Friday, 04 October 2024

A Analysis

Իշխանությունը չզիջելու իրավունքը

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Նիկոլո Մաքիավելիից սկսած՝ քաղաքականությունն առավելապես դիտարկվում է որպես հարաբերությունների ու գործողությունների այնպիսի ոլորտ, որին բնորոշ է քաղաքական սուբյեկտների շահերի բարդ փոխազդեցությունը եւ որտեղ հիմնական շահը իշխանության նվաճումն ու պահպանումն է։ Քաղաքագիտական տեսանկյունից մեկնաբանվում է, որ հենց այդ շահն է ստիպում ստի, կեղծիքի, խաբեության կիրառությունը քաղաքական գործիչների կողմից։

Հայաստանի վերջին երեսնամյա շրջանում գրեթե բոլոր քաղաքական խմբերի ու գործիչների մտքում, եթե մի կողմ թողնենք ցուցաբերած կեղծ բարեպաշտությունը, ապա եղել է երկու սեւեռուն ինքնանպատակ՝ ինչպես «վերցնել իշխանությունը» եւ ինչպես «պահել իշխանությունը»։ Ու այդ տեսանկյունից նրանք երբեք չեն խորշել հանրային միտքն ապակողմնորոշող քաղաքական տարբեր խաբեությունների դիմելուց։ Ընդհանրապես՝ աշխարհում ամենամեծ քաղաքական խարդավանքները կատարվում են՝ խաղալով հանրության զգացմունքների ամենանուրբ լարերի վրա։ Դրանք, առաջին հերթին, վերաբերում են բոլոր այն խնդիրներին, որոնք կապված են պետության ու ժողովրդի անվտանգության հետ։ Այդ իմաստով արտաքին թշնամու կերպարի ուռճացումը, պատերազմի սարսափի սփռումը բավական մեծ տարածում գտած հնարք են իշխանական մրցավազքի մեջ։

Հայ իրականության մեջ եւս հանրության շրջանում քաղաքական մրցակիցների ունեցած վստահությունը խաթարելու համար այնպիսի վախճանաբանական (էսխատոլոգիական) թեզերի շրջանառությունը, որոնք կապված են պետության ապաշնորհ կառավարման արդյունքում արտաքին անվտանգության համակարգի փլուզման, պատերազմի վերսկսման, պետության կործանման եւ նման այլ հետեւանքների հետ, մինչեւ այսօր լայն կիրառում ունեցող հնարքներ են։ Ցանկացած իշխանության լեգիտիմություն հիմնվում է դրա կրողների հանրային հեղինակության վրա։ Ուստի կառավարչական լծակներ ձեռք բերելու կամ պահելու նպատակով քաղաքական խմբավորումների՝ երկրի հանդեպ ունեցած սեփական մեծ առաքելությունը ցուցադրող, ու դրա հետ մեկտեղ մրցակից խմբավորումների՝ պետությունը կործանող կամ քայքայող գործողությունների հիմնավորումները դարձել են մեզանում անառողջ քաղաքական պայքարի վկայություն։

Այդ մարտավարությունը տարիներ շարունակ շատ հաջող կիրառում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, երբ հիմնավորում էին, թե ինչու իրենք չպետք է զիջեն պետական կառավարման լծակները որեւէ այլ ուժի եւ թե ինչու բոլոր ճանապարհներն առաջիկա տասը տարիներին պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով։ Անգամ 2018թ. մայիսի 1-ին, երբ հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանը, եւ Հանրապետական կուսակցությունը վերջին ճիգերն էր գործադրում՝ պահպանելու իր քաղաքական իշխանությունը երկրում, պետության կառավարման համակարգը յուրացրած այդ վարչակազմի ներկայացուցիչները վկայակոչում էին հենց այն թեզը, որ քաղաքական այլ ուժի կողմից կառավարման լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու դեպքում պետության անվտանգությանն ու գոյությանը մեծ վտանգ է սպառնալու։ Նույն օրը Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի ամբիոնից մասնավորապես հայտարարել է. «Կործանարար եմ համարում այն մոտեցումը, երբ որ առկա աշխարհաքաղաքական պայմանների պարագայում մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որը ինձ համար անձամբ Հայաստանի ավարտի սկիզբն է։ Ես չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը, ով դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի կործանման պատճառ կամ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետը: ...Կարծում եմ՝ մենք հայրենիք զիջելու իրավունք չունենք։ Ու խնդիրը բացարձակապես պարոն Նիկոլ Փաշինյանը չէ»[1]։

Իսկ ի՞նչ է փոխվել ներկայում։ Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացրեց իր 5-րդ համաժողովը։ Որպես արդեն կառավարման լծակներն իր ձեռքում կենտրոնացրած ուժ՝ «ՔՊ»-ն առաջին անգամ էր համագումար անցկացնում եւ սպասելի էր, որ կհնչեին այնպիսի թեզեր, որոնք մի նոր նշաձող պիտի սահմանեին՝ զերծ նախկին մանիպուլյացիաներից ու կեղծ օրակարգերից։ Սակայն համագումարի ժամանակ շատ քաղաքացիների ուշադրությունը գրավեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը, որտեղ նա, նախկին վարչակազմերի «լավագույն» ավանդույթները պահպանելով, չվարանեց կրկին շրջանառության մեջ դնել նույն այն հիմնավորումները, որոնք այդ կուսակցության դեմ առնվազն վերջին մեկ տարում պարբերաբար օգտագործել են Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերը։

«Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այս պատերազմում կարելի էր եւ պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, եւ սեղանին բոլորովին այլ բան է դրված։ …Պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, ոչ թե այս կուսակցությանը, պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետության հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»,- ասել է ԱԺ նախագահը[2]:

Արարատ Միրզոյանի վերը բերված խոսքը կարելի է դիտարկել կառավարող ուժի կողմից շրջանառության մեջ դրված՝ քաղաքական դաշտը սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանող ուղեգծի շրջանակում։ Սակայն իրականում այդ խոսքն առավելապես այն մասին է, որ մեզանում չկա քաղաքական այնպիսի միտք, որը վեր կկանգներ նախկին կաղապարներից ու կսահմաներ պետության զարգացման հստակ ուղենիշներ։ Քաղաքական գործիչների ողջ միտքն ուղղված է խորը թաքցված մի ցանկության բավարարմանը՝ քաղաքական իշխանություն ունենալու եւ այն պահելու վրա։

Եվ երբ չկան քաղաքական իրական ծրագրեր ու դրանց վրա կառուցված օրակարգեր, քաղաքական գործիչները ստիպված են լինում վերադառնալ քաղաքական գերիշխող մշակույթի կողմից իրենց փոխանցված ու ծանոթ թեզերին՝ պաշտպանելու համար իշխանության մոտիվը, միակ բանը, որ դրված է սեփական ենթագիտակցության մեջ։ Հենց այդ վնասակար թեզերի միջոցով են գեներացվում կեղծ օրակարգերը Հայաստանում։ Եվ արդյունքում տեղի է ունենում կեղծ թիրախների նշանառություն, պայքարի իմիտացիա եւ սեփական արժեքի գերագնահատում։ Սա է պատճառը, որ Հայաստանում որքան բարձր են խոսում համամարդկային արժեքներից, գերնպատակներից ու գերկարողություններից, այնքան մեծ է հավանականությունը, որ գործ ունենք ճղճիմ, ինտրիգներով լեցուն քաղաքական դեմագոգիայի հետ։ Մնացյալը՝ տնտեսական առաջընթաց, բարեփոխումներ, կենսամակարդակի աճ, ներդրումային հեռանկարներ եւ այլն, սոսկ գեղեցիկ փաթեթավորումներ են:

Սարո Սարոյան

 

Հղումներ՝

[1]

[2]

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.