Saturday, 18 April 2026

C Center’s Activity

ՌԱՀՀԿ-ում տեղի ունեցավ պրոֆեսոր Հարությունյանի գրքերի շնորհանդեսը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

31 հոկտեմբերի 2018թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երեկ տեղի ունեցավ պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի աշխատասիրությամբ լույս ընծայված գրքերի շնորհանդեսը, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

1 1

«Կարսի մարզը Հայաստանի Հանրապետության կազմում (1919-ի ապրիլ-1920-ի հոկտեմբեր), Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը» վերտառությամբ առաջին գրքում ամփոփված են նախորդ դարասկզբին 18 ամիս Կարսի քաղաքացիական նահանգապետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Ստեփան Ղորղանյանի հիշողությունները: Գեներալը դրանք թղթին էր հանձնել 1921-1922 թվականների ընթացքում, իսկ մեր ազգային պահոցում հայտնվել են 1986-ին:

2 2

Երկրորդ գիրքը՝ «Առաջին Հանրապետություն. Կարսի վերջնախաղը», եւս նույն թեմայի շրջանակում է: Այն 1920թ. Կարսի ուղղությամբ մեր զինված ուժերի կրած պարտություններն ու բերդաքաղաքը առանց դիմադրության քեմալական զորամիավորումներին հանձնելու պատճառները լուսաբանող վերլուծական աշխատություն է:

2

Շնորհանդեսը, որին ներկա էին գիտնական-պատմաբաններ, վերլուծաբաններ, հանրային հատվածի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլք, բացեց ՌԱՀՀԿ խմբագիր Գեւորգ Լալայանը: Այնուհետեւ վերոհիշյալ աշխատությունների մասին գրախոսությամբ հանդես եկավ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը՝ բարձր գնահատելով պրոֆեսոր Հարությունյանի հեղինակած գործերի արժանիքները, որոնք, նրա կարծիքով, շատ կարեւոր են ոչ միայն պատմությունից դասեր քաղելու, այլեւ մեր ապագան կերտելու համար:

3

Ներկայացված գրքերի պատմաճանաչողական նշանակության մասին խոսեցին ինչպես հեղինակն իր երախտագիտական խոսքում, այնպես էլ Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, «Վեմ» հանդեսի խմբագիր Գեւորգ Խուդինյանը, պատմաբան-վերլուծաբան Ռուբեն Նահատակյանը, «Սամվել Սարուխանյան» հիմնադրամի տնօրեն Նորայր Մելքոն-Մելքոնյանը, անկախ վերլուծաբան Լեւոն Գեւորգյանը եւ ուրիշներ իրենց ելույթներում:

1

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.