Կիրակի, Հուլիսի 21, 2024

Ազատ ամբիոն

Հայաստանին դեմ են տվել պատի՞ն…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով ավելի ռացիոնալ բնույթ ստանալ։ Սա հուսադրող է. խոսակցությունները դուրս են քաղքենիներին բնորոշ հասկացություններից՝ հողատու, դավաճան, թուրք եւ այլն։ Փորձեր են արվում հասկանալու իշխանությունների քաղաքական պրակտիկայի խորքային էությունը, որը երբեմն անվանում են «Ադրբեջանին խաղաղության պարտադրել»։

Ես ել եմ ուզում մի քանի բառ ասել. նկատելի է, որ Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ադրբեջանին 29.743 քառակուսի կիլոմետր տարածքի խնդիրներից դուրս որեւէ պահանջ ներկայացնելուց հրաժարվելը բավարար է խաղաղության պայմանագրի կնքման համար։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանին պատերազմ սկսելու ցանկացած պատճառից զրկելու քաղաքականություն է տարվում։ Ենթադրվում է, որ դա կդարձնի պատերազմը «ոչ լեգիտիմ» եւ անհնար։ Ադրբեջանի հետ սահմանազատման խնդիրը կարեւորելը բխում է հենց վերը նկարագրված տրամաբանությունից։ Ենթադրվում է, որ սկսված գործընթացում ձեւավորվում է «խաղաղության պարտադրման» մեխանիզմ։

Բայց, կարծես թե, հաշվի չի առնվում մի կարեւոր հանգամանք՝ Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը, քանի որ դրանով չի սահմանափակում իր պահանջները Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի համար Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը շատ ավելի լայն է, քան սահմանների խնդիրը։ Նա մարտահրավեր է նետում հայկական պետության բուն օրինականությանը։ Եվ նպատակաուղղված մարտահրավեր է նետում դրան: Իսկ սահմանը Հայաստանին ադրբեջանական «տիրական» բարքերին ընտելացնելու դաշտ է։

Այնպես որ, Հայաստանը չպետք է պատրանքներով շատ տարվի, այլ ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ՝ շրջանցելով սահմանազատված սահմանները։ Բայց առայժմ մեր իշխանությունների հավատը սահմանազատման փրկարար իմաստի նկատմամբ անսասան է։ Իրականում սեփական գոյության օրինակարգությունը որոնվում է անցնող աշխարհի տրամաբանության մեջ:

Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում խնդիրը ոչ թե տարածքներն են, այլ պետություն ունենալու իրավունքը։ Ե՛վ տարածքների ձեռքբերումը, եւ՛ դրանց հանձնումը այժմ չեն լուծում ազգի հրատապ խնդիրը։ Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, բայց նորում հայերը դեռ պետք է ձեռք բերեն այդ իրավունքը:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: