեսնամյա օկուպացմանը, Ադրբեջանն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել»։ Այս թեզը հետագայում դարձավ ՀՀ-ի եւ ԼՂ-ի նկատմամբ քաղաքականության կենտրոնական առանցքը։

Փաստորեն՝ Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված է Հայաստանին «մահացու մեղքի» մեջ մեղադրելու, ապաեւ նրան անվերջ պահանջներ ներկայացնելու սկզբունքի վրա։ Այսօր արդեն խոսում են հայ-ադրբեջանական սահմանը Ադրբեջանի պայմաններով գծելու (մի շարք անկլավների միակողմանի փոխանցում Ադրբեջանին), «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու, ադրբեջանցի փախստականներին «իրենց հողեր՝ Արեւմտյան Ադրբեջան», վերադարձնելու, Հայաստանի «30-ամյա օկուպացիայի» հետեւանքների համար փոխհատուցում վճարելու անհրաժեշտության մասին։ Պահանջների ցանկը կարելի է շարունակել: Բոլորը գիտեն այդ մասին։

Հայաստանում շատերը հույս ունեն, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի լեզու գտնել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, կասեցնել Ալիեւի՝ տարածքային եւ ժողովրդագրական ընդլայնման ծրագրերը։ Ինչպես դա անել՝ ոչ ոք չգիտի: Եվ նկատելի է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են համոզվում, որ հարեւանների հետ լեզու գտնելու հույսերը կասկածահարույց են։ Սակայն տարօրինակ է, որ որոշ հայեր կասկածի տակ չեն դնում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրական թեզը։ Թվում է՝ ոմանք համակերպվել են այն մտքի հետ, որ ստեղծված իրավիճակում հայերն իսկապես մեղավոր են։ Նույնիսկ պատրաստ են սուր վեճերի մեջ մտնել նման համոզմունքը կասկածի տակ դնողների հետ։

Շատ հայերի այս մտածելակերպը նորություն չէ. մեկ դարից ավելի մենք ականատես ենք եղել մեր ժողովրդի նկատմամբ այլոց վայրագություններն արդարացնելու եւ այդ ամենում հայերի կողմից հենց հայերին մեղադրելու բազմաթիվ փորձերի: Հայ գործիչներից ոմանց կյանքում նման վերաբերմունքը նույնիսկ մի տեսակ հավատամք է դարձել, ինչը չափազանց վտանգավոր է, քանի որ այն օգնում է իրական հանցագործներին՝ խուսափել պատասխանատվությունից: Ավելին՝ դա նրանց օգնում է շարունակելու իրենց նենգ, հակահայ ծրագրերը։ Եվ հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործության էությունն ակնհայտ է. դա նկատելի էր դեռեւս ԽՍՀՄ Սահմանադրության լուծարման ժամանակ, երբ հետխորհրդային տարածքում նոր պետությունների ձեւավորման եւ տարածքային սահմանազատման իրավական հիմքերը լղոզված էին։

Հետխորհրդային ժողովուրդների իրավունքները որոշելու հիմքեր չկային։ Այնուհետեւ այս տարածքի առանձին ժողովուրդների ներկայացրած նախագծերի հիման վրա հռչակվեցին ազգային նոր պետություններ: Գրեթե միաժամանակ իրենց անկախությունը հռչակեցին նախկին Հայկական ԽՍՀ-ը, ԼՂԻՄ-ը եւ ադրբեջանական ԽՍՀ-ը։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը որեւէ մասնակցություն չունեցավ ինքնահռչակ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության ձեւավորմանը։ Ոչ ոք այն չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Հայաստանն էլ դա իր մաս չէր ճանաչում։ Բայց քանի որ նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությունը չհիմնավորված հավակնում էր ԼՂ-ին, միջազգային հանրությունն ի սկզբանե արձանագրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայությունը։

1992թ. հունվարին ընդամենը մի քանի պետությունների կողմից ճանաչված Ադրբեջանը Հայաստանի հետ նույն օրը՝ հունվարի 30-ին, ընդունվեց ԵԱՀԽ-ում։ Այդ պետությունների ինքնիշխանությունն այնուհետեւ ճանաչվեց ԵԱՀԽ-ի կողմից՝ պայմանով, որ նրանք ճանաչեն ԼՂ-ի պատկանելիության վերաբերյալ տարաձայնությունների առկայությունը եւ պայմանավորվեն, որ նրա ապագա կարգավիճակը կորոշվի խաղաղության կոնֆերանսի ժամանակ, որը կանցկացվի վերոնշյալ կազմակերպության հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել էին նման համաձայնություն՝ պարտավորվելով խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Սակայն՝ ստանալով իր ինքնիշխանության ճանաչումը եւ անդամակցությունը ԵԱՀԽ-ին, Ադրբեջանն իսկույն խախտեց միջազգային պարտավորությունը։ ԼՂՀ-ի ադրբեջանական բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որի ժողովուրդն իրացրեց ինքնապաշտպանության իր իրավունքը: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան իր համար վերածվեց պարտության. ԼՂՀ-ի կամ Արցախի Հանրապետության 1992-94 թվականների առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո նախկին ադրբեջանական ԽՍՀ-ի բնակչության տարանջատումը եղավ ըստ էթնիկական հատկանիշի։ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գիծը միջազգայնորեն ճանաչվեց:

Միջազգային բանակցություններում դեռ չկան ԼՂՀ կարգավիճակի եւ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գծի վերաբերյալ պայմանավորվածություններ։ Չկա նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավիճակի (ստատուսի) վերաբերյալ համաձայնություն. Ադրբեջանը փորձում է ստիպել Հայաստանին՝ անվերապահորեն ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս՝ հրաժարվելով սակայն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Կա՞ արդյոք այստեղ միջազգային մակարդակի հանցագործություն։ Անշուշտ: Եվ հանցանքն այն է, որ ԼՂ-ի հարցում առկա տարաձայնությունների հենքին միջազգային ճանաչում ստանալու համար Ադրբեջանը խաբեց միջազգային հանրությանը՝ գիտակցելով, որ ԼՂ-ի կարգավիճակի որոշման խնդիր կա, եւ ճանաչում ստանալով՝ անմիջապես ագրեսիա սկսեց՝ կանխելու այս միջազգային գործընթացի իրականացումը։

Ագրեսիան հետապնդում էր էթնիկ զտումների միջոցով Լեռնային Ղարաբաղի տարածքը բռնակցելու նպատակ: Պատերազմի ողջ ընթացքում միջազգային հանրությունը երբեք չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Միայն ՄԱԿ-ի ԱԽ-ը 1993 թվականի իր բանաձեւերում պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը անտեսվել էր Ադրբեջանի կողմից։ Միայն Ադրբեջանի՝ որպես պետության, փլուզումը կասեցրեց ագրեսիան։ Ադրբեջանի ձախողված քաղաքականությունն է, ըստ էության, տարածագոտու ժողովուրդների դժբախտությունների պատճառը։ Հենց այս միջազգային խարդախության համար է, որ Ադրբեջանը պետք է պատժվի։

Այս երկրի գործող նախագահը լավ է հասկանում այս ամենը։ Հետեւաբար՝ ջանք չի խնայում պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ընկճելու համար։ Ի վերջո, միջազգային ատյաններում դատավարության հեռանկարն ամենեւին էլ պատրանքային չէ։ Դեռ շատ բաներ նրա մոտ ստացվում են։ Բայց ստացվում են մեծիմասամբ խաղաղասիրությամբ ներշնչված հայերի պահվածքի պատճառով:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: