Friday, 04 October 2024

A Analysis

Երբ խոսում են տերերը, ճորտերը լռում են

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայ-ռուսական հարաբերությունների մասին այսօր խոսելիս՝ մեր հանրության շրջանում հաճախ անորոշություն է նկատվում, քանզի «թավշյա» հեղափոխությունը դարձել է շրջադարձային մի կետ, որն այդ հարաբերություններում առաջ է բերել նախկինում երկու պետությունների միջեւ եղած փոխառնչությունների տրամաբանությունից դուրս նոր երանգներ: Ինչպես ընդունված է ասել՝ իրավիճակ է փոխվել։ Ուստի ներկայում շատերն են փորձում հասկանալ, թե ի վերջո ինչպիսի վիճակ ու հեռանկար գոյություն ունեն հայ-ռուսական հարաբերություններում։

Մինչ այժմ դրանք պաշտոնապես բնութագրվել են որպես «ռազմավարական», «գործընկերային» կամ «դաշնակցային», սակայն այդ բնութագրիչները թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Հայաստանում կասկածի էին ենթարկվում երկու երկրների անհավասար սուբյեկտայնության ընկալումների պատճառով։ Մեզ համար, սակայն, ոչ այնքան կարեւոր են Հայաստանի սուբյեկտայնության շուրջ Ռուսաստանում եղած ընկալումները, որքան՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի դերի ու նշանակության հետ կապված պատկերացումները, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ռուսաստանի կողմից Հայաստանի հետ միջպետական հարաբերություններ ծավալելու գործում։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը Ռուսաստանի համար նշանակություն ունի վերջինիս կովկասյան քաղաքականության կառուցման համատեքստում։ Այստեղից ուղղակիորեն բխում է, որ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների բնույթը հատկապես կապված է ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթից։ Իրերի դրությունն այնպիսին է, որ Հայաստանի դրկից երկու պետությունները՝ պատմաքաղաքական հսկայական ժառանգությամբ պայմանավորված, կանխորոշում են Ռուսաստանում Հայաստանի դերի ու նշանակության որոշակի ընկալում։ Ըստ այդմ՝ Հայաստանն առավելապես դառնում է Ռուսաստանի՝ որպես Կովկասի տարածաշրջանային հեգեմոնի, խաղարկման օբյեկտը, որից ամեն գնով նա պետք է օգտվի՝ Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու կամ դեպի այդ երկրները ծավալվելու համար։

Նշված հանգամանքը մշտապես որոշակի ազդեցություն է թողել իր պետության անվտանգության ու ինքնիշխանության խնդիրը կենսագործելու՝ հայ ժողովրդի ճանապարհին։ Ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ Ռուսաստանը փորձել է Հայաստանին կախվածության մեջ պահել, որպեսզի նրա հաշվին կարողանա Կովկասում քաղաքականություն վարել ու տարածաշրջանային մյուս սուբյեկտների հետ հարաբերություններ կառուցելու նորանոր հարթակներ գործարկել։ Ասվածի համատեքստում էլ ի հայտ է գալիս Կովկասում ռուսական շահերի առաջմղման հիմնական խոչընդոտի՝ Ղարաբաղի հարցը։ Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող, մարտունակ բանակ ունեցող Արցախը եղել եւ կա Ռուսաստանի կոկորդում մնացած այն ոսկորը, որը տարիներ շարունակ սահմանափակել, իսկ առանձին դեպքերում ի չիք է դարձրել Թուրքիայի եւ այլ երկրների հետ շահային հարաբերություններ կառուցելու՝ Ռուսաստանի հնարավորությունները։

Շատերն են հասկանում, որ Կովկասում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, արդեն երկու տասնամյակ դե-ֆակտո գոյություն չուներ։ Բայց որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանն այդ տարիներին շարունակել է որոշակի կշիռ ունենալ արտաքին աշխարհում, քանզի նրա ինքնիշխանությունն իրացվել է անուղղակիորեն՝ պայմանավորված ԼՂՀ-ի գոյությամբ ու ղարաբաղյան բանակի մարտունակությամբ։

Երկու տասնամյակ առաջ հենց ղարաբաղյան գործոնի չեզոքացման խնդիրն էր ընկած Ռուսաստանի կովկասյան քաղաքականության հիմքում։ Եվ այդ խնդիրը տարիներ առաջ լուծվեց Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս բերելու միջոցով։ Դրանից հետո տեխնիկայի հարց էր պաշտոնական Երեւանի խամաճիկային վարչակազմերի հնազանդությամբ հայության շահերի հաշվին թուրքական աշխարհի հետ առեւտուրը (Հայաստանը շրջանցող էներգետիկ նախագծեր, հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, քառօրյա պատերազմ եւ այլն)։ Բերված փաստարկները վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմնաքարը Արցախն է։ Դա է նաեւ Կովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանափակման թեման, Կրեմլի աքիլեսյան գարշապարը, որից նա ցանկանում էր ձերբազատվել անցած երկու տասնամյակում։

Այժմ արդեն պաշտոնական Երեւանի քաղաքականության հիմքում միանշանակ ամրագրվել է Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու ուղեգիծը։ Միաժամանակ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավոր Աշոտյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավել մանրամասնեց իր այն հայտարարությունը, թե նախկին իշխանությունները, բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել։ «Մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձեւակերպվեր եւ երաշխավորվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Վերջին տարիներին որքան մենք մոտեցել ենք 2018 թվականին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել։ Այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ժառանգություն եմ ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետեւյալը. պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»,- նշել էր Փաշինյանը։

Այստեղ հարկ է նաեւ ներկայացնել սեպտեմբերի 10-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականին Փաշինյանի տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ լրագրողը մատնանշում է, թե իբր հայկական կողմն է անգամ ընդունում յոթ շրջանների պատկանելությունը Ադրբեջանին, «բայց վերադարձնելու հարցում առաջխաղացում չկա», ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասում է, որ ըստ ԼՂՀ Սահմանադրության, այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի մի մասն են։

Հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ միմյանց շահերն ու ինքնիշխանությունը հարգելու մասին ՀՀ վարչապետի խոսքերը։

«Վստահ եմ, որ  այդ հարցերը կլուծվեն մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա»,- նշել էր Փաշինյանը: 

Ինչպես կարելի է նկատել, որ տարիներ առաջ բանակցային գործընթացում Ղարաբաղին մղելով դեպի անհայտություն, ՀՀ-ն կորցրել էր իր սուբյեկտայնությունը արտաքին աշխարհում։ Ու այսօր հենց Ղարաբաղի միջոցով է, որ հայ-ռուսական եւ, ընդհանրապես, միջազգային հարաբերություններում Հայաստանը վերադարձնում է իր կորսված ինքնիշխանությունը։ Նախկինում երբեք պաշտոնական Երեւանը չէր խոսել ուժի ու իրավունքի դիրքերից, չէր վկայակոչել ազատագրված տարածքների պատկանելությունը Արցախին։ Մի հսկա կայսրություն քսան տարի ամեն ջանք ներդրել էր, որպեսզի մոռացության մատնվի Ղարաբաղը։ Սակայն նույն Ղարաբաղի միջոցով մեր երեսնամյա պատմության ընթացքում արդեն երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետությունը վերագտնում է իր ինքնիշխանությունը։ 

Նման իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունների անկման մասին խոսելը, ինչը նկատվում է մեզանում խամաճիկային որոշ շրջանակներում, ընդամենը տգիտության, վախի կամ անձնական շահագրգռվածության ցուցադրություն է: Այդ մարդիկ այդպես էլ մնացին սեփական աշխարհայացքի նեղ «պատյանում», որի ներսում քծնանքից, ստորաքարշությունից ու խորամանկությունից բացի ոչինչ չկա: Մարդիկ, որոնց կուռքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով իր վերջին հարցազրույցներից մեկում, որպես աշխարհակործան իրողություն է բնորոշում գործող վարչապետի ռուսական քաղաքականությունը՝ նշելով, թե Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այդկերպ խոսել։ Դե, իհարկե, ճորտի մտածելակերպ ունեցող մարդկանց համար իսկապես անընկալելի է Ռուսաստանի հետ՝ ինչպես հավասարը հավասարի, հարաբերվելու նման կերպը։ Խամաճիկների այս տեսակը բոլորովին այլ բանաձեւով է ապրում եւ գործում: Այն շատ լակոնիկ է. «Երբ խոսում են տերերը՝ ճորտերը լռում են»:

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.