Friday, 04 October 2024

A Analysis

Զուգահեռ ապրած հերոսներ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Վերջին օրերին մեր հանրությունը շոկ ապրեց, երբ տեսավ Արցախյան պատերազմի հերոսին` իր ողջ «մերկությամբ»: Ցասումը պատել էր մարդկանց, քանզի ամեն կուռք իր պատվանդանից վայր ընկնելիս` տակնուվրա է անում մարդկանց սրտերը:

Այսօր շատերը կարող են ասել, որ Մանվել Գրիգորյանն իրենց հերոսը չի եղել: Ոմանք հակված են միայն ընդունել ինչ-որ ուժերի կողմից իրենց փաթաթված տեսակետների, կարծիքների ու համոզմունքների ազդեցությունը: Ու այդ տեսանկյունից, եթե գնահատելու լինենք, յուրաքանչյուրը կարող է պատասխանատվություն չկրել հեռուստամեդիայի, մամուլի, էլեկտրոնային կայքերի, սոցիալական ցանցերի կամ տարբեր «հեղինակությունների» կողմից երբեւէ իրեն պարտադրված կաղապարների ու հայացքների  համար: Չէ՞ որ առավելապես քննարկում ենք այն, ինչը մեզ հրամցվում է լրատվամիջոցներով:

Սակայն դրանով ճշմարտությունից հեռու չես փախչի: Փաստն այն է, որ Մանվել Գրիգորյանի նկարը կախված էր պատերազմի հերոսների նկարների կողքին բոլոր հնարավոր տեղերում: Այդ մարդն առայժմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման կրողն է, մոտ երկու տասնամյակ, առանց լուրջ խոչընդոտների, նա ղեկավարում էր մի կառույց, որը միավորում էր հազարավոր ազատամարտիկների, տարիներ շարունակ սիրով իրենց երեխաներին նրա ղեկավարած կառույցի մեջ ընդգրկում էին շատ ծնողներ, իսկ մի քանի ամիս առաջ իրենց տանը սեղան կգցեին ու նրան, որպես անվանի զորավարի, պատրաստակամորեն կհյուրընկալեին մեր հայրենակիցներից շատերը:

Որպեսզի հնարավոր լինի ընկալել հարցի բարդությունը եւ որպեսզի շատերը չխուսափեն կեղծ հերոսի ընկալման իրենց պատասխանատվությունից, կարելի է մի պահ վերանալ Մանվելի կերպարից ու նայել ընդունված այլ հերոսների կերպարներին` լինեն նրանք ողջ, թե մեռած: Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են կուրծք ծեծել ի պաշտպանություն իրենց կուսակցական կուռքի, պախարակել «սպարապետ», «կամանդույուշչի», «թագավոր» կամ այլ պատվանուն կրող անձանց դեմ քննադատաբար հանդես եկողներին, պնդել, որ հերոսը նա է, ով կարողացել է հաղթել հակահերոսին եւ այլն:

Հայության մեջ հերոսի ընկալման խնդիրը հենց այն հիմքն է, որն անարդարությունների ծավալման միջավայրն է ստեղծում: Մեզանում հերոսը՝ դա կեղծ հեղինակությունն է: Գիտական լուրջ նվաճումներ ունեցած գիտնականը երբեք հերոս չի դառնա, քանզի նա չի ընկալվում որպես հեղինակություն: Հեղինակությունները կոնկրետ ֆիզիկական ուժի կրողներն ու զենքի զորությունը կիրառողներն են` նրանք, ովքեր բռնություն կիրառելու հնարավորություն ունեն: Մեծ է հերոսի փառքը, երբ հիմնված է վախի ու սարսափի վրա, նույնքան մեծ է հերոսի փառքը, երբ հիմնված է բռնության հնարավորության, բայց միաժամանակ այն չկիրառելու երախտիքի վրա: Հեղինակություններ են դառնում նաեւ նրանք, ովքեր իրենց ցուցամոլությամբ, հայհոյանքների ու ցինիզմի շնորհիվ կարող են հոգեբանական բռնություն կիրառել կամ իրական բռնության հնարավորությունը ցույց տալ իրենց շրջապատում:

Պլուտարքոսն իր «Զուգակշիռք» աշխատությունը գրելուց հետո ոչ միայն հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Հին աշխարհի պատմական հերոսների կերպարներին ու գործունեությանը, այլեւ գիտական մեթոդաբանության մի ուրույն ճյուղի սկզբնավորողը դարձավ: Մինչ օրս համեմատական վերլուծությունը կարողանում է հենց Պլուտարքոսի մեթոդաբանական մոտեցումների շնորհիվ գնահատել անհատներին ու նրանց գործերը: Հնադարի այդ կարկառուն գիտնականը, սակայն, ոչ թե հանդես էր գալիս հերոս-հակահերոս տրամաբանական զուգահեռներով, այլ Հին հույն գործիչներին Հին Հռոմի գործիչների հետ համեմատելով, փորձում էր յուրաքանչյուրի կյանքի ու գործունեության առանձնահատուկ դրվագների միջոցով նրանց առավել խորքային կերպարները բացահայտել: Այդ մեթոդաբանությունը մեզ կօգնի յուրովի նայել հայաստանյան հանրային-քաղաքական կյանքի ներկայիս խութերին ու երկու զուգահեռ Հայաստանների համաժամանակյա գոյությամբ` իրենց դրսեւորած մարդկանց համեմատականներով, փորձել հասկանալ, թե որն է իրական հերոսի կերպարը:  

Մանվելը, իբրեւ միջնադարից պահպանված բռի քոչվորի յուրահատուկ մի նմուշ, ապրում էր մեր մեջ ու արդեն քառորդ դար զբաղված էր պետության ու ազգի թալանով: Թալանը ապապետական երեւույթ է, որը բնորոշ է հատկապես քոչվոր ցեղերին: Վերջիններիս համար թալանը վարքի ընդունելի ու խրախուսելի նորմա է` մտած այն կենսակերպի մեջ, երբ մոբիլ խմբերով նրանք ստիպված են տեղից տեղ շարժվել: Այդպիսի քոչվորների իրականացրած թալանը նման է բնության այն արհավիրքին, երբ մորեխների հոծ խմբերը շարժվում են մի տարածաշրջանից դեպի մյուսը, որպեսզի հագուրդ տան իրենց ախորժակին: Եվ ինչպես բուսական աշխարհն անխնա ոչնչացնող մորեխների «արշավանքներից» հետո ամայություն է տիրում բնության մեջ, ու մի քանի տարի է պահանջվում, որպեսզի բնությունը վերականգնվի, այդպես էլ մարդկային կերպարանքով մորեխները, հայտնվելով որեւէ տարածքում, վաշտեր ու գնդեր կազմած՝ «սրբում», ամայացնում են հանրային բոլոր ոլորտները: Մանվելն այդ «մորեխների» պարագլուխներից մեկն էր` ամենից տռզածն ու անկուշտը:

Սույն հերոսն այն անձն է, ով իր ջոկատներով` սկսած 1993-ից, թալանում էր Արցախ աշխարհի ազատագրված մերձարաքսյան շրջանները` տանելով այդտեղ եղած ամեն բարիք: Այդ տարածքներում դեռեւս ոչ ոք չի բնակվում` ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Նույն այդ շրջանում` 1993-1994թթ. ձմռան ամիսներին, Հորադիզ բնակավայրի ու կայարանի համար մղված մարտերում նրա հրամանատարության տակ եղած հարյուրավոր անփորձ հայորդիներ իրենց կյանքով էին հատուցում այդ հերոսի ագահությունների համար: Իսկ 1994թ. գարնանը ռազմաճակատի ամենապատասխանատու հատվածում` Մարտակերտում, որպես հայկական զորքերի հարձակողական գործողությունների համար անմիջական պատասխանատու հրամանատար, նա` նոր գյուղեր թալանելու մոլուցքով տարված, պատուհաս դարձավ ռազմական մի ողջ օպերացիա տապալելու գործում: Հայկական ուժերը կարողացան ազատագրել միայն մի քանի գյուղ` տալով բազմաթիվ զոհեր ու կանգնելով այն փաստի առջեւ, որ այլեւս չէին կարող դեպի Միր-Բաշիր ու Թարթառ շարժվելու հոյակապ մշակված ծրագիրը կյանքի կոչել: Դրանից օրեր անց պատերազմն ավարտվեց բոլորիս հայտնի զինադադարի կնքմամբ:

Հետագա տարիներին Մանվելի «հերոսական» գործունեության մասին ժողովրդի շրջանում եղան բազում խոսակցություններ: Գերիներ, պատանդներ, ստրկացված մի ամբողջ շրջան ու հոգեւոր մայրաքաղաք, բազում հանցագործություններ, որոնց մասին միգուցեեւ հանրությունը երբեք չիմանա: Սակայն այն, ինչ տեսավ մեր հանրությունն այս օրերին իրավապահ մարմինների բացահայտումների արդյունքում, բավարար է՝ իր պանծալի զորավարի «հերոսությունների» մասին պատկերացում կազմելու համար:

Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կյանքի ու գործունեության վերջին էջը փակելու ժամանակ հայ ժողովրդի տեսադաշտից գրեթե աննկատ մնաց մեկ այլ հայորդու կյանքի ու գործունեության վերջին էջը: Հունիսի 17-ին մահացավ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը: Այս օրերին վերջինս` որպես հերոս, ընդունվեց շատ քիչ թվով մարդկանց մտքերում:

Իգոր Մուրադյանը մնաց շատերի համար անհայտ գործիչ: Մինչ օրս շատերը չեն հասկանում, թե ինչ կերպար էր նա: Եվ հարկ կա իսկապես ներկայացնելու անսպառ եռանդի տեր, անկաշառ, չափազանց սկզբունքային այդ գործչին, ով հայ ժողովրդի քաղաքական իղձերը կարողանում էր վերածել նպատակների, ապաեւ` ծրագրերի: Նա այն անձնավորությունն էր, ով առաջինն էր քայլն անում, երբ տեսնում էր, որ բոլորի մեջ վախ կա ներկայացված ծրագրի կապակցությամբ կամ չի ընկալվում այն: Նրա համար` որպես վառ արտահայտված հեղափոխական գործչի, փակ դռներ, հեղինակավոր դեմքեր, անհնար գործեր չկային: Հզոր ինտելեկտուալ էր, կարողանում էր արագ գլուխ հանել ամենախճճված իրավիճակներից ու երբեմն սարսափ առաջացնող որոշումներ կայացնել: Սկզբունքի ու գաղափարի մարդ էր, ով արհամարհում էր նյութականը եւ բավարարվում ցամաք հացով, երբ թախտի մեջ հարյուրավոր ռուբլիներ էին հավաքված, եւ ինքը պետք է դրանք ուղարկեր Արցախ կամ Արցախյան շարժման հաջողության գործին ծառայեցներ:

Իգորին չէին սիրում, իսկ շատ դեպքերում ատում էին բացառապես նրանք, ովքեր քաղաքական ախոյան էին տեսնում նրա մեջ: ՀՀՇ-ի չափավոր հարմարվողական եւ Իգոր Մուրադյանի հեղափոխական քաղաքական գծերը մշտապես հակադրվում էին: Այդ պատճառով Իգորը լուսանցք էր մղվում, քանզի չափավոր հարմարվողականությունը ձեռնտու էր արտաքին ու ներքին քաղաքական մյուս բոլոր սուբյեկտներին, իսկ հեղափոխականությունն անկասելի է, երբ ունի համաժողովրդական աջակցություն: Հետագա հանցավոր վարչակազմերի համար նույնպես Իգորը մնաց թշնամի, քանզի ոչ մի պարամետրով չէր տեղավորվում նրանց գծած քաղաքական կաղապարների մեջ: Կյանքի վերջին երկու ամիսներին անկողնային հիվանդ չլիներ ու չգտնվեր Հայաստանից շատ հեռու, անպայման փողոց դուրս կգար, բոլորի հետ կկանգներ ոստիկանների դեմհանդիման, որովհետեւ ինքը եւ ցանկացած ժողովրդական հեղափոխություն մի դեմք ունեին: Նա շտապեց գալ հեղափոխական Հայաստան, որ գոնե այստեղ կնքեր իր մահկանացուն` ինչպես հեղափոխության ժամանակ կվարվեր իր կյանքը հանուն հաղթանակի տալու պատրաստ ցանկացած իսկական հեղափոխական: Վերադառնալով Հայաստան, հաշվված ժամեր ապրեց` մտքում, թերեւս, ունենալով այն համոզմունքը, որ հայ ժողովրդի իրավունքների համար 1987-1988թթ. իր սկսած պայքարը, 30 տարի անց, «թավշյա» հեղափոխությամբ այլեւս բարեհաջող ավարտված է, իսկ զարգացման ուղին բռնած Հայաստանը` իրողություն:

Իգորի թաղմանը քչերը ներկա գտնվեցին` երիտասարդներ ընդհանրապես չկային, բացի բանտից նոր ազատված Գեւորգ Սաֆարյանից ու Արամ Մանուկյանից: Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում «Արցախի հերոս», բայց միեւնույն ժամանակ հայ ազգի հակահերոս դարձած Մանվել Գրիգորյանն էր, եւ հեռուստաընկերությունները գրեթե լռության մատնեցին Իգոր Մուրադյանի մահվան ու Եռաբլուրում ամփոփվելու փաստը:

Այսօր յուրաքանչյուրը կարող է պատասխանատվություն չկրել հեռուստամեդիայի, մամուլի, էլեկտրոնային կայքերի, սոցիալական ցանցերի կամ տարբեր «հեղինակությունների» կողմից երբեւէ իրեն պարտադրված կաղապարների ու հայացքների  համար: Բոլորս ապրում ենք մեկ օրվա ընթացքում հերոսից հակահերոսի վերածված Մանվել Գրիգորյանի կերպարն ու գործերը քննարկելով եւ, իհարկե, կարելի է չշեղվել այդ կարեւոր գործից: Սակայն դրանով ճշմարտությունից հեռու չես փախչի: Փաստն այն է, որ 1988թ. Ղարաբաղյան շարժումը հիմնադրեց, կոմունիստական վարչակարգին դեմ գնաց, հարյուր հազարներին հրապարակ դուրս բերեց ու հանուն ազգային իրավունքների համաժողովրդական պայքարը ղեկավարեց բոլորովին այլ որակներ ունեցող մի մարդ՝ անկաշառ, սկզբունքային ու պարկեշտ, ով հետագա տարիներին էլ հեղինակեց տասնյակ գրքեր ու հազարավոր հոդվածներ: Մեծ գործեր կատարած ու մեծ մտապաշար ամբարած անհատն ապրեց հիրավի հերոսական կյանքով` առանց ցուցամոլության, համեստորեն: Եվ հեռացավ լուռումունջ, մի տեսակ ինքնամփոփ ու աննկատ:

Այդպիսին էին երկու տարբեր Հայաստաններում ապրած մեր հերոսները:

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.