Հինգշաբթի, Նոյեմբերի 15, 2018

Վերլուծական

Կկարողանա՞ արդյոք «Իմ քայլը» մաքրել «ավգյան ախոռները»

Մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավը։ Գյումրիից հետո ակցիայի երթուղին կանցնի Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներով եւ, 14 օրում կտրելով 195 կիլոմետր ճանապարհ, ապրիլի 13-ին ժամը 18։30-ին կհասնի Երեւան, որտեղ էլ՝ Ազատության հրապարակում, տեղի կունենա հանրահավաք։ Ըստ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլի» մարտավարական խնդիրը քաղաքացիների միավորմանն ու ակտիվությանը հասնելն է, ինչը թույլ կտա քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդների կիրառմամբ ժողովրդի միջոցով ճնշում գործադրել գործող վարչախմբի վրա եւ կասեցնել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը՝ որպես վարչապետ։ Այսինքն՝ ՔՊ-ի ձեռնարկած քաղաքական գործընթացի նպատակն է՝ թույլ չտալ երրորդ ժամկետով Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, ինչը, ենթադրվում է, կբերի իշխանափոխության։

Մարդկանց նախեւառաջ հետաքրքրում է այն հարցը, թե հասնելով Ազատության հրապարակ եւ ունենալով ժողովրդի աջակցությունը, ակցիայի կազմակերպիչներն ինչպես են պատկերացնում Սերժ Սարգսյանի վերարտադրության կասեցումը։ Ի՞նչ կերպ կամ ինչի՞ շնորհիվ է հնարավոր ազդել Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքների վրա։ Այս հարցերի պատասխանը քայլարշավի ընթացքում իր հարցազրույցներում փորձում է տալ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենց պայքարը խաղաղ քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ է լինելու՝ բացառելով բռնությունը որպես ոչ միայն գործողություն, այլեւ հակագործողություն։ Իսկ կոնկրետ արդյունքներ գրանցելու համար, ըստ Փաշինյանի, կպահանջվի այնքան մարդ, որպեսզի հաջողվի շրջափակել ԱԺ շենքը:

Անշուշտ, պայքարի այն մեթոդաբանությունը, որն առաջարկում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Հայաստանում մեծ հաշվով նորություն է։ Սակայն աշխարհում նմանօրինակ փորձեր եղել ու հաջողությամբ կիրառվել են բռնապետական վարչակարգերի դեմ պայքարելիս կամ տարբեր քաղաքական խնդիրներ լուծելիս։ Հարկ ենք համարում մեր տեսադաշտում պահել դրանցից երկուսը, որոնք առավել մոտ են ՔՊ կուսակցության առաջարկած ճանապարհին։ Խոսքը ԱՄՆ-ում Մարտին Լյութեր Քինգի գլխավորած՝ «Հանուն սեւամորթների իրավունքների» եւ սերբական «Օտպոր» («Դիմադրություն») շարժումների մասին է, որոնց կիրառած մեթոդաբանությունը՝ դեպի մայրաքաղաք համաժողովրդական երթերը, վճռորոշ նշանակություն են ունեցել առաջադրված խնդիրները հանգուցալուծելու գործում։

1963 թվականի օգոստոսի 28-ին Մարտին Լյութեր Քինգի՝ «Երթ դեպի Վաշինգտոն հանուն աշխատատեղերի եւ ազատության» բողոքի խաղաղ ակցիան ոտքի էր հանել ավելի քան 200 հազար մարդ: Ցուցարարները երթով քայլել են դեպի Լինքոլնի հուշարձանը, որտեղ Քինգը հանդես է եկել «Ես երազանք ունեմ» հայտնի ճառով: Խաղաղ անհնազանդության ռազմավարությունը Քինգի գլխավորած քաղաքացիական պայքարի հաջողության բանաձեւն էր, որը հսկայական ազդեցություն գործեց մարդկանց գիտակցության վրա։ Երթից հետո ԱՄՆ վարչակազմը ստիպված եղավ ընդունել «Քաղաքացիական իրավունքների մասին» եւ «Ընտրական իրավունքների մասին» օրենքներ՝ արգելելով Ամերիկայի սեւամորթ բնակչության նկատմամբ խտրականության ամեն տեսակի դրսեւորումները, ինչպես նաեւ ընտրական իրավունք վերապահելով նրանց։ Կարեւոր է նշել, որ շարժման առաջնորդ Քինգը վարչապետ Ջավահարլալ Ներուի հրավերով դեռեւս 1960-ին այցելել էր Հնդկաստան եւ ուսումնասիրել Մահաթմա Գանդիի ոչ բռնի պայքարի մասին ուսմունքն ու գործունեությունը։

Քաղաքացիական պայքարի մեկ այլ օրինակ էր 1998-2000թթ. Սերբիայում ծավալված «Օտպոր» շարժումը։ 2000թ. սեպտեմբերի 24-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ երկրի ԿԸՀ-ն, պաշտպանելով գործող նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի՝ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու ծրագիրը, հայտարարեց, որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարար ձայներ, «Օտպոր» շարժման անդամները, ի պաշտպանություն ընտրություններում հաղթած Վոյիսլավ Կոշտունիցայի, սկսեցին համախմբել հանրությանը։ Ամբողջ երկրով մեկ տների, մեքենաների վրա փակցվեցին բռնապետական վարչակազմին մերկացնող հազարավոր ծաղրանկարներ ու շարժման խորհրդանիշը դարձած «բռունցքի» պատկերով նկարներ։ Երիտասարդությունը հագնում էր նույն խորհրդանիշի դաջվածքով վերնաշապիկներ եւ «Ժամանակը եկել է» կարգախոսի ներքո սկսում հավաքագրել ժողովրդին։ Այդ օրերին Սերբիայի տարբեր քաղաքներից ու գյուղերից տասնյակ հազարավոր մարդիկ ոտքով, ավտոմեքենաներով եւ անգամ բեռնատարներով ու տրակտորներով շարժվում են դեպի Բելգրադ։ Հոկտեմբերի 5-ին ժողովուրդը՝ հասնելով մայրաքաղաք, շրջափակում է խորհրդարանի շենքը, ապա առանց լուրջ դիմադրության գրավում այն։ Ոստիկանությունն, իհարկե, հրաման է ստանում ուժ կիրառել ժողովրդի դեմ, բայց հրաժարվում է կատարել հրամանը։ Բանակը նույնպես տեղից չի շարժվում։ Հաջորդ օրը Միլոշեւիչին այլ բան չի մնում, քան ընդունել իր պարտությունը նախագահական ընտրություններում եւ հեռանալ։

Նկարագրված օրինակները վկայում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկած պայքարի ճանապարհն ուղղակի կապ ունի ոչ բռնի միջոցներով գործած այդ շարժումների մեթոդաբանության հետ։ Սակայն կա մի էական տարբերություն, որը «Իմ քայլին» դարձնում է խոցելի եւ որը կապ չունի կիրառված մեթոդաբանության հետ։

Վերը նկարագրված շարժումներում դեպի մայրաքաղաք երթերը՝ որպես հանրային մոբիլիզացիան ապահովող գործողություն, վստահություն են ներշնչել ժողովրդի շրջանում, քանզի կազմակերպված էին այնպիսի շրջանակների կողմից, որոնք պետական կառավարմանը մասնակցելու վառ արտահայտված հավակնություններ չունեին։ Հատկապես «Օտպոր» շարժման դեպքում կազմակերպիչներն ապակուսակցական այն երիտասարդությունն էր, որն իր նպատակը հայտարարել էր ոչ թե երբեւէ պետական կառավարման հասնելը, այլ ժողովրդավարական ու իրավական պետության կառուցումը։ Այսօր, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույն մեթոդաբանությամբ պայքարի է դուրս եկել ՀՀ հանցավոր վարչախմբի դեմ, ստիպված է հաշվի առնել հենց այդ սկզբունքային առանձնահատկությունը։

Ինչո՞ւ է տվյալ հանգամանքն էական։ Բանն այն է, որ երբ շարժման կազմակերպման գործն իրենց ձեռքն են վերցնում կուսակցականները, նրանք՝ անկախ իրենց մարդկային, հոգեբանական որակներից, նվիրվածությունից, ունակություններից եւ այլն, միանգամից թիրախավորվում են մյուս կուսակցությունների կողմից։ Տվյալ դեպքում գործում է մարդկանց ենթագիտակցականում աշխատող մի մեխանիզմ, որը պայքարի բեռն իր ուսերին առած կուսակցականի մեջ տեսնում է իշխանության սեփական մոտիվացիան ոչնչացնող մրցակցի։ Ուստի մյուս կուսակցականների համար աշխատում է հետեւյալ տրամաբանությունը. եթե տվյալ պայքարն ավարտվի հաջողությամբ, ապա հաղթանակի դափնիները բաժին կհասնեն վարչախմբի դեմ պայքարի ելած կուսակցությանը։ Արդյունքում առավելապես կամ բացարձակապես նա կտիրանա պետական կառավարման լծակներին։ Եթե հաղթական նման պայքար կարող է արձանագրել տվյալ կուսակցությունը, ապա իշխող վարչախմբի դեմ պայքարում ժամանակային այլ հարթության մեջ տեսականորեն հաջողելու նույնքան շանս ունի նաեւ ինքը։ Իսկ եթե պայքարը՝ անկախ ամեն ինչից, չի կարող հաջողել, ապա կարիք չկա մասնակիցը դառնալու մի բանի, որը դատապարտված է։ Ուստի առավել օգտակար է վարչախմբի համար դժվարություններ ստեղծած կուսակցության դեմ գործելով՝ ժողովրդի մոտ լրացուցիչ համակրանք շահելու համար ցույց տալ այդ կուսակցության բոլոր թերացումները՝ բերելով այդ պայքարի դատապարտվածությունն ապացուցող փաստարկներ։ Միաժամանակ առավել շահավետ է փորձել վարչախմբի հետ պայմանավորվածությունների գնալ, քանի որ հենց նա ունի իր կարիքը, քանզի վերջինիս համար առավել նպատակահարմար է ընդդիմադիր դաշտում պառակտման միջոցով հանրային «զորաշարժը» վիժեցնել, քան տվյալ ընդդիմադիր կուսակցության դեմ պայքարում դիմել ուժային գործողությունների։

ՔՊ կուսակցության նախաձեռնած շարժման թիվ մեկ խնդիրը իրենց պայքարի նկատմամբ ժողովրդի շրջանում վստահության ձեւավորումն է։ Այդ գործում ոչ մի արդյունք չի կարող լինել, եթե ամեն ինչ պտտվի նախաձեռնողների կուսակցական գործունեության շուրջը։ Մշտապես կգտնվեն ընդդիմադիր այլ կուսակցություններ, որոնք կխանգարեն զանգվածային շարժում ձեւավորելու գործին։ Ուստի «Իմ քայլը» երթի նախաձեռնողների համար հաղթանակի գրավական պետք է դառնա սեփական կուսակցական դրոշի փոխարեն իրական քաղաքացիական պայքարի դրոշի պարզումը։ Վերջինս միայն խոսքերով չէ, որ ապացուցման կարիքն ունի։ Այն հստակ չափման է ենթարկվում։ Իսկ որո՞նք են չափանիշները։

Ցանկացած շարժում գնահատելի է իր հետապնդած արժեքներով ու նպատակներով։ Հանրային վստահությունը ձեւավորվում է այն դեպքում, երբ շարժման ղեկավարները հրապարակավ հռչակում են ոչ թե մասնավոր (կուսակցական), այլ ընդհանրական արժեքներ ու նպատակներ։ Ժողովուրդը ցանկանում է միշտ համոզված լինել, որ տապալելով մի հրեշին՝ չի ծնի մյուսին, կտրելով հրեշի մի գլուխը՝ կողքից չի բուսնի մեկ այլ գլուխ։ Այդ տեսանկյունից տարիներ շարունակ Հայաստանում քաղաքական ուժերի հետապնդած նպատակը՝ իշխանափոխությունը, հենց վառ արտահայտված կուսակցական օրակարգ է եղել։ Հրեշի մի գլուխը մյուսով փոխարինելիս կամ մի հրեշի փոխարեն մեկ այլ հրեշ կարգելիս՝ երբեք չես հասնի պետության խնդիրների լուծմանը։ Քաղաքացիական պայքարի օրակարգը ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու նպատակից է բխում։ Իսկ դրա գործնական դրսեւորումը դառնում է երկրում այնպիսի ընտրական մեխանիզմների ներդրումը, որոնք ապահովում են ժողովրդի ազատ կամարտահայտությունը եւ հանրության շրջանում կասկածի տեղ չեն թողնում։

«Իմ քայլը» երթի հաջողությունը պայմանավորված կլինի այնպիսի հանրային պայմանագիր կնքելու անհրաժեշտությամբ, որում հստակ կնշվեն քաղաքացիական շարժման նպատակները, սկզբունքներն ու արժեքները։ Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բերում է հենց այն հիմնարար փաստարկը, թե Սարգսյանը 2014-ին Սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու ժամանակ վարչապետի կամ նախագահի պաշտոնում չառաջադրվելու խոստմամբ փաստորեն հանրային պայմանագիր է կնքել ժողովրդի հետ, որն այսօր փորձում է ուխտադրժորեն խախտել։ Այժմ ճիշտ նմանատիպ հանրային մի պայմանագիր է փորձում կնքել Նիկոլ Փաշինյանը։ Սակայն «իշխանափոխությունը» միանգամից մեզ բերում է կուսակցական պայքարի դաշտ։ Այդուհետ մյուս ընդդիմադիր միավորները ստանում են հիմքեր՝ վիճարկելու փոխարինված իշխանության օրինակարգությունը։ Փաշինյանի հանրային պայմանագրի արժեքն, այսպիսով, պետք է դառնա հրապարակայնորեն ստանձնած այն պայմանը, որ այս շարժման նպատակը լինելու է իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցումը, որի կառավարությունը կկազմավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։

Այնպես որ, «Իմ քայլը» երթի նախաձեռնողները երկրի «ավգյան ախոռները» մաքրելու մեծ ու պատասխանատու բեռ են վերցրել։ Ի զորո՞ւ են նրանք ամենից առաջ զսպել իրենց ամբիցիաները, պատրա՞ստ են հանուն ընդհանրական շահերի՝ ժողովրդի հետ պայմանագիր կնքել քաղաքացիական շարժման նպատակների, սկզբունքների ու արժեքների շուրջ, քաղաքական փոփոխությունների, հայաստանյան մաքուր, առողջ եւ կենարար մթնոլորտի վստահությունը ներշնչել հասարակությանը՝ ցույց կտա այն հանձնառությունը, որը հրապարակավ կընդունեն առաջիկա օրերին։

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am