Sunday, 23 September 2018

C Center in the Press

Ցանկացած ներքին խնդիր՝ եւ այս համակարգը կփլուզվի (Lragir.am)

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, մի քանի քաղաքական ուժեր հանրությանը կոչ են անում համախմբվել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու շուրջ։ Որքանո՞վ կարող է արդյունավետ լինել, երբ մինչև այս պահը այդպես էլ չկա միասնական պայքար իրականացնելու կոնսենսուս։

Սա հիմնական խնդիրն է, որ անընդհատ եղել է։ Երբ ինչ-որ մի վիճակ է ստեղծվում, մարդիկ փորձում են ընդհանուրի գալ, կամ գալիս են, կամ չեն գալիս։ Առաջին հերթին, ես չգիտեմ՝ նրանք հանրային ինչպիսի ծանուցագիր ունեն, ես գոնե լավ չեմ հասկացել։ Գուցե դեռ հստակեցվի, քանի որ նրանք ասում են, որ ունեն։ Հիմա եթե նույն ավանդական մոտեցումները լինեն, որ հանցավոր ռեժիմը երկիրը հասցրել է այս վիճակին և այլն, բնական է, որ որևէ բան էլ տեղի չի ունենալու։ Ինչ մեթոդոլոգիա ունեն այս հարցերը լուծելու, նույնպես պարզ չէ։ Տեսնենք՝ մարդիկ ինչ են առաջարկում և ինչպես են առաջարկում այդ դրված խնդիրները լուծելու համար։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մերկ ձեռքերով գնալ հրապարակ, բռնությանը բռնությամբ չպատասխանել։

Ինչ կա նոր, միշտ էլ այդպես է եղել, իսկ ո՞վ է ուժ կիրառել։ Պետք է կոնկրետ լինի, թե ինչպես է դրված խնդիրը և ինչպես են այդ խնդիրը լուծում։ Այսինքն՝ եթե ճնշման ձև է, ապա ի՞նչ ճնշման ձև է։

Նաև առաջարկ կա հարյուր հազար հոգի հավաքել, ճնշել իշխանություններին և չթողնել Սերժ Սարգսյանը վերարտադրվի։

Ինչո՞ւ հարյուր հազար մարդու պետք է հետաքրքրի, որ գան, և եթե այդ հարյուր հազարը գան, ինչ են անելու։ Եղել են, որ հսկա հանրահավաքներ են եղել, խոսում էին, ճառեր ասում, հետո ասում՝ բարի գիշեր, գնացեք տուն։ Դրանով հարց է լուծվո՞ւմ։ Պետք է նայենք տեսնենք այդ մարդիկ ինչ են առաջարկում։ ՀԱԿ-ը, օրինակ, հայտարարել է, որ մարտը վերջացել է, մարտից հետո ո՞ւր եք գնում։ Փաստորեն նրանք մի կողմ են քաշվել, դրա մեջ իմաստ չեն տեսնում։ Այս ամենը կա, մարդիկ տասնամյակներ շարունակ այդ բոլոր ձևերը տեսել են, մարդիկ տեսել են դրանց ոչ արդյունավետությունը։ Դրա համար, երբ խոսում ենք, կարող է ինչ-որ բան լինել թե ոչ, մենք պետք է տեսնեք՝ ինչ նոր ձևեր են առաջարկվում։ Կլինեն, կխոսենք։

Այսինքն՝ այն մեթոդոլոգիան, որ այս օրերին ներկայացվել է, որևէ նորություն չի պարունակում իր մեջ։

Հիմա ասում են, որ ունեն ճանապարհային քարտեզ և այլն, բայց դեռ այն չի ներկայացվել։ 22 տարի ես չեմ տեսել Հայաստանում նոր ձև, բոլոր ուժերն իրար հետևից, երբ ի հայտ էին գալիս, նույն ձևերով էին պայքարում, և երբևէ որևէ արդյունավետություն չի եղել։ Փաստը դա է։

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ակնարկեց, որ կառաջադրվի վարչապետի պաշտոնում մեկ հավելումով, որ կլծվի երիտասարդ սերնդին պատրաստելու և իր փորձը փոխանցելու գործին։ Ինչո՞ւ որոշեց շեշտը դնել երիտասարդ սերնդի վրա։

Հերթական թատրոնն է։ Երբ այն աստիճան է դեմագոգիան սպառվել, որ ընդհանրապես հնարավոր չէ մարդկանց աչքերին նայել, սկսում են հորինել՝ բա գիտեք, այսպիսի հատուկ ծրագիր կա։ Այսինքն՝ իմաստավորել մնալը, որ մարդը չի էլ ուզում, բայց գիտեք այսպիսի լուրջ խնդիր կա։ Ժամանակին յուրաքանչյուր նախագահի հետ կապված նման բան կար. Քոչարյանի ժամանակ ասում էին՝ էս մարդն ինչ գործ ունի այստեղ, իրավունք էլ չունի, ասում էին՝ իր վրա դրված է լուրջ պատասխանատվություն՝ ղարաբաղյան խնդիրը պիտի լուծի։ Այսինքն՝ համապատասխան իմաստավորում է տրվում։ Նոր նախագահն էլ որ եկավ, զրույցներ եղան, որ սահմանադրություն է խախտվում, որ իրավունք չունի առաջադրվել, կողքից էլի բանաձև գտան՝ արա, դե հայ մարդ ա էլի, ուզում է մի լավ բան անի ազգի համար, ինչ եք կպել՝ քաղաքացի է, թե քաղաքացի չէ։ Այս ցինիկ դեմագոգիան դրված է ամբողջ քաղաքականության հիմքում, և այնքան բոլորի համար պարզ է, որ իմաստ էլ չունի մեկնաբանելու։ Իրականության մեջ շատ ավելի ազնիվ են Ալիևը և մյուսները, որոնք ասում են՝ մենք ենք, մեր դեմ խաղ չկա, մենք լավ ենք անում, սենց ենք անում։

Ըստ Ձեզ՝ ի՞նչ փորձ պետք է Սերժ Սարգսյանը փոխանցի երիտասարդ լիդերներին։

Նախ կսովորեցնի դեմագոգիայի տարրեր։ Կսովորեցնի, որ Հայաստանը կիսադատարկվել է իր տարիներին, կսովորեցնի ցանկացած իրավիճակում ջրի երես դուրս գալը, ուրիշ ի՞նչ փորձ պիտի փոխանցի, ինքը ոչ մի բան էլ չունի։

Կիսադատարկ Հայաստանը, տնտեսական ծանր վիճակը, ԼՂ խնդիրը՝ այս ամենը հնարավորություն տալո՞ւ են իշխանությանը երկարաձգել իշխանությունը մինչև 22 թվական, թե փոփոխություններ տեղի կունենան։

Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, և այդ փոփոխությունները աշխարհում այնպիսի արագությամբ են կատարվում, որ անիմաստ է խոսել մեկ տարի կամ կես տարի առաջ ինչ-որ պլանների մասին։ Տեսաք, որ Ադրբեջանի նախագահի սիրտը չդիմացավ գոնե վեց-յոթ ամիս սպասի, նորից վերարտադրվի։ Արդեն նյարդերը չեն դիմանում սպասելուն, որովհետև ոչ ոք չգիտի, թե վեց-յոթ ամիս հետո ինչ վիճակ է լինելու երկրի շուրջ, երկրի ներսում։Սահմանադրական փոփոխություններով այս համակարգի համար ստեղծվել է այնպիսի հեղհեղուկ իրավական հիմք, որ այն կարող է միայն մեռյալ վիճակում ապրել։ Մեկ ցանկացած ներքին խնդիր, և այս համակարգը կփլուզվի, քանի որ կայունության երաշխիքներ չունի: Բայց գնացել են այդ քայլերին, որովհետև ընդամենը մեկ խնդիր էր դրված՝ Սերժին ցանկացած ձևով պահեն, բայց ցանկացած ձևով պահելը հետո շատ թանկ է նստում, եթե հանկարծակի մի խնդիր առաջացավ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am