Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024

Վերլուծական

Իլհամի սիրտը «Արեւմտյան Ադրբեջան» է ուզում…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախորդ վերլուծականում «Հայացք»-ը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության հենքին ներկայացրել էր Արցախի եւ նրա շուրջ ծավալված իրավիճակը՝ խոստանալով հաջորդիվ անդրադառնալ ՀՀ-ում առկա նմանատիպ զարգացումներին՝ մասնավորապես գոյութենական սպառնալիքներին, որոնց այսօր բախվել ենք գործող իշխանությունների անխոհեմ, ոչ արհեստավարժ, եթե կուզեք՝ ազգադավ քաղաքականության պատճառով:

Կյանքը ցույց տվեց, որ Արցախն Ադրբեջանին զիջելով՝ բնավ անգլխացավանք, խաղաղ ապրելու նախադրյալներ չստեղծվեցին Հայաստանի համար, ինչպես ժամանակին պնդում էր ՀՀ առաջին նախագահը՝ «Սերգո ջան»-ին զգուշացնելով, որ լավ չի ապրելու, քանի դեռ հակամարտությունը մնում է չկարգավորված: Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ դիրքորոշումը, թե Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, որը կիսում էր եւ, ըստ էության, իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, գործնականում փուչիկ դուրս եկավ:

Արցախի հանձնումը ոչ միայն չլավարկեց Հայաստանի տարածքային հուսալիությունն ու կայունությունը, այլեւ ճիշտ հակառակը՝ թուլացրեց անվտանգային համակարգը, սասանեց պետականության հիմքերը եւ մատչելի դարձրեց թշնամի երկրի կողմից ՀՀ տարածքները մաս առ մաս նվաճելու առումով: Բանը հասավ նրան, որ բռնապետական Ադրբեջանի անկշտում ղեկավարն արդեն երկու տարի ալլահի ամեն օր մտովի «կլանում» է փոքրիկ Հայաստանի ամբողջ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը՝ անունը դնելով «Արեւմտյան Ադրբեջան»:

Որքան հայկական կողմն անլուրջ վերաբերվեց Ալիեւի «ցնդաբանությանը», այնքան վերջինս ուժեղացրեց նախահարձակ հռետորաբանությունը եւ նպատակին միտված գործնական քայլերն ու նախաձեռնությունները: Ամենաթարմ նախաձեռնությունն անցած տարվա դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Միլի մեջլիսում ընդունված փաստաթուղթն էր, համաձայն որի՝ «արեւմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիքը» Հայաստանն է, որտեղ նրանք, ըստ Ադրբեջանի օրենսդիր մարմնի, «դարեր շարունակ ապրել են»:

Հայտարարության նախագիծն Ադրխորհրդարանում ներկայացրել է, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքպերլին: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Պատմական վավերագրերն ու քարտեզները վկայում են, որ այնտեղ ապրող բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ են եղել»: Այլ հիմնավորումներ հայտարարության տեքստում չկան եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ ՀՀ-ում բնակվող ադրբեջանական ազգաբնակչությունը երբեք ոչ մի վարչական շրջանում մեծամասնություն չի կազմել, իսկ Հայաստանի տարածքում ապրելն ինքնին փաստարկ չէ՝ հողային պատկանելիության կամ պահանջատիրության պնդումներ անելու համար:

Ավելին՝ պատկերը տրամագծորեն հակառակ տեսքը կունենա, եթե փորձենք դիտարկել հարյուր տարի առաջ Թուրքիայի միջնորդությամբ ստեղծված Ադրբեջան արհեստական պետությանն ամրակցված այն հողատարածքները, որոնք նախախորհրդային շրջանում եւ ավելի վաղ ժամանակներում բնակեցված են եղել հայահոծ էթնիկ խմբերով: Նկատի ունենք հիմնականում Հյուսիսային (հարթավայրային) Արցախի արգավանդ հողերը՝ փռված Քուռ-արաքսյան միջտարածքներում: Խորհրդային տարիներին այդ բնակավայրերը կտրվել էին Արցախից եւ, ի հաճույս Թուրքիայի, դրվել նորաստեղծ Ադրբեջանի տիրապետության տակ:

Խոսքն անցած դարի 90-ականներին հայաթափված Դաշքյասանի (Քարհատ), Շամխորի (Շամքիր), Խանլարի (Ելենդորֆ), Շահումյանի եւ մյուս հայաշատ վայրերի մասին է, որտեղ բազմազգ բնակչության շրջանում հայերն, արդարեւ, մեծամասնություն էին: Փաստացի՝ այդ վայրերը եւս արժանացան նույնպիսի ճակատագրի, ինչպիսին վիճակվել էր Արցախին ու Նախիջեւանին, եւ միայն Սյունիքին էր հաջողվել պահպանել իր ինքնությունը՝ շնորհիվ ազգի երախտավորներից մեկի՝ ՀՀ առաջին հանրապետության ռազմական ու պետական գործիչ, Լեռնահայաստանի առաջնորդ Գարեգին Նժդեհի ջանադրության:

Այնպես որ, եթե խնդիրը 90-ական թվականների սկզբներին իրենց մշտական բնակության վայրերը հարկադրաբար լքած անձանց վերադարձին է վերաբերում, ապա Ադրբեջանից բռնի տեղահանված հայազգի փախստականները, որոնց թիվը երեք անգամ գերազանցում է ՀՀ-ից հեռացած շուրջ 170 հազար ադրբեջանցիներին, ոչ պակաս իրավազորություններ ու իրավունքներ ունեն վերադառնալու բնակության նախկին վայրեր, որտեղ հայերը շատ ավելի մեծաքանակ չփոխհատուցված ունեցվածքներ եւ հոգեւոր արժեքներ են թողել:

Բայց չմտնենք պատմության խորխորատները, այն թողնենք բարեխիղճ պատմաբանների քննությանը եւ վերադառնանք «Արեւմտյան Ադրբեջան» կոչված հորջորջանքին ու Բաքվի բռնապետի նոր նկրտումներին, որոնցից նա խոսում է բավական վաղուց եւ, ի դեպ, շատ բացահայտ: «Ժամանակն է ավելի բաց խոսել Զանգեզուր մեր վերադարձի մասին»,- դեռ մեկ տարի առաջ՝ նախանցյալ տարեմուտին, հեռուստաընկերությունների հետ զրույցում ասել էր Ադրբեջանի սուլթանը՝ վստահություն հայտնելով, որ կհասնեն այդ նպատակին եւս ու կվերականգնեն «պատմական արդարությունը»:

Այդ օրերին,- դա 2022-ի դեկտեմբերն էր,- իշխանությունները Բաքվում հատուկ միջոցառում էին կազմակերպել «Արեւմտյան Ադրբեջանից» տեղահանված համայնքի համար՝ դահլիճում իրենց ճաշակին ու ցանկությանը համապատասխան քարտեզի եւ «պատմական փաստաթղթերի» ցուցադրմամբ։ Գլխավոր բանախոսը՝ Իլհամ Ալիեւը, վկայաբերելով ցուցադրված քարտեզն իբրեւ ապացույց, համոզմունք է հայտնել, որ «Արեւմտյան Ադրբեջանը» Ադրբեջանի պատմական հողն է, քանի որ «քաղաքների եւ գյուղերի անուններն ադրբեջանական ծագում ունեն»:

Հայկական բնակավայրերի թրքահունչ անվանումների մասին խոսելիս Ալիեւը, միամիտ թե դիտավորյալ, ներկայացնում է կիսաճշմարտությունը: Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանում հայկական տեղանունների «թրքականացումը» պետականորեն հատուկ մշակված, ծածուկ ենթաշերտեր ունեցող քաղաքականություն է: Խորամանկ հարեւանը դեռ տասնամյակներ առաջ գաղտնի որոշմամբ սկսել է ադրբեջաներեն մեկնությամբ գործածել հայկական տեղանուները՝ լինի բնակավայր, հանդամաս, անտառ, թե բնական աղբյուր: Այդպես աստիճանաբար Գետաշենը դարձել է Չայքենդ, Սառնաղբյուրը՝ Սոյուղ բուլաղ, Խաչակապը՝ Ղուշչի, Բարեջուրը՝ Ղարաքեշիշ, եռաբլուրը՝ ուչթափա եւ այլն:

Հեռահար նպատակը, կարծես թե, պարզ է՝ այն մասամբ արտացոլված է Ալիեւի մեկտարյա վաղեմության ելույթից բերված քաղվածքում: Սկզբունքորեն՝ նման աճպարարությունները քաղաքականություն չես անվանի: Դրանք ավելի շուտ մանր խորամանկությունների շարքից են: Եվ Ալիեւը մտադիր է այդ ակնհայտ կեղծիքը միջազգայնացնել. «Մենք լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա ՀՀ-ի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է՝ այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը»,- հայտարարել է նա՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք ապահովել մեր իրավունքները խաղաղ միջոցներով եւ միջազգային կոնվենցիաներով… պետք չէ ժամանակ կորցնել»:

Մինչ Ալիեւը պարբերաբար նոր տարածքային պահանջներ էր հնչեցնում՝ ուժեղացնելով ռազմատենչ եւ առավելապաշտական իր հռետորաբանությունը, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Հ1»-ին տված հարցազրույցում հերթական անգամ փորձում էր մոլորեցնել հանրությանը: Արցախցիների իրավունքների համատեքստում Փաշինյանն անդրադառնում է ադրբեջանական նախապայմանին՝ նշելով, թե ԼՂ ժողովրդի՝ Արցախ վերադարձի, իրավունքների ու անվտանգության դիմաց Ադրբեջանն իր հերթին պահանջում է խաղաղության պայմանագրում ամրագրել ՀՀ-ից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքները եւս:

Լավ հասկանալով, որ Ալիեւն անհարկի համեմատում է անհամեմատելին, բայցեւայնպես Փաշինյանը հայկական կողմին կանգնեցնում է ռազմական բախման եւ խաղաղության միջեւ դժվար երկընտրանքի առջեւ: «Հ1»-ի զրուցակիցն ասում էր. «Իհարկե, դրան մենք կարող ենք հակադրել Նախիջեւանի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքները: Այստեղ թեման հետեւյալի մեջ է. մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում՝ գնանք նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար եւ ռեսուրսներ՝ օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա»:

Միջազգային իրավունքի մասնագետները, քաղաքագետներն ու խնդրին տիրապետող փորձագետ-վերլուծաբանները հոգնեցին բացատրելուց, որ Արցախից տեղահանվածներին եւ 90-ականների սկզբից Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին համեմատելը տեղին չէ: «Արցախի ժողովուրդը պետք է հավաքական իրավունքներ ունենա, ոչ թե՝ էթնիկ փոքրամասնության»,- համոզված է ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Նույն տեսակետին է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Արցախցին ադրբեջանահայ չէ. Արցախի հայությունը խմբային, էթնիկական, մշակութային, պատմական բազմաթիվ ինքնություններով ինքնահաստատված խմբի իրավունքներ ունի»,- վստահեցնում է նա:

Բայց Փաշինյանն, ինչպես ասում են, «իր էշն է քշում»: Ալիեւն արդեն լրջորեն եւ բացահայտ հավակնում է մեր պետությանն ու ինքնիշխանությանը, ինքը լռում է՝ զրո արձագանք իր կողմից: Միակ բանը, որ փորձում է հակադրել ալիեւյան մեծապետական շովինիզմին, հայ ազգին սպառնացող արհավիրքից հասարակության ուշադրությունը շեղելն է: Նրա մոտ «ասֆալտի», «ցնցուղի» ու «կախիչի» կարգի էժանագին ներկայացումները միշտ լավ են ստացվում:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: