Friday, 04 October 2024

A Analysis

Կհաջողվի՞ խուսափել «ատոմացված» հանրության վտանգից

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայաստանի քաղաքական կյանքը վերջին ամիսներին որոշակի փոխակերպումների է ենթարկվում, ինչը, ըստ երեւույթին, պայմանավորված է հեղափոխությունից հետո երկրի քաղաքական անցուդարձին մասնակից շատ անձանց՝ սոցիալական նոր դեր ստանձնելու կամ նոր իրավիճակին հարմարվելու հանգամանքով։ Տարիների փորձառություն ունեցող առանձին պաշտոնյաներ, երբեմն ակամայից, ստիպված են մասնակիցը դառնալու բոլորովին այլ մշակույթի կրող անձանց կողմից պետական համակարգ ներմուծված վարքի նորմաները շրջանառելու գործընթացին։ Կարծես թե նոր քաղաքական իրավիճակում նման վարվելաձեւն արդարացված է, անգամ՝ մոդայիկ։ Այդ տեսակետից տիպական օրինակ է ամիսներ առաջ «բլոտ» կոչվող թղթախաղի շուրջ պաշտպանության նախարարի հետ նորանշանակ պաշտոնյաների «սելֆին», որը տիրաժավորել էին սոցիալական ցանցերը։

Փորձառու պաշտոնյաների նշված վարքագծի հետ մեկտեղ` պետք է ուշադրություն դարձնել նաեւ սոցիալական նոր դերի մեջ մտած եւ օրենսդիր ու գործադիր իշխանություններին նոր ավյուն հաղորդած պաշտոնյաների քաղաքական պահվածքին։ Առանձին անձանց դեպքում աչքի է զարնում անգամ քաղաքական որոշակի կերպարի հետեւելու ցանկությունը, օրինակ՝ բեղ-մորուք պահելը։

Նորանշանակ պաշտոնյաների քաղաքական մշակույթում կա նաեւ վարքագծի մի էական փոփոխություն։ Վերջիններս՝ եթե սկզբնական շրջանում սոցցանցերում որոշակի ակտիվություն ցուցաբերում էին, ապա վերջին ամիսներին նկատվում է զգուշավորություն սեփական հրապարակային խոսքի նկատմամբ։ Սակայն շփման սահմանափակությունները, որոնք դրվել են պաշտոնյաների հանրային կյանքի մասնակցության հիմքում, ունեն ոչ միայն քաղաքական բացատրություն։ Ակնհայտ է, որ պետական կառավարման փորձ չունեցող շատ պաշտոնյաներ հանրային հարթակներում երեւալուց խուսափում են ոչ միայն մտքի ու խոսքի սայթաքումներ թույլ չտալու կամ գործից անտեղյակ մարդու տպավորություն չթողնելու մտավախությունից ելնելով, այլեւ այն պատճառով, որ չունեն հանրային կյանքին մասնակցելու ներքին մղում։ Հենց այս խնդիրն է, որ կարիք ունի լրացուցիչ ուշադրության։

Հանրությունը մի օրգանիզմ է, որում յուրաքանչյուր անհատ դրսեւորվում է սոցիալական տարբեր դերերի միջոցով։ Քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող անհատի, առավել եւս պաշտոնյայի դեպքում նրա սոցիալական կարգավիճակը վարքի որոշակի տիպօրինակներ (մոդելներ) է ստեղծում։ Այլ կերպ ասած` կախված հանգամանքից, թե տվյալ սոցիալական կարգավիճակի վերաբերյալ ինչպիսի ընկալում ունի մարդկանց մեծամասնությունը, ըստ այդմ էլ անհատների մեջ ձեւավորվում են վարքի որոշակի տիպօրինակներ։ Իսկ այդ գործում մեծ դեր են խաղում հանրության մեջ եղած արժեքային կարծրատիպերը։ Մեզանում դեռեւս պահպանվում են արխայիկ պատկերացումներ, թե պաշտոնը սոցիալական ավելի բարձր կարգավիճակ է, ինչը հանրության անպաշտոն զանգվածի նկատմամբ առավելություն է ենթադրում:

Հետաքրքիր է, որ նույն հանրային ընկալումը գոյություն ունի նաեւ կուսակցական գործունեության դեպքում։ Ընդդիմադիր շատ կուսակցականներ այսօր ցանկություն չունեն վերաբերմունք հայտնել իրենց կարգավիճակից տարբերվող սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց առօրյա շարժերի նկատմամբ։ Ընդդիմադիր երիտասարդ կուսակցականների գերակշիռ մեծամասնությունը շատ դեպքերում իրեն «նեղություն» չի տալիս անգամ մասնակիցը դառնալ մյուս քաղաքացիների նախաձեռնած քննարկումներին կամ հասարակական կյանքում ցուցաբերած այլ դրսեւորումներին, քանի որ նման արձագանքը դիտարկում է որպես զբաղեցրած հանրային դիրքի նսեմացում։ Սա արժեքային լուրջ հիմնախնդիր է, որը հակոտնյա է ժողովրդական հեղափոխության հետապնդած գաղափարներին ու նպատակներին։

Երկրում չի կարող լինել հանրային համերաշխություն, եթե հասարակության ներսում կան շերտեր, որոնք իրենց ավելի բարձր են դասում մյուսներից։ Անթույլատրելի է, որ սիրո եւ հանդուրժողականության կարգախոսներով իրականացված հեղափոխության արդյունքում առավել խորանան անցյալից փոխանցված էլիտիզմի դրսեւորումները։ Ցանկացած հեղափոխություն առաջին հերթին հանրության մեջ եղած արժեքների փոփոխություն է ենթադրում։ Սակայն ներկայում առանձին անհատներ, որքան էլ փորձեն իրենք իրենց հավատացնել, թե նոր սոցիալական կարգավիճակն իրենց վրա բացասական հետեւանքներ չի ունեցել, միեւնույն է, կամա թե ակամա, տուրք են տալիս նման երեւույթների։ Ընդ որում, ակնհայտ է, որ դա պայմանավորված է պետության ու նրա ինստիտուտների մասին այդ անձանց արխայիկ պատկերացումներով, ինչպես նաեւ նախկինում նրանց մեջ ծածուկ պահպանված շատ արատներով, որոնք նպաստավոր իրավիճակի պատեհությամբ թելադրված՝ դուրս են գալիս «ջրի երես»։

Ոչ մի քննադատություն, դիտողություն կամ սխալների մատնանշում չեն կարող բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց քաղաքական վարքի վրա, եթե այդ մարդիկ իրենց մեծամտությամբ, դիրքով այլեւս կարիք չունեն լայն աջակցության եւ հակված են կամովին մեկուսանալ հանրային կյանքից։ Ցավալի կլինի հետեւել, թե ինչպես են քաղաքական կյանքի փոխակերպումներն այսուհետ եւս ընթանում մի ճանապարհով, որտեղ քաղաքական դաշտի դերակատարներն առանձնանում են ըստ սեփական անձի մասին ունեցած գերչափազանցված պատկերացումների։ Մեծամիտ քաղաքական դասը ապագայում «ատոմացված» հանրության փոխակերպվելու վտանգներ է կրում իր մեջ։ Հեղափոխության ծնունդ հանդիսացող սեր, միասնություն եւ հանդուրժողականություն հասկացություններն ամենից արագ կարող են ոչնչացվել հենց մարտնչող տգիտության ու մեծամտության հետեւանքով։ Հուսով եմ` սույն տողերը կարդացող Հայաստանի քաղաքական ընտրանին կկարողանա նաեւ իրեն տեսնել այս հոդվածում եւ կփորձի հետագա գործունեության մեջ ապացուցել, որ պաշտոնը կամ ֆորմալ քաղաքական դիրքը ի վիճակի չեղան իրեն փոխել վերջին մեկ տարվա ընթացքում։

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.