Կիրակի, Օգոստոսի 18, 2019

Վերլուծական

Ինչի՞ կհասցնի ուղիղ ժողովրդավարությունը կլանային հասարակության մեջ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ուղիղ ժողովրդավարության գաղափարը: Պետական կառավարման համակարգի պարբերական բռնազավթման, ազատ ընտրությունների մեխանիզմի եւ արդարադատության համակարգի կաթվածահարության պայմաններում հայ հասարակության մեջ զգալիորեն մեծանում է այդ գաղափարի գրավչությունը:

Ընդհանրապես` ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամի խորացման առնչությամբ տվյալ գաղափարը լայնորեն քննարկվում է ողջ աշխարհում: Սակայն Հայաստանում դա միանգամից անվստահության ալիք առաջ բերեց` կապված այն կասկածանքների հետ, թե նոր կառավարությունը մտադիր է մանիպուլյացնել հեղափոխականորեն տրամադրված զանգվածներին: Այլ կերպ չէր էլ կարող լինել. հեշտ չէ հասկանալ տեղի ունեցած արմատական փոփոխությունների իմաստը` մնալով հանրային գիտակցության մեջ գերիշխող կլանային արժեքների ու պատկերացումների կրող:

Ներկայացուցչական ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում տարբեր պատճառներով: Եթե զարգացած երկրներում հիմնական պատճառը լայն զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորությունների աճն է, ապա այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հիմնական պատճառ կարելի է մատնանշել հասարակության կլանային բնույթը: Հայաստանում, ինչպես եւ հետխորհրդային շատ երկրներում, մարդկանց միավորումները գերազանցապես հիմնվում են կլանային եւ քրեական սկզբունքների վրա: Խմբերի ձեւավորման այլ սկզբունքներ չեն զարգացած, ինչն էլ հանգեցնում է քաղաքացիական հասարակության թուլացման: Քաղաքական պայքարը, փաստորեն, հանգում է կլանային պայքարի:

Քաղաքական կուսակցությունները մեծամասամբ միավորվում են մեկ առաջնորդի շուրջ, որը միանձնյա որոշումներ է կայացնում: Որպես կանոն, յուրաքանչյուր միավորում իրեն համարում է ճշմարտության միակ կրող: Որեւէ բազմակարծություն ընդունելի չէ: Մեծ մասամբ այդպիսի կուսակցությունները վերածվում են «մարդ-կուսակցություն» երեւույթի, որոնք տասնամյակներ շարունակ մնում են այդպես երկրի քաղաքական կյանքին կառչած եւ ծառայություններ մատուցում ցանկացած իշխանավորի: Միանգամայն օրինաչափ է, որ քաղաքական գործընթացները հանգում են դիմակայության` իշխանության տիրապետող «իշխող կուսակցության» եւ մի քանի միավորումների կոալիցիայի տեսքով պարբերաբար առաջացող «ընդդիմության» միջեւ: Վերջիններս ի հայտ են գալիս համապետական ընտրությունների նախաշեմին: Քանի որ երկրում ազատ ընտրությունների մեխանիզմն այդպես էլ չարմատավորվեց, յուրաքանչյուր ընտրություն բողոքների մեծ ալիք է առաջ է բերում լայն զանգվածների կողմից, որոնք վիճարկում են պետական հաստատությունների ցանկացած որոշում: Այդ գործողությունները կարելի է բնութագրել որպես ուղիղ ժողովրդավարության դրսեւորում: Ավելին` կարելի է պնդել, որ վերը նկարագրված պայմաններում ուղիղ ժողովրդավարությունը տեղայնանում է միայն բողոքի եւ անհնազանդության գործողություններում: Փաստորեն բողոքն ու անհնազանդությունը դառնում են ուղիղ ժողովրդավարության ինստիտուցիոնալ մարմնավորումը: Որեւէ այլ ձեւեր այն չի կարող ձեռք բերել:

Պատահական չէ, որ երկու անգամ` 1996 եւ 2008 թվականներին, այդօրինակ գործողություններն ավարտվեցին քաղաքական գործընթացներին բանակի միջամտությամբ: Նշված ձեւերում ուղիղ ժողովրդավարությունը միշտ ընդհուպ մոտենում է անկարգության սահմանին: Իսկ նման անկարգության վիճակից դուրս գալը նշանակում է միայն ներկայացուցչական ժողովրդավարությանը փոխարինող ավտորիտար կարգի ուժային վերականգնում: Այսինքն` տեղի է ունենում ուղիղ ժողովրդավարության հաղթահարում: Եթե չի հաջողվում գտնել ուղիղ ժողովրդավարությունն անկարգությունից առանձնացնելու միջոց, ապա միշտ տեղի է ունենում նույն այդ ներկայացուցչական ժողովրդավարության վերականգնումը:

Եթե համաձայնվենք տարածված տեսակետի հետ, թե ուղիղ ժողովրդավարության առանցքային դրսեւորումներն են հանրաքվեն կամ պլեբիսցիտը, քաղաքացիների բովանդակային-քաղաքական նախաձեռնությունները, ավելի վաղ ընտրված քաղաքացիական ծառայողին` մինչեւ նրա լիազորությունների ավարտը, պաշտոնից ազատելու հնարավորությունը, ապա պետք է ընդունենք, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը տակավին հեռու է ուղիղ ժողովրդավարության սկզբունքներից: Եվ նույնիսկ հիմա մեզանում ավելի շուտ հեղափոխական առաջնորդի ժողովրդական հավանության ինստիտուտ է առաջարկվում: Դա ուղիղ ժողովրդավարություն չէ: Ուղիղ ժողովրդավարության ծիլերը կնշմարվեն, երբ քաղաքացիները կարողանան դառնալ այն հարցերի նախաձեռնողները, որոնց շուրջ որոշումներ են կայացվում: Ուղիղ ժողովրդավարությունը կարիք ունի այնպիսի  պայմանների, որտեղ ցանկացած մեկի առաջարկած նախաձեռնությունները չեն անտեսվի ու չեն ճնշվի հենց սկզբից, այլ հնարավորություն կունենան օրակարգի մաս կազմել: Արդյոք նման բան հնարավո՞ր է հայ քաղաքական գործիչների կլանային մտածողության պայմաններում:

Հայաստանում հաճախ սիրում են ուղիղ ժողովրդավարության հարցերում վկայակոչել Շվեյցարիայի փորձը: Իրոք, այդ երկրում ցանկացած քաղաքացի կարող է Սահմանադրության փոփոխություն նախաձեռնել, եթե կարողանա իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը եւ իր նախաձեռնությունը դնել հանրաքվեի: Այդ երկրում Պարտադիր հանրաքվեն օրինականացված է. եթե խորհրդարանը Սահմանադրության փոփոխություն է ընդունում, ապա այն ուժի մեջ է մտնում միայն հանրաքվեով հաստատվելուց հետո: Օրինականացված է նաեւ օպցիոնալ հանրաքվեն. խորհրդարանի կողմից օրենք ընդունելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն տվյալ օրենքը չեղարկելու համար հանրաքվե կազմակերպել: Այդ երկրում անընդհատ քաղաքական գործընթաց է գնում` բոլոր նախաձեռնությունների լայն քննարկմամբ: Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցելու քննարկմանը եւ պաշտպանելու իրենց շահերը: Ոչ ոք չի կարող անտեսել կամ արգելափակել որեւիցե մեկի նախաձեռնությունը. չկան կլաններ եւ չկան «մարդ-կուսակցություններ»: Կա հասարակություն եւ համընդհանուր պատասխանատվություն բոլորին տրված խոսքի համար: Միակ ճշմարտության կրողներ չկան:

Հնարավո՞ր է արդյոք նման բան Հայաստանում: Եթե կա ցանկություն, ապա պետք է հավատալ եւ ձգտել դրան: «Թավշյա» հեղափոխությանն էլ շատ քչերն էին հավատում, բայց ստացվեց, չէ՞:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am