Ռոբերտ Գրին, «Իշխանության 48 օրենքները», համաշխարհային բեսթսելլեր, 542 էջ, «Դա Վինչի» հրատարակչություն, 2026թ.:
«Իշխանության 48 օրենքները» ժամանակակից դասական գիրք է՝ քաղաքականության, հոգեբանության եւ ռազմավարության հատման սահմանագծում։ Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական ու աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաեւ հասարակության բոլոր շերտերում՝ սկսած հին աշխարհի տիրակալներից մինչեւ նոր ժամանակների գործարարները, քաղաքական գործիչներն ու արվեստագետները։
Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի եւ այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների ու ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի եւ այլոց։
Գիրքը նպատակաուղղված է օգնելու ընթերցողին՝ հասկանալ իշխանության շարժընթացը։ Հեղինակը բացատրում է այն անտեսանելի կողմերը, որոնց միջոցով մարդիկ վերահսկում են իրավիճակները, պահպանում կամ կորցնում իրենց ազդեցությունը։ Բացահայտում է վարքի ու ազդեցության գաղտնի մեխանիզմները՝ սովորեցնելով ընթերցողին դիտարկել աշխարհը ոչ միայն իդեալների, այլեւ ռազմավարական մտածողության տեսանկյունից։
«Իշխանության 48 օրենքները» ե՛ւ գործնական ձեռնարկ է, ե՛ւ փիլիսոփայական մտորում մարդկային բնույթի մասին: Այն հիշեցնում է, որ իրական ուժը սկիզբ է առնում ինքնագիտակցությունից ու չափի զգացումից, այլ ոչ թե իշխելու մոլուցքից։

